Դինամիկ ստոխաստիկ ընդհանուր հավասարակշռության մոդելներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ներածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինամիկ ստոխաստիկ ընդհանուր հավասարակշռության (Dynamic Stochastic General Equilibrium, DSGE) մոդելները լայնորեն կիրառվում են մակրոտնտեսական վերլուծության մեջ, մասնավորապես՝ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը քանակականապես գնահատելու ժամանակ: Կենտրոնական բանկերում (Եվրոպական կենտրոնական բանկում, Ֆեդերալ պահուստային համակարգում), նախարարություններում և միջազգային կառույցներում (ԱՄՀ-ում, Եվրոկոմիտեում, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունում) մոդելների վրա հիմնված տնտեսական քաղաքականության իրականացումը մեծապես պայմանավորված է DSGE մոդելավորման և գնահատման ոլորտների զարգացումներով:

DSGE մոդելավորման առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

DSGE մոդելների հիմքում ընկած է իրական գործարար պարբերաշրջանի (RBC-real business cycle) տեսությունը, որը հիմնված է նոր դասական տեսության դրույթների վրա: Դասական DSGE մոդելի տեսական հիմքերը նկարագրված են (Galí and Gertler, 2007)[1][1] հեղինակների աշխատանքում, որտեղ կան նաև նորքեյնսյան նախդրյալներ: Անալիտիկ տեսանկյունից RBC և DSGE մոդելները հիմնված են երեք հիմնական հավասարումների վրա.

  • IS հավասարումը (ներդրումներ — խնայողություններ) հաշվի առնելով սպասումները.
  • Ֆիլիպսի նոր քեյնսյան կորը (գնաճ).
  • Փողի քաղաքականության (տոկոսադրույքը) կամ Թեյլորի կանոնը:

DSGE մոդելի կառուցման և գնահատման փուլերն են.

  1. մոդելի հատուկացումը,
  2. օպտիմալության պայմաննների ստացումը,
  3. մոդելի նույնությունների լոգ-գծայնացումը կայուն վիճակի շուրջ,
  4. լոգ-գծայնացված համակարգի լուծումը,
  5. մոդելի գործակիցների արժեքների որոշումը:

ՀԻմնական DSGE մոդելը նկարագրում է առնվազն երկու գործակալի՝ ներկայացուցչական տնային տնտեսությունների և ներկայացուցչական ընկերությունների վարքագիծը: Այն կառուցվում է նոր քեյնսյան մակրոտնտեսագիտության սկզբունքների հիման վրա, ներառելով տնտեսավարող սուբյեկտների միկրոտնտեսական հիմքերից բխող վարքագծերի օպտիմալացումը, շուկաների մենաշնորհային մրցակցային կառուցվածքը, աշխատավարձի և գնագոյացման կոշտություններն ապրանքային շուկաներում, տնտեսավարող սուբյեկտների ռացիոնալ սպասումները և ընդհանուր հավասարակշռության սկզբունքները (Lawrence J. Christiano et al., 2005[2]; Smets and Wouters,[3] 2003; Michael Woodford, 2008[4]

DSGE մոդելի ելակետային դրույթներից են, որ տնտեսությունում գոյություն ունեն անսահմանափակ ներկայացուցչական տնային տնտեսություններ և ձեռնարկություններ: Առանձին տնտեսական ցուցանիշների ցնցումներով որոշվում է տնտեսության վարքագիծը։

DSGE մոդելների հետ աշխատելիս, մասնավորապես երբ դրանց կառուցվածքի բարդության աստիճանը մեծ է, մոդելների գնահատման բազմաթիվ խնդիրներ և հարցեր են առաջանում:

1. Կարևոր խնդիրներից է մոդելի գործակիցների այնպիսի ընդունելի արժեքների բազմության սահմանումը, որը բացառում է մոդելի անորոշությունն ու անկայունությունը: Այս խնդրի վերլուծական (անալիտիկ) լուծումը կարող է շատ բարդ, եթե ոչ անհնար լինել շատ DSGE մոդելների պարագայում: Սակայն մոդելի գործակիցների թույլատրելի արժեքների բազմության իմացությունը կարող է օգտակար լինել նախնական ենթադրություններ կատարելու ժամանակ, օրինակ, երբ կառուցվածքային գործակիցների նշանակալի մասը խախտում է Բլանչարդ-Խանի պայմանները (O. Blanchard, Ch. Kahn, 1980[5]), որը կարող է հանգեցնել մոդելի վերանայման կամ վերագնահատման: Ավելին, դա կարող է օգնել սկսելու գնահատման գործընթացը կայուն բազմությունից, որն այլ պարագայում կպահանջեր մեծածավալ և ժամանակատար աշխատանք:

2. Առանցքային նշանակություն ունի մոդելի այնպիսի պարամետրերի բացահայտումը, որոնք առավել շատ են նպաստում դիտարկված ժամանակային շարքերի մոտարկմանը, այսինքն` մոդելով գնահատված և փաստացի ժամանակային շարքերի համապատասխանությանը: Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, թե արդյոք դիտարկված յուրաքանչյուր ժամանակային շարքի լավագույն մոտարկման համար անհրաժեշտ պարամետրերի արժեքներն իրենց թույլատրելի բազմություններից են: Բացի այդ, կարևոր են նաև գնահատման գործընթացի ex post (փաստացի մեծությունների հիման վրա կատարվող) վերլուծությունը և մեկնաբանությունը: Օրինակ, ունենալով դիտարկված ժամանակային շարքերի բազմաչափ բազմություն` կարող է հետաքրքիր լինել իմանալ, թե արդյոք առկա են որոշ երկընտրանքներ կամ հակասություններ կառուցվածքային պարամետրերի միջև: Նշված խնդիրները կարող են լրացուցիչ օգտակար տեղեկություն տալ DSGE մոդելի էմպիրիկ հատկությունների վերաբերյալ և հիմք հանդիսանալ մոդելի հատկորոշումը ձևափոխելու` պարամետրերի միջև հակասությունները բացառելու և մոդելի համապատասխանությունը տվյալներին բարելավելու համար:

3. Մեկ այլ կարևոր խնդիր է ռացիոնալ սպասումներով մոդելի պարամետրերի և դրա կրճատ տեսքի բերված տարբերակի գործակիցների միջև առնչության հստակ ըմբռնումը: Մոդելի կրճատ տեսքը (reduced form) իրենից ներկայացնում է կառուցվածքային վեկտոր ավտոռեգրեսիոն (structural vector autoregression, SVAR) հավասարումների համակարգ, որի միջոցով կարող է ներկայացվել ցանկացած DSGE մոդել: Գործնականում SVAR գործակիցների և կառուցվածքային պարամետրերի միջև ֆունկցիոնալ արտահայտություն ստանալը շատ դժվար է: Հետևաբար այս առնչության պարզ և մոտարկված հարաբերակցությունները կարող են շատ օգտակար լինել: Դրանք կարելի է կիրառել չափաբերման (calibration) ժամանակ: Դրանց միջոցով հնարավոր է նաև ճշգրտել կարևոր կառուցվածքային պարամետրերը` հետաքրքրող փոփոխականների միջև (օրինակ` գնաճի ու անվանական տոկոսադրույքի լագի միջև) դինամիկ առնչություններ սահմանելիս:  

Հարկաբյուջետային քաղաքականությունը DSGE մոդելներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես նշվեց, DSGE մոդելները լայնորեն կիրառվում են հիմնականում կենտրոնական բանկերի և դրամավարկային ու արժութային քաղաքականություն իրականացնող մարմինների կողմից։ Ավանդական DSGE մոդելներում ներկայացված չէ հարկաբյուջետային քաղաքականությունը, քանի որ ենթադրվում է, որ տնային տնտեսությունները ռիկարդյան են՝ այսինքն հարկաբյուջետային քաղաքականությունը որևէ ազդեցություն չի կարող ունենալ տնտեսության վրա։ Վերջին տարիներին, սակայն, Եվրամիության մի քանի երկրներ կանգնեցին պետական պարտքի դեֆոլտի խնդրի առջև, ինչն էականորեն վատթարացրեց այդ երկրներում տնտեսական իրավիճակը՝ չնայած նրան, որ նրանք վարում էին դրամավարկային միասնական քաղաքականություն։ Այդ ժամանակ մեծացավ հարկաբյուջետային քաղաքականության ազդեցության նկատմամբ հետաքրքրությունը և դրա մոդելավորումը։ Հարկաբյուջետային քաղաքականություն ընդգրկող առաջին աշխատանքներից է Եվրոպական Կենտրոնական Բանկի կողմից մշակված մոդելը, որի նպատակն էր հասկանալ պետական սպառման ազդեցությունը սպառման վրա (Jordi Galí,J. David López-Salido, Javier Vallés, 2004[6]), մոդելավորման արդյունքում պարզվեց, որ սպառումը, իրական աշխատավարձը և թողարկումը աճում են, իսկ մասնավոր ներդրումները նվազում են։

Վերջին տարիներին իրականացվել են նաև հարկաբյուջետային քաղաքականությունը ներառող և դրան ուղղված մոդելների մշակման աշխատանքներ։ Հարկաբյուջետային քաղաքականությունը ներառող ամենածավալուն մոդելը Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից մշակված GIMF (Global Integrated Monetary and Fiscal Policy Analysis Model)-ն է՝ գլոբալ ինտեգրացված ֆիսկալ ու մոնետար քաղաքականության վերլուծության մոդելը (Michael Kumhof, Douglas Laxton, IMF, 2010) որն իրեն ներկայացնում է մի քանի երկիր ներառող դինամիկ ստոխաստիկ ընդհանուր հավասարակշռության մոդել, և թույլ է տալիս իրականացնել հարկաբյուջետային քաղաքականության վերլուծություն։ Մոդելն ներառում է ոչ-ռիկարդյան առանձնահատկություններ, ինչը լուծում է թե՛ եկամուտների տեսանկյունից, և թե՛ ծախսերի տեսանկյունից իրականացված քաղաքականության ոչ չեզոք լինելու հարցը։

Պետական սպառման ազդեցության չափի տեսանկյունից հատկանշական է նաև Քրիստիանոյի և Այքենբաումի պետական ծախսերի բազմարկչի գնահատման վերաբերյալ աշխատությունը, որտեղ հեղինակները ստացել են, որ ծախսերի բազմարկիչն ավելի բարձր է անվանական տոկոսադրույքի 0 լինելու դեպքում (Lawrence Christiano, Martin Eichenbaum, and Sergio Rebelo, 2010[7]

Հարկաբյուջետային քաղաքականության կիրառման մակրոտնտեսական ազդեցության գնահատման ընդհանուր հավասարակշռության մոդել մշակվել է Չեխիայի ֆինասների նախարարության կողմից (Zbynek Stork, Jana Zavacka, 2010): Նշված հեղինակների կողմից նաև առաջին անգամ առաջարկվել է ֆինանսների նախարարության համար մշակված DSGE մոդել (Zbynek Stork, 2011), և կանխատեսումների ու վերլուծությունների համակարգ (FPAS): Հարկաբյուջետային քաղաքականությունը ընդհանուր հավասարակշռության համատեքստում մոդելավորելիս անհրաժեշտ է նախ հասկանալ ազդեցության մեխանիզմները և թե ինչպես են անվանական և իրական կոշտությունները ազդում ֆիսկալ ցնցումների փոխանցման վրա։ Հարկաբյուջետային քաղաքականության ազդեցության ուղիներն են

• իրական ուղին, IS միջոցով

• անվանական ուղին, Ֆիլիպսի կորի միջոցով

• սպասումների ուղին- hարկային քաղաքականության փոփոխությունը ձևավորում է սպասումներ, իսկ պարտքի ավելացումը բերում է երկրի ռիսկ-պրեմիայի վատթարացմանը։

Ընդհանուր հավասարակշռության մոդելներում հարկաբյուջետային բլոկում ընդունված է ներառել

• պետության բյուջետային սահմանափակության հավասարումը

• բալանսավորված բյուջեի հավասարում

• հարկաբյուջետային կանոնի հավասարում

• հարկատեսակներից մուտքերի հավասարում

Մի շարք հետազոտողների մոտ, սակայն, տարածված է այն կարծիքը, որ հարկաբյուջետային քաղաքականության ազդեցության ուղին սպասումների ուղին է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Galí, Jordi and Mark Gertler, 2007, “Macroeconomic Modeling for Monetary Policy Evaluation,” Journal of Economic Perspectives, Vol. 21, No. 4, pp. 25–45.
  2. Lawrence J. Christiano, Martin Eichenbaum, and Charles L. Evans, "Nominal Rigidities and the Dynamic Effects of a Shock to Monetary Policy," Journal of Political Economy 113, no. 1 (February 2005): 1-45.
  3. Smets, F. and Wouters, R. (2003), AN ESTIMATED DYNAMIC STOCHASTIC GENERAL EQUILIBRIUM MODEL OF THE EURO AREA. Journal of the European Economic Association, 1: 1123–1175. 
  4. Michael Woodford, 2008. "How Important Is Money in the Conduct of Monetary Policy?," Journal of Money, Credit and Banking, Blackwell Publishing, vol. 40(8), pages 1561-1598, December
  5. Blanchard, Olivier Jean, and Charles M. Kahn. “The Solution of Linear Difference Models under Rational Expectations.” Econometrica, vol. 48, no. 5, 1980, pp. 1305–1311.
  6. Jordi Galí & J. David López-Salido & Javier Vallés, 2007. "Understanding the Effects of Government Spending on Consumption," Journal of the European Economic Association, MIT Press, vol. 5(1), pages 227-270, 03.
  7. When Is the Government Spending Multiplier Large? Author(s): Lawrence Christiano, Martin Eichenbaum, Sergio Rebelo Source: Journal of Political Economy, Vol. 119, No. 1 (February 2011), pp. 78-121