Դամբանական բանաստեղծություն
Դամբանական բանաստեղծություն, հայ միջնադարյան գրականության մեջ տարածում գտած գրական տեսակ։ Դա այն ստեղծագործությունն է (գլխավորապես չափածո), որը նվիրվել է որևէ անձնավորության և մեծ մասամբ կատարվել թաղման արարողության ժամանակ։ Իր առանձնահատկություններով աղերսվում է հայ ժողովրդի լացուկոծի երգերին («Լալեաց բանաստեղծութիւն»), ինչպես և հունական ու ասորական դամբանական ճառերին։ Մեզ հասած Դամբարանական բանաստեղծությունների զգալի մասը անտիպ է, ձեռագրերում հանդիպում են այլևայլ անվանումներով՝ «ողբ», «ողբք», «ողբանք», «տաղ գերեզմանական», «բան ողբերգական» և այլն։ Ոճական-արտահայտչական առումով նրան բնորոշ են պատկերման հակադրության եղանակը, պատմական զուգահեռները, չափազանցությունը, հռետորական դիմումը, բացականչությունն ու հարցը։ Դամաբանական բանաստեղծությւններ են գրել Դավթակ Քերթողը (7-րդ դար), Վարդան Հայկազնը (12-րդ դար), Խաչատուրը (12-13-րդ դարեր), Ստեփանոս Թոխաթցին (16-17-րդ դարեր), Հովհաննես և Սիմեոև Կաֆայեցիները (17-րդ դար), Դավիթ Սալաձորցին (17-րդ դար) և ուրիշներ։ Դամբանական չափածո ողբերի նմանությամբ ուշ միջնադարում հորինվել են բազմաթիվ մեռելաողբեր, որոնք կատարվել են հուղարկավորության ժամանակ, ամեն անգամ հարմարեցվելով հանգուցյալին։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 272)։ |