Գունավոր լուսանկարչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գունավոր լուսանկարչություն լուսազգայուն թաղանթների միջոցով բազմագույն պատկերների՝ լուսանկարների ստացման եղանակ։ Գունավոր պատկերները ստացվում են հատուկ լուսազգայուն շերտերի վրա, որոնք այնուհետև մշակվում են նեգատիվպոզիտիվային կամ դարձելի եղանակով։

  1. Առաջին դեպքում նախ ստանում են լուսավորված առարկայի գունավոր նեգատիվ պատկերը, ապա պոզիտիվը՝ բնական գույներով։
  1. Երկրորդ դեպքում օգտվում են դարձելի լուսազգա–յուն թաղանթներից, որոնց վրա ստանում են պատկերը բնական գույներով։

Գունավոր լուսանկարներ ստանալու հնարավորությունը նկարագրել է Մաքսվեչը 1861 թվականին։ Նա կարծում է, որ կապույտ, կանաչ և կարմիր լուսազտիչներ օգտագործելով ստացված նեգատիվների միջոցով հնարավոր է վերարտադրել լուսանկարվող առարկայի գույնը։ Այդ հնարավորությունն իրականացրեց ֆրանսիացի գյուտարար Դյուկլո դյու Օրոնը (1868—1869 թվականներին)։ Գունավոր լուսանկարչության տարածված եղանակը եռշերտ լուսազգայուն թաղանթների վրա լուսանկարելն ու հետագա գունավոր հայտածումն է։

Սովորաբար լուսանկարչական ժապավենը (թիթեղը, թուղթը) ունի հետևյալ կառուցվածքը։ I շերտը զգայուն է միայն սպեկտրի կապույտ մասի նկատմամբ և զգայունացված չէ։ II շերտը դեղին լուսազտիչ է, որը պաշտպանում է հաջորդ շերտերը կապույտ լույսի ազդեցությունից։ Նրա տակ գտնվում են կանաչ (III) և կարմիր (IV) ճառագայթների նկատմամբ զգայուն շերտերը։ Վերջին երկուսը զգայունացված են։ Լուսազգայուն շերտերը, բացի արծաթի հալոգենիդներից, պարունակում են նաև դեղին, ծիրանի և երկնագույն ներկեր առաջացնող բաղադրիչներ։ Սրանք միանալով հայտածիչում պարունակվող ն լավ դիֆուզվող բաղադրիչների օքսիդացման արդյունքների հետ, ստանում են անլուծելի ներկեր։ Լուսանկարելիս լուսազգայուն շերտերը ենթարկվում են լուսանկարվող առարկայից անդրադարձած ճառագայթների ներգործությանը։ Նրանց վրա ստացվում են առարկայի թաքնված երեք պատկերներ, որոնցից յուրաքանչյուրը համապատասխանում է մեկ հիմնական գույնի։

Եթե լուսազգայուն ժապավենը դարձելի է, նախ ենթարկվում է սև-սպիտակ հայտածման, ապա լուսավորվում և ենթարկվում գունավոր հայտածման։ Առաջին հայտածման ժամանակ չվերականգնված արծաթի հալոգենիդները վերականգնվում են։ Գունավոր հայտածիչի օքսիդացած բաղադրիչները միանում են լուսազգայուն շերտերում գտնվող ներկանյութերին՝ առաջացնելով անլուծելի ներկեր։ Ստացվում են եռշերտ գունավոր պատկերներ։ Այնուհետև հեռացվում է լուսազգայուն շերտերում եղած ողջ արծաթը։ Լուսանկարչական ժապավենի վրա մնում են առարկայի դեղին, ծիրանի ն երկնագույն պատկերները, որոնց համատեղ դիտումն առաջացնում է առարկայի բնական գույների զգացողությունը։ Նեգատիվ գունավոր ժապավենը լուսանկարելուց հետո ենթարկվում է գունավոր հայտածման, որի շնորհիվ ստացվում են առարկայի եռշերտ պատկերը լրացուցիչ գույներով։ Այնուհետև հեռացվում է լուսազգայուն շերտերում գտնվող ողջ արծաթը (վերականգնված և չվերականգնըված)։ Ստացված նեգատիվից պատկերը պատճենահան կամ խոշորացնող սարքով տեղափոխվում է պոզիտիվ ժապավենի վրա։ Վերջինը մշակվում է նեգատիվ ժապավենի նման։ Նրա վրա առաջանում են եռշերտ պատկերներ, որոնց համատեղ դիտումն առաջացնում է բնական գույների զգացողություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 250