Դրամատուրգիական սոցիոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դրամատուրգիան սոցիոլոգիական սկիզբ է առել սիմվոլիկ ինտերակցիոնիզմից։ Միկրոսոցիոլոգիական տեսություն է, որն ուսումնասիրում է առօրյա կյանքի սոցիալական ինտերակցիաները։ Դրամատուրգիա հասկացությունը սոցիոլոգիայում առաջին անգամ օգտագործել է Իրվին Գոֆմանը, ով այս և այլ նման տերմինաբանությունը և գաղափարները զարգացրել է իր՝ 1959 թվականին գրված «The Presentation of Self in Everyday Life» գրքում։ Եթե մենք մեզ պատկերացնենք որպես տնօրեն, ով դիտարկում է, թե ինչ է տեղի ունենում ամենօրյա կյանքի թատրոնում, ապա մենք անում ենք այն, ինչը Գոֆմանը անվանել է դրամատուրգիական վերլուծություն՝ սոցիալական ինտերակցիայի ուսումնասիրությունը թատերական ներկայացման տերմիններով[1]։ Դրամատուրգիական սոցիոլոգիայում նշվում է, որ մարդկային ինտերակցիաների տարրերը կախված են ժամանակից, տարածությունից և հանդիսատեսից։ Այլ կերպ ասած՝ ըստ Գոֆմանի, եսը զգացումն է, թե ով է մարդը՝ դրամատիկ ազդեցություն, որն առաջանում է ներկայացվող անմիջական տեսարանից[2]։ Գոֆմանը թատերական փոխաբերության միջոցով ցույց է տալիս, որ անհատը մեկ այլ անհատին ներկայանում է՝ հիմնվելով իր մշակութային արժեքների, նորմերի և հավատալիքների վրա։ Ներկայացումները կարող են խզումներ ունենալ, բայց մեծամասնությունը հաջող են ընթանում։ Այս եսի ներկայացման նպատակը հանդիսատեսի կողմից ընդունվելն է՝ ուշադիր իրականացված ներկայացման միջոցով։ Եթե դերասանը հաջողության հասնի, ապա հանդիսատեսը կտեսնի նրան այնպես, ինչպես որ այդ դերասանն է ցանկանում, որ իրեն տեսնեն[3]։

Դրամատուրգիական հեռանկար[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրամատուրգիական հեռանկարում անհատի ինքնությունը ներկայացվում է դերերի միջոցով, ինչպես նաև դերասանի և հանդիսատեսի միջև փոխհամաձայնության միջոցով։ Տեսությունը շեշտում է արտահայտչականությունը /expressiveness/՝ որպես ինտերակցիաների հիմնական բաղադրիչ։

Ըստ այս տեսության՝ անհատի ինքնությունը կայուն և անկախ հոգեբանական ամբողջություն չէ, այլ այն մշտապես վերաձևակերպվում է, քանի որ անհատը ինտերակցիաների մեջ է մտնում ուրիշների հետ։

Դրամատուրգիական մոդելում սոցիալական ինտերակցիան վերլուծվում է այն տեսանկյունից, թե ինչպես են մարդիկ ապրում իրենց կյանքը որպես բեմում ներկայացող դերասաններ[4]։ Այս վերլուծությունը ուշադրություն է դարձնում կարգավիճակ և դեր հասկացություններին։ Կարգավիճակը նման է ներկայացումից մի հատվածի, իսկ դերը ծառայում է որպես սցենար՝ ապահովելով երկխոսություն և գործողություն կերպարների համար։ Ինչպես բեմում, այնպես էլ իրենց առօրյա կյանքում մարդիկ կառավարում են իրենց միջավայրը/setting/, հագուստը, բառերը, ոչ վերբալ գործողությունները, որպեսզի որոշակի տպավորություն թողնեն ուրիշների վրա։ Գոֆմանը յուրաքանչյուր անհատի ներկայացումը/բեմականացումը նկարագրում էր որպես եսի ներկայացում, անհատի ջանքերը՝ ստեղծելու որոշակի տպավորություններ ուրիշների մտքերում։ Այս գործընթացը անվանվում է տպավորությունների կառավարում։

Գոֆմանը հստակ տարբերություն է դնում առաջնաբեմի /front stage/ և հետնաբեմի /back stage/ վարքերի միջև։ Առաջնաբեմի գործողությունները հանդիսատեսի համար տեսանելի են և ներկայացման մի մասն են կազմում։ Մարդիկ դրսևորում են հետնաբեմային վարք, երբ հանդիսատեսը ներկա չէ։ Օրինակ, ռեստորանի մատուցողը հավանական է, որ իրեն կպահի մի ձևով հաճախորդների առջև, բայց ավելի հարմար կզգա խոհանոցում։ Հավանական է, որ նա խոհանոցում ինչ-որ բաներ կանի, որոնք կարող են ոչ պատշաճ թվալ հաճախորդների առջև[5]։

Մինչև այլ մարդկանց հետ ինտերակցիան, անհատը պատրաստում է իր դերը կամ տպավորությունը, որը ցանկանում է թողնել ուրիշների վրա։ Երբեմն կարող են անպատեհ ներխուժումներ առաջանալ, որոնց ժամանակ հետնաբեմի ներկայացումները խանգարվում են մեկի կողմից, ով չպետք է տեսներ դա։

Բեմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմերը վերաբերում են երեք տարբեր ոլորտների, որտեղ կարելի է գտնել տարբեր դերերով և տեղեկատվությամբ տարբեր անհատների։ Երեք բեմ է առանձնացվում՝ առաջնային, հետին և դրսի/արտաքին[6]։

Առաջնաբեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնաբեմում դերասանը ֆորմալ ներկայացնում և հավատարիմ է մնում այն պայմանականություններին/conventions, որոնք նշանակություն ունեն հանդիսատեսի համար։ Դա դրամատուրգիական ներկայացման մի մասն է, որը հետևողական է և պարունակում է ընդհանրացված ձևեր՝ բացատրելու իրավիճակը և դերերը, որը խաղում է դերասանը հանդիսատեսի համար, որն էլ դիտում է այն։ Դերասանը գիտի, որ իրեն նայում են, այդ պատճառով էլ միշտ գործում է համապատասխանորեն[7]։ Սա ֆիքսված ներկայացում է։ Գոֆմանը նշում է, որ առաջնաբեմում տարբերակվում են միջավայրը/setting/ և անձնական ճակատը/personal front/։ Այս երկու հասկացությունը անհրաժեշտ են դերասանին հաջողված ներկայացման համար։ Միջավայրը տեսարանն է, որը պետք է լինի, որպեսզի դերասանը կարողանա խաղալ. եթե այն չլինի, համապատասխանաբար դերասանն էլ չի կարող խաղալ։

Անձնական ճակատը բաղկացած է կետերից կամ սարքավորումներից, որոնք անհրաժեշտ են խաղալու համար։ Այդ կետերը սովորաբար ճանաչելի են հանդիսատեսի կողմից որպես կատարման /performance/ և դերասանի մշտական ներկայացում։ Անձնական ճակատը բաժանված է երկու տարբեր ասպեկտների՝ արտաքին և շարժուձև /manners/։ Արտաքինը վերաբերում է անձնական ճակատի կետերին, որոնք դերասանի սոցիալական կարգավիճակի արտացոլումն են։ Շարժուձևը վերաբերում է ուղիներին, որով դերասանները իրենց պահում են։ Դերասանի շարժուձևը ասում է հանդիսատեսին, թե ինչ սպասեն իր ներկայացումից[8]։

Հետնաբեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետնաբեմն այնտեղ է, որտեղ դերակատարները ներկա են, բայց հանդիսատեսը՝ ոչ, և նրանք կարող են դուրս գալ իրենց կերպարից/դերից առանց վախի, որ ներկայացումը կխոչընդոտվի։ Դա այն վայրն է, որտեղ առաջնաբեմում ճնշված փաստերը կամ տարբեր ոչ ֆորմալ գործողությունները կարող են ի հայտ գալ։ Հետնաբեմը ամբողջապես առանձնացված է առաջնաբեմից։ Հանդիսատեսից ոչ ոք չի կարող հայտնվել հետնաբեմում։ Դերասանը մի շարք մեթոդներ է հանձն առնում, որ ապահովի դա։

Դուրս/արտաքին մաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին միջավայրը կամ բեմից դուրսը վայր է, որտեղ անհատները ներառված չեն ներկայացման մեջ։ Բեմից դուրսը վայր է, որտեղ անհատ դերասանները հանդիպում են հանդիսատեսի անդամներին՝ անկախ առաջնաբեմում թիմային ներկայացումից։ Յուրահատուկ ներկայացումներ կարող են տրվել, երբ հանդիսատեսը սեգմենտավորված է որպես այդպիսին։

Սահմաններ/շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանները կարևոր են, քանի որ դրանք կանխում կամ սահմանափակում են անհատների շարժը տարբեր շրջանների միջև։ Դերասանները պետք է կարողանան մանևրել սահմանները, որ կառավարեն, թե ով կարող է մուտք ունենալ դեպի ներկայացում, երբ և ինչպես։

Հակասական դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ ներկայացումներ կարիք ունեն կանխելու հանդիսատեսին՝ որոշ տեղեկատվություններ ստանալուց (գաղտնիքներ)։ Դրա համար մի շարք մասնագիտացված դերեր են ստեղծվել։

Գաղտնիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղտնիքների տարբեր տեսակներն կան, որոնք տարբեր պատճառներով պետք է թաքցվեն.

  • Մութ գաղտնիքներ/dark secrets. Սրանք իրենցից այնպիսի տեղեկատվություն են ներկայացնում ներկայացող թիմի մասին, որը հակասում է կերպարին, որը թիմը ստեղծում է հանդիսատեսին մոտ։
  • Ռազմավարական գաղտնիքներ/strategic secrets. Սրանք ներկայացնում են թիմի նպատակները, կարողությունները, որոնք հնարավորություն են տալիս թիմին վերահսկել հանդիսատեսին և տանել նրան այն ուղղությամբ, որով ցանկանում են։
  • Ներքին գաղտնիքներ/inside secrets. Այն տեղեկատվությունն է, որը գիտեն միայն թիմի անդամները և որի նպատակն է բարձրացնել թիմի կապվածությունը։
  • Վստահված գաղտնիքներ/entrusted secrets. Այս գաղտնիքները պետք է պահվեն դերերի և թիմային ինտեգրացիայի պահպանման համար. դրանք պահելը հավատարմության և հուսալիության առկայությունն է ցույց տալիս։
  • Ազատ գաղտնիք/free secret. Ուրիշների գաղտնիքն է, որը կապ չունի տվյալ անհատի հետ և կարող է բացահայտվել՝ դեռևս պահպանելով դերը։ Նման գաղտնիքների բացահայտումը չպետք է ազդի ներկայացման վրա։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոֆմանի սխեմայում երեք հիմնական դերեր են առանձնացվում, որից յուրաքանչյուրը կենտրոնանում է այն բանի վրա, թե ում ինչ տեղեկատվություն է հասանելի։ Ներկայացնողները այս դեպքում ամենաշատ գիտելիքը ունեն։ Հանդիսատեսը միայն գիտի, թե ինչ են բացահայտել ներկայացնողները և այն, ինչը իրենք են դիտարկել։ Իսկ դրսի մարդիկ կամ կողմնակի անձիք նույնիսկ չեն տիրապետում համապատասխան տեղեկատվության։ Դերերը բաժանվում են երեք խմբի և ներառում են. Դերեր, որոնք գործ ունեն տեղեկատվության մանիպուլյացիայի և թիմի սահմանների հետ.

  • Տեղեկատուն /the informant/. նա է, ով ձևացնում է, թե թիմի անդամ է, ձեռք է բերում թիմի վստահությունը, նրան թույլատրվում է մտնել հետնաբեմ, բայց հետո միանում է հանդիսատեսին և բացահայտում ներկայացման մասին տեղեկատվություն։ Օրինակ՝ լրտեսները կամ դավաճանները։
  • Կեղծավորը /The "shill"/. այս դերը տեղեկատուի հակառակն է. ձևացնում է որպես հանդիսատեսի անդամ, բայց իրականում ներկայացող թիմի անդամ է։ Նրա դերը հանդիսատեսի ռեակցիաները մանիպուլացնելն է։
  • Ստուգողը /the "spotter"/. հանդիսատեսի անդամ է, ով ընդհանուր առմամբ շատ տեղեկատվություն ունի ներկայացման մասին։ Ստուգողը վերլուծում է ներկայացնողներին և կարող է հանդիսատեսին տեղեկություն բացահայտել։ Օրինակ՝ սննդի քննադատը ռեստորանում։

Դերեր, որոնք զբաղվում են երկու թիմերի միջև ինտերակցիաների հեշտացմամբ։

  • Միջնորդ. սովորաբար գործում է երկու կողմերի թույլտվությամբ՝ որպես միջնորդ և/կամ սուրհանդակ՝ հեշտացնելով հաղորդակցությունը տարբեր թիմերի միջև։ Միջնորդը շատ գաղտնիքների է տիրապետում և կարող է չեզոք չլինել։

Դերեր, որոնք խառնում են առջևի և հետևի շրջանները.

  • Ոչ անձը /the non-person/. անհատներ են, ովքեր ներկա են ներկայացման ընթացքում, կարող են նույնիսկ ներկա լինել հետնաբեմում, բայց «շոուի» մասը չեն կազմում։ Նրանց դերը սովորաբար ակնհայտ է և այդ պատճառով նրանք անտեսվում են ներկայացնողների և հանդիսատեսի կողմից։ Օրինակ՝ մատուցողը, սպասուհին։
  • Ծառայության մասնագետ /the "service specialist"/. անհատներ են, ում մասնագիտացված ծառայությունները պահանջված են՝ սովորաբար ներկայացնողների կողմից։ Նրանք հաճախ հրավիրվում են ներկայացնողների կողմից հետին մաս։ Օրինակ՝ վարսահարդարը, փականագործը, բանկիները՝ հարկերի մասին գիտելիքներով։
  1. Գործընկերը /the collegue/. անհատներ են, ովքեր նման են ներկայացնողներին, բայց թիմի անդամներ չեն։ Օրինակ՝ աշխատակիցը։
  2. Վստահված անձ /the confident/. անհատներ են, ում ներկայացնողը բացահայտում է ներկայացման մանրամասները։

Տպավորությունների կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տպավորությունների կառավարումը վերաբերում է ցանկալի տպավորությունները պահպանելուն ուղղված աշխատանքին։ Այն բաղկացած է պաշտպանողական և պաշտպանական տեխնիկաներից։ Պաշտպանողական տեխնիկաները կիրառվում են մինչև ինտերակցիայի սկսվելը և ներառում են.

  • Դրամատուրգիական հավատարմություն. աշխատանք՝ ուղղված պահպանելու թիմի անդամների հավատարմությունը թիմի և ներկայացման հանդեպ։
  • Դրամատուրգիական կարգապահություն. երբ իրենց նվիրում են ներկայացմանը, բայց առանց իրենց կորցնելու դրանում։
  • Դրամատուրգիական շրջահայացություն. ենթադրում է ռիսկերի մինիմալացում՝ պատրաստվելով սպասվող խնդիրներին։ Պետք է ուշադիր լինել՝ խուսափելու իրավիճակներից, որտեղ բացթողում կամ էլ հավանական խնդիր կարող է առաջանալ, ընտրել ճիշտ հանդիսատեսին, ներկայացման երկարությունն ու վայրը։

Պաշտպանական տեխնիկաները օգտագործվում են, երբ ինետարկցիան արդեն սկսել է, որպեսզի ծածկեն բացթողումները և սխալները։ Օրինակ՝ ապավինելով հանդիսատեսին՝ օգտագործել տակտը և ուշադրությունից բաց թողնել ներկայացնողների սխալները։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրամատուրգիական մեթոդաբանության օգտագործման համար մեթոդներից լավագույնը մասնակցային դիտարկում է համարվում։ Դրամատուրգիան կիրառվում է նաև սոցիալական շարժումների վերլուծության ժամանակ։ Ռոբերտ Դ. Բենֆորդը և Սքոթ Ա. Հանթը նշում են, որ սոցիալական շարժումները կարող են նկարագրվել որպես դրամաներ, որտեղ գլխավոր հերոսները և թշնամիները մրցում են՝ հանդիսատեսի՝ իշխանական հարաբերությունների տպավորությունների վրա ազդելու համար տարբեր ոլորտներում։ Մարդիկ, ովքեր իշխանություն են փնտրում, ներկայացնում են իրենց առաջնաբեմի եսը՝ ուշադրություն գրավելու համար։ Սակայն, հետնաբեմի եսը դեռ ներկա է, չնայած որ հայտաբերել հնարավոր չէ։ Սա իշխանության մրցակցություն է, դրամատուրգիայի վառ օրինակ[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Macionis; Gerber; John; Linda (2010). Sociology 7th Canadian Ed. Toronto, Ontario: Pearson Canada Inc. էջ 133.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  2. Ritzer G.; (2007). Contemporary Sociological Theory and Its Classical Roots: The Basics. New York. McGraw-Hill.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. Adler, P.; Adler, P.; Fontana, Andrea (1987). «Everyday Life Sociology». Annual Review of Sociology. Vol. 13: 217–235. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին. {{cite journal}}: |volume= has extra text (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  4. Macionis, J. J., & Gerber, L. M. (2011). Sociology (7th Canadian ed.). Toronto: Pearson Canada.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  5. Mathur, Dr. Vinita. «Retreat To The Backstage». humanenrich.com.
  6. Goffman. «The Presentation of Self in Everyday Life - an analysis». www.sociology.ohio-state.edu. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
  7. Goffman, E. (1956). The Presentation of Self in Everyday Life. New York: Doubleday.{{cite book}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  8. Ritzer (2007), George. Contemporary Sociological Theory and Its Classical Roots: The Basics. New York. McGraw-Hill.{{cite book}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  9. Benford, S.; Hunt, S. (January, 1992). «Dramaturgy and Social Movements: The Social Construction and Communication of Power». Sociological Inquiry. 62 (1): 36–55.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)