Եվայլն կամ նոր Դիոգենես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվայլն կամ նոր Դիոգենես
Ժանրվոդևիլ
Ձևդրամա
ԵրկիրԹիֆլիս
Բնագիր լեզութիֆլիսյան բարբառ
Գրվել է1869
ԿերպարներԵվայլն, Մոսես, Նինո, Ղաղո, Սերգո, Յավանգուլ, Արտեմ, հյուրեր

Եվայլն կամ նոր Դիոգենես, հայ գրող, դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի վոդևիլը, որը գրել է 1869 թվականին։

Ստեղծագործության կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

17-րդ դարում համաշխարհային գրականության մեջ տարածում գտավ վոդևիլը, որը կատակերգության տեսակ է։ «Եվայլն կամ նոր Դիոգենես» ստեղծագործությունը Գաբրիել Սունդուկյանն անվանել է կատակ, նվիրել «մեծարգո պարոն Գևորգ Չմշկյանին»։ Գործը բաղկացած է երկու արարվածից։ Առաջին արարվածը կատարվում է Մոսեսի տանը, իսկ երկրորդը՝ նրա տան պարտեզում։ Անցքը պատահում է Թիֆլիսում վաթսունական թվականներին[1]։

Գործող անձիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսես- վաճառական

Նինո- Մոսեսի կինը

Ղաղո- Մոսեսի կրտսեր եղբայրը, նույնպես վաճառական

Պարոն Եվայլն-հարուստ երիտասարդ, Նինոյի հեռու ազգական

Սերգո- Մոսեսի դուքնի աշակերտը

Առաջին հյուր, երկրորդ հյուր, երրորդ հյուր, չորրորդ հյուր-երիտասարդ վաճառականներ

Յավանգուլ- սազանդար

Արտեմ- զուռնաչի

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Եվայլն կամ նոր Դիոգենես» ստեղծագործության առաջին արարվածը սկսվում է Նինոյի՝ վաճառական Մոսեսի կնոջ խոսքով, որը ամուսնուն հայտնում է այն մասին, թե կրկին իր հեռավոր ազգականը հայտնվել է և սիրո խոստովանություն արել՝ ասելով․ «Քուն չունիմ ու ցերեկը աշխարհքը մութն է ինձ համա առանց քիզ, սրտիս կրակ է կպի ու էրվում է․․․»։ Մոսեսը, լսելով կնոջ ասածը, ապշած նայում է և բարկանում, մեղադրում նրան։ Նինոն նայում է լուսամուտից և տեսնում, որ պարոն Եվայլնը դրսում է։ Մոսեսը իր դուքնի աշակերտին՝ Սերգոյին, կանչում է և հրամայում, որ գնա Եվայլնին հրավիրի տուն, ասելով՝ իբր Նինոն է կանչում, այնուհետև հրամայում է փայտ բերել, որպեսզի Եվայլնի «ջանը դրստի»։ Նուրբ ճաշակով, եվրոպական ձևով հագնված տղայի կերպարը թեև արտաքուստ համակրելի է, սակայն հեղինակի քննադատությունը նրա ներքին էությանն ու անմիտ կեցութաձևին է ուղղված։ Եվայլնը այցելում է Մոսեսին և կրկին ողջունում Նինոյին։ Նինոն ցանկանում է դուրս վռնդել, Եվայլնը զարմանում է․ «Այս ի՞նչ է նշանակում․ միթե՞ դուք չհրավիրեցիք ինձ»։ Նա չէր հասկացել, որ Նինոյի ամուսինը՝ Մոսեսը, ցանկանում է դավադրություն կատարել։ Այնուհետև հանդիպում են Եվայնը և Մոսեսը, վերջինս սպասում էր Սերգոյին, որպեսզի փայտը բերի, բայց որոշ ժամանակ անց ներս են մտնում Սարգիսը և Ղաղոն՝ Մոսեսի եղբայրը։ Անհարմար իրավիճակում հայտնվելով՝ Մոսեսը խաբում է․ «Չուգունի պլիտի համա լավ փետ իմ առի, նմուշը բերիլ է, վուր տեսնիմ»։ Մոսեսը եղբորը ծանոթացնում է իրենց հյուրի՝ Եվայլնի հետ։ Ղաղոյին ծիծաղելի է թվում անունը, և այստեղից էլ տրվում է անվան բացատրությունը․ քանի որ Եվայլնը իր խոսքում հաճախ է կիրառում «և այն» կապակցությունը, ուստի նրան անվանում են Եվայն։ Վերջինս ներկայացնում է․ «Միթե՞ դուք չեք հավանում Եվայլն բառը, այս սուրբ բառը, որ պարունակում է յուր մեջ բազում խոսքեր, մտքեր, գաղափարներ, զգացմունքներ․․․և այլն»։ Թերևս դժվար չէ նկատել Եվայլնի ներքին էության դատարկությունը։ Մոսեսը եղբորը առանձին տեղեկացնում է, որ երիտասարդը սիրահարված է Նինոյին, և որպեսզի բացահայտվի այդ փաստը, ցանկանում է Եվայլնին պատժել այդ օրը պարտեզում կազմակերպած խնջույքի ժամանակ։

Երկրորդ արարվածում իրականանում է խնջույքը, որին ուշացած ներկայանում է հյուրերից գլխավորը՝ Եվայլնը, ով իր հետ տան տիկնոջ՝ Նինոյի համար գեղեցիկ ծաղկեփունջ է բերել։ Եվայնը չի ցանկանում նստել հյուրերի հետ, ուստի առանձին աթոռ է ցանկանում․ ոչ թե իրեն վեր է դասում հյուրերից, այլ փոքր ժամանակից սովոր չէ նստել գետնին։ Ծաղկեփունջը Մոսեսը վերցնում է, տալիս է եղբորը, որը դնում է սեղանին՝ ծաղկակալի մեջ։ Խնջույքի ընթացքում հնչում են կենացներ և երգ-երաժշտություն։ Հյուրերի ցանկությամբ երգում են Սայաթ-Նովայի տաղերի, Եվայլնի ցանկությամբ կատարում են ոչ թե ասիական երգեր, այլ եվրոպական երգեր։ Յավանգուլի հետ երգում են նաև Ռ․Տ-Գ․Պատկանյանի, Գևորգ Միրիմանյանի խոսքերը։ Եվայլնը առաջարկում է կենաց խմել տան տիրոջ՝ Մոսեսի և տիկնոջ՝ Նինոյի վերաբերյալ։ Մոսեսը ցանկանում է հարմար պահ ստեղծել Եվայլնի՝ Նինոյին ուղղված սերը բարձրաձայնելու համար, եղբոր միջոցով արբեցնում է հյուրին՝ խմիչքով լի թասը անընդհատ ուղղելով Եվայլնին, սակայն այդպես էլ հարմար առիթ չի ստեղծվում։ Հյուրերը, սեղանին դրված ճրագները վերցնելով, դուրս են գալիս, Եվայլնը, մնալով մենակ, մոտենում է լուսամուտին, ուր խնջույքի ընթացքում մի քանի անգամ տեսել էր Նինոյին, կանչում է նրան․ « Տիրուհի՛․․․տիկին․․․ամենագեղեցիկ Նունե՛․․․Շեր Նենեթ, լսե՛ք․․․», բայց ապարդյուն․ Նինոն չի մոտենում լուսամուտին։ Որպեսզի լուսամուտից ներս մտնի, տակառը գլորելով մոտեցնում է, կանգնեցնում լուսամուտի մոտ և աթոռի միջոցով բարձրանում է տակառի վրա, ծաղկեփունջը ձգում է սենյակը, սակայն տակառը կոտրվում է, և Եվայլնը ընկնում է մեջը։ Ցիլինդրը գլորվում է գետնին, բոլորը փնտրում են հյուրին, սակայն չեն գտնում։ Ղաղոն գտնում է ցիլինդրը և կանչում եղբորը՝ գտա։ Մոսոսը տեսնում է, որ ոչ թե Եվայլնին է գտել, այլ նրա գլխարկը, բայց եղբայրը հավաստիացնում է․ «Վա՜հ, գլուխը խո գթանք, վուտնիրն էլ հիշտ է»։ Այս խոսքը լսելով՝ Եվայլնը հասկանում է եղելությունը։

Ստեղծված անհարմար և ծիծաղելի իրավիճակից խուսափելու համար արբած, բայց և իրավիճակը ճիշտ հասկացած Եվալյնը գլուխը հանում է տակառից և պատմում է Դիոգենես փիլիսոփայի պատմությունը, որն իր կյանքով ապացուցում է աշխարհի ունայնությունը և անգամ հրաժարվում Ալեքսանդր Մակեդոնացու ընծաներից՝ խնդրելով միայն մեկ բան, որ նա մի փոքր հեռանա իր արևից, որից զրկում է իրեն՝ առջևը կանգնելով։ Այստեղից էլ պարզ է դանում Եվայլն տարօրինակ անվանումով մարդու մեկ այլ անուն՝ Եվայլն կամ նոր Դիոգենես։ Բոլորը մնում են արձանացած, նույն միջոցին Նինոն, ծաղկեփունջը ձեռքին, կանգնում է լուսամուտի առջև։ Հյուրերից շատերը ծիծաղում են, Մոսեսը և Ղաղոն, տեսնելով ծաղկեփունջը Նինոյի ձեռքին, զարմանում են ու զայրանում։ Այսպիսով վոդևիլը ավարտվում է առանց որևէ բացահայտումների, վարագույրը կամաց-կամաց իջնում է։

Հավելյալ տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ գրականության մեջ վերջին խոշոր վոդևիլագիրը Գաբրիել Սունդուկյանն է, ում գործերը ուղղակի աձագանքն են ժամանակի հասարակության մեջ խնդիր դարձաց հարցերին[2]։ Սունդուկյանը բացասական գծերով ու նույնիսկ խիստ ժխտական քննադատությամբ է ներկայացնում Եվրոպայից իրենց հետ միայն վատ բարքեր բերած երիտասարդներին, որոնց նա այլ կերպ չի կոչում, քան «Եվայլն Եվայլն կամ նոր Դիոգենես»։ Եվայլնի դերը գրած է պ․ Արսեն Կարապետյանի համար, որ իր գեղեցիկ ձայնով և շնորհալի խաղով այս դերը կատարելիս հիացրեց հանդիսականներին և որ այնուհետև իր տաղանդի շնորհիվ հրավիրվեց Մոսկվա օպերային թատրոն, ուր երկար տարիներ ծառայելով Դավիդովի անունով՝ մեծ հռչակի արժանացավ[3]։ Առկա է «Եվայլն կամ նոր Դիոգենես» վոդևիլի ձայնային տարբերակը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գաբրիել Սունդուկյան. Երևան: Սովետական գրող. 1984. էջ 171. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)
  2. ԵՊՀ ՈւԳԸ գիտական հոդվածների ժողովածու, Գաբրիել Սունդուկյանի «Գիշերվան սաբրը խեր է» վոդևիլի համեմատական վերլուծությունը (2020). Մելքումյան Ռոզա. Երևան: ԵՊՀ հրատարակչություն. էջ 31.
  3. «Գաբրիել Սունդուկյան (Ծննդյան 150-ամյակի առթիվ), Մ․Մ․Մկրյան». Համահայկական թվանշային գրադարան. Վերցված է 19․03․2023-ին.
  4. ԽՈՍՈՂ ԳՐՔԵՐ. Գաբրիել Սունդուկյան «ԵՎ ԱՅԼՆ, ԿԱՄ ՆՈՐ ԴԻՈԳԻՆԵՍ», Վերցված է 2023 թ․ մարտի 19-ին