Երեք ախպեր (հեքիաթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երեք ախպեր, հայկական ժողովրդական հեքիաթ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթը պատմում է թագավորի, մի խելքը պակաս կնոջ և նրա երեք որդիների մասին[1]։ Այս կնոջ տղաներից մեկը հողագործ է լինում, մյուսն այգեպան, մեկն էլ ջուլհակ։ Մեկ տարի էլ այդ թագավորի երկրում աղքատության տարի է լինում, այն տեսակ, որ անգամ մի կտոր հաց էլ չեն ճարում, որ ուտեն։ Մի օր էլ այս թագավորի ուղտը կորչում է։ Այնպես է պատահում, որ այդ տղաներն ուղտը բռնում են։ Այս տղաները գիտեին, որ ուղտը տանեն տուն, իրենց խելառ մայրը կգնա և թագավորին կասի։ Մտածում են ու որոշում են ուղտին հարսի շորեր հագցնել, դեմքին քող գցել և տան անկյունում կանգնեցնել։ Երբ մայրը գալիս է տուն, ասում են որ իրեն նորից ենք պսակելու և այդ ուղտն էլ նրա հարսանիքի մսացուն է։ Ուղտը մորթում են, միսը ղավուրմա անում, լցնում կարասները, տանում պահում։ Այս թագավորը տեսնում է, որ ուղտը չի գալիս, ծառաներին ուղարկում է, որ գնան ուղտին ման գան։ Ծառաներն ման են գալիս, չեն գտնում։ Գնում են վերջում այս խելքը պակաս կնոջ տղաներին հարցուփորձ անելու, առաջինը հողագործ եղբոր մոտ են գնում։ Դաշտում վար անելիս է լինում։ Հարցնում են, թե ուղտը չի տեսել, սա էլ իրեն գժի տեղ է դնում ու ասում, որ չի տեսել։ Տեսնում են, որ սա գիժ է, գնում են այգեպան եղբոր մոտ, տեսնում են` ընկույզ է թափ տալիս։ Հարցնում են` ուղտը տեսել է թե ոչ, նա պատասխանում է, որ ամեն տարի այսքան պտուղ չի տվել և այս տարի ծառը պտղաբեր է։ Այս ծառաները միտք են անում, թե սա նրանից ավելի գիժ է, թողնում գնում են ջուլհակ եղբոր մոտ ու հարցնում ուղտի մասին։ Նա էլ պատասխանում է, որ ինքը կտավ է գործում և եղբայրների նման գիժ է ձևանում։ Տեսնելով, որ սա էլ նրանցից է խելառ, գնում են մոր մոտ` մտածելով, որ նա կարող է իրենց մի բան ասել։ Հարցնում են թագավորի ուղտի մասին, նա պատասխանում է, որ տեսել է, իր տղաներն են բերել, մորթել, ղավուրմա արել, լցրել կարասներն ու պահել և ասել, թե դա իր հարսանիքի համար է։ Թագավորի ծառաներն տեսնում են, որ սա էլ նրանցից է գիժ, թողնում գնում են և ասում, որ շատ են փնտրել, բայց ուղտը չեն կարողացել գտնել[2]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թագավոր
  • Գյուղացի կին
  • Երեք եղբայր
  • Ծառաներ
  • Ուղտ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ ժողովրդական հեքիաթներ, կազմող` Ա. Նազինյան, 2004, էջ 242
  2. Նույն տեղում, էջ 243

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]