Զուտ մոնոպոլիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զուտ (մաքուր) մոնոպոլիա, ոչ կատարյալ մրցակցության ձև, որի դեպքում տվյալ ճյուղի բարիքն արտադրվում է միայն մեկ ֆիրմայի կողմից։ Զուտ մոնոպոլիայի դեպքում առկա է գնի նկատմամբ ամբողջական վերահսկողություն և տվյալ ճյուղ մուտք գործելու լիակատար արգելափակում։ Դրա պատճառներն են՝

  1. Զուտ մոնոպոլիան կարող է միավոր բարիքն արտադրել նվազագույն ծախսերով՝ օգտվելով մասշտաբի էֆեկտից։
  2. Որևէ փոքր ֆիրմա չի կարող ձեռք բերել խոշոր չափերի ֆինանսական միջոցներ, որպեսզի կազմակերպի մեծ ծավալի արտադրություն։
  3. Գների ամբողջական վերահսկողության միջոցով զուտ մոնոպոլիան ցանկացած պահի կարող է գինը նվազեցնել այնքան, որ ցանկացած ֆիրմա, ով կցանկանա մուտք գործել շուկա, չկարողանա դիմակայել մրցակցությանը։
  4. Այլ ոլորտներում բնական մոնոպոլիաների առկայությունը։
  5. Չվերարտադրվող ռեսուրսների նկատմամբ սեփականության իրավունքի առկայությունը, որը ստեղծում է մոնոպոլ դիրք։
  6. Արտոնագրերի, հավաստագրերի առկայությունը, ինչպես նաև դրանց միջոցով գիտական նյութերի նկատմամբ հեղինակային իրավունքի պաշտպանությունը։
  7. Ոչ ազնիվ մրցակցության մեթոդների կիրառումը։

Գինը, պահանջարկը և շահույթը զուտ մոնոպոլիայի պայմաններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև զուտ մոնոպոլիայի պայմաններում գինն ամբողջությամբ վերահսկվում է, սակայն մոնոպոլիստը չի կարող սահմանել ցանկացած մոնոպոլ գին։ Մոնոպոլ ֆիրման ձգտում է առավելագույնի հասցնել իր շահույթի մակարդակը, որը հնարավոր է միայն բարիքի համապատասխան քանակության, այսինքն՝ պահանջարկի առկայության դեպքում։ Քանի որ պահանջարկը կախված է գնից, մոնոպոլիստը անհրաժեշտ պահանջարկ ձևավորելու համար պետք է սահմանի գնի համապատասխան մակարդակ։ Սա նշանակում է, որ մոնոպոլիստի միակ «մրցակիցը» սպառողն է, որն էլ ստիպում է նրան նվազեցնել գինը։

Զուտ մոնոպոլ կարգավիճակ ունեցող ընկերությունը պետք է գտնի գնի այն մակարդակը, որը կապահովի բարիքի պահանջարկ, հետևապես և իրացում, որի պայմաններում կունենա առավելագույն շահույթ։ Ոչ կատարյալ մրցակցության դեպքում ֆիրման «գին փնտրող է», սակայն քանի որ այն չունի մրցակից, և առկա է կապիտալի ազատ հոսքի արգելափակում տվյալ ճյուղ, նա կարողանում է գնի փոփոխման միջոցով բարիքի իրացումը հասցնել այն մակարդակին, որը կապահովի առավելագույն շահույթ։

Պահանջարկի կորն ունի բացասական թեքություն, որին համապատասխանում է ճկունության որոշակի մակարդակ։ Սակայն որոշ դեպքերում զուտ մոնոպոլիայի պայմաններում պահանջարկի կորը կարող է լինել ոչ առաձգական, որը նշանակում է՝ անգամ բարձր գների պայմաններում սպառողը գնում է այդ բարիքը։ Այս դեպքում գնի փոփոխությունը չի ազդում բարիքի պահանջարկի վրա, և քանի որ սպառողը ստիպված գնելու է բարիքը, մոնոպոլիստը ձգտում է սահմանել բարձր գին։ Սակայն գոյություն ունի սպառողի վճարունակություն, որի սահմանափակության պատճառով մոնոպոլիստը չի կարող անվերջ բարձրացնել գինը։ Օրինակ՝ որևէ բացառիկ նշանակության դեղորայքի նկատմամբ մոնոպոլ կարգավիճակի պայմաններում պահանջարկի կորն ամբողջությամբ ոչ առաձգական է, որովհետև սպառողը պատրաստ է այն ձեռք բերել անգամ բարձր գնով։

Կորուստը և ձեռքբերումը զուտ մոնոպոլիայի պայմաններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուտ մոնոպոլիայի գործունեությունը գնահատվում է մի շարք առումներով։

Առաջին․ զուտ մոնոպոլիայի դեպքում թողարկվում է ավելի քիչ արտադրանք, քան կատարյալ մրցակցության պայմաններում։

Մոնոպոլիստը, թողարկելով ավելի քիչ արտադրանք, քան կարող էր արտադրվել կատարյալ մրցակցության դեպքում, հանգեցնում է ռեսուրսների մի մասի ոչ լրիվ զբաղվածություն, որը շղթայական ռեակցիայի սկզբունքով տարածվում է մյուս ոլորտների վրա։

Երկրորդ․ թեև մոնոպոլ դիրքը շուկայում հանգեցնում է գների ամբողջական վերահսկողության, սակայն, մասշտաբի դրական էֆեկտի շնորհիվ երբեմն ավելի նպատակահարմար է տվյալ բարիքն արտադրել մեկ կամ մի քանի ֆիրմաների կողմից, որը հանգեցնում է միավոր բարիքի ծախսերի կրճատման։

Երրորդ․ ոչ տնտեսական գործոնների ազդեցությունը ծախսերի մակարդակի վրա։ Որոշ գործոններ ունեն բարոյահոգեբանական բնույթ և կարող են նպաստել ծախսերի մեծացմանը։ Դրանք են՝

  1. սպառողական կամ, ըստ Վեբլենի «վատնողական», «ցուցադրական» հոգեբանությունը,
  2. դժվարություններից, ռիսկից խուսափելու մտայնությունը,
  3. օպորտունիստական վարքագիծը,
  4. կլանային մտածելակերպը,
  5. կոռուպցիոն ռիսկերի առկայութունը և այլն։

Այս գործոնների դրսևորումը նպաստում է ծախսերի մեծացմանը, որոնք փոխհատուցելու համար մոնոպոլ ֆիրման ձգտում է բարձրացնել գինը։

Չորրորդ․ մի կողմից՝ մոնոպոլ ֆիրման ավելի մեծ ֆինանսական հնարավորություն ունի ՝ ներդնելու նորագույն տեխնոլոգիա, մյուս կողմից մրցակցության բացակայությունը չի խթանում նոր տեխնիկայի և տեխնոլոգիայի ներդրմանը։

Հինգերորդ․ մոնոպալիաները նպաստում են սոցիալական բևեռացմանը։ Մոնոպոլ գինը մոնոպոլիստին հնարավորությունէ տալիս ստանալու շահույթ և մեծացնելու հարստության չափերը։ Մյուս կողմից՝ կորուստն ու արտադրության կրճատումը հանգեցնում են հասարակության աղքատացմանը ու սոցիալական բևեռացման խորացմանը։ Այդ իսկ պաճառով շատ տնտեսագետներ աղքատության հաղթահարման իրական ուղին համարում են մրցակցային միջավայրի ձևավուրումն ու արտադրության խթանումը, որի միջոցով կմեծանան հասարակության անդամների եկամուտները։

Վեցերորդ. գնային խտրականության կիրառումը։ Այն մոնոպոլիստների համար լրացուցիչ եկամուտ ապահովելու աղբյուր է։ Մոնոպոլիստը, օգտվելով իր գերիշխող դիրքից, փորձում է տարանջատել իր սառողներին ըստ նրանց գնողունակության, սոցիալական պատկանելության, իսկ բարիքները՝ ըստ օգտագործման բնույթի։ Այս կերպ նա նույն բարիքի նկատմամբ սահմանում է տարբեր գներ, որով ապահովում է պահանջարկի ճկունություն։

Գնային խտրականության բովանդակությունը միևնույն բարիքի և ծառայության նկատմամբ տարբեր գների և սակագների սահմանման միջոցով պահանջարկի անհրաժեշտ ճկունության ու առավելագույն լրացուցիչ եկամտի մակարդակի ապահովումն է։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հովսեփ Աղաջանյան (3.21.2021)։ «Տնտեսագիտության տեսություն» մաս 1։ Երևան։ Հեղինակային հրատարակություն։ էջ 223-235։ ISBN 978-9939-53-520-4