Գյուղատնտեսության աերոտիեզերական հետազոտության մեթոդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գյուղատնտեսության աերոտիեզերական հետազոտության մեթոդներ, մշակաբույսերի, հողհանդակների և հողերի վիճակի մասին աերո և տիեզերական հանույթների, վերերկրային տեղեկությունների ստացման, մշակման ու նյութերի օգտագործման եղանակների համախումբ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսության աերոտիեզերական հետազոտության մեթոդների հիմքում ընկած է երկրի մակերևույթին գտնվող հետազոտման օբյեկտների նկարահանումը՝ օդագնացության (ինքնաթիռ, ուղղաթիռ և այլն) կամ տիեզերական (ինքնաշխատ և օդաչուավոր սարքեր) կրիչների վրա տեղադրված հեռազոնդավորման տարատեսակ համակարգերի օգնությամբ։

Հեռազոնդավորման սարքերից առավել տարածված են բարձր զգայուն բազմասպեկտրային տեսածրող ռադիոչափերը կամ տեսածրիչները, որոնք ապահովում են միևնույն օբյեկտի միաժամանակյա նկարահանում էլեկտրամագնիսական սպեկտրի մի քանի նեղ տիրույթներում, նաև ջերմային ենթակարմիր ու ռադիոտեղորոշումային սարքավորումները, որոնցով հնարավոր է նկարահանումն իրականացնել շուրջօրյա ռեժիմով և ցանկացած եղանակային պայմաններում։

Հետազոտության մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսության աերոտիեզերական հետազոտության մեթոդներով գյուղատնտեսական հետազոտումը դիտարկվող տարածքի աերո և տիեզերական նկարահանումներ կատարելն է, ստացված պատկերների գրանցումը մագնիսական կրիչների վրա, լուսանկարների կամ թվային տեսքով, փորձադաշտերում և փորձանմուշային տեղամասերում՝ աերոդիտման և գետնի վրա կատարվող դիտարկումներով լրացուցիչ տեղեկություն ստանալը։ Այն անհրաժեշտ է աերո և տիեզերական նկարահանումների նյութերն ապակոդավորելու և մեկնաբանելու համար, ստացված տեղեկությունների համալիր մշակումը՝ գաղտնի տեղեկատվական կարիքների ապահովման համար։ Աերո և տիեզերական հանույթների նյութը մշակվում է ակնադիտագործիքային, նաև պատկերների ապակոդավորման և մեկնաբանման ավտոմատացված մեթոդներով՝ օպտիկաէլեկտրոնային ու թվային հաշվիչ տեխնիկայի կիրառմամբ։ Գյուղատնտեսության աերոտիեզերական հետազոտության մեթոդների մեջ օգտագործվում են մշակաբույսերի նույնականացման և ցանքատարածքների մակերեսների որոշման, նրանց զարգացման պայմանների ու վիճակի օպերատիվ հսկողության, վնասատուներով վարակվածության և բույսերի հիվանդությունների վաղ ախտորոշման, վնասատուների և հիվանդությունների առաջացման ու տարածման օջախների սրացման, մեծ տարածքներում մշակաբույսերի հասունացման ժամկետների ու բերքատվության գնահատման և կանխագուշակման, հողերի ու հանդակների կարանտինի, հողերի դասակարգման, դաշտային աշխատանքների և ագրոտեխնիկական միջոցառումների գրաֆիկների ու ժամկետների ճշգրտման, ջրամելիորատիվ համակարգերի և ջրամբարների վիճակի գնահատման, հողերի հակաէրոզային պաշտպանության, հողաշինական նախագծահետախուզական աշխատանքների, հողերի պետական հավառման ու կադաստրի կազմման, գյուղատնտեսական հանդակների մակերեսների ընդարձակման, հողային պաշարների բացահայտման, հողի որակից կախված՝ գյուղատնտեսական արտադրության մասնագիտացման ու տեղաբաշխման, բերքահավաքի տեխնիկայի և փոխադրամիջոցների արդյունավետ օգտագործման, շրջակա միջավայրի վրա գյուղատնտեսական արտադրության ազդեցության գնահատման և այլնի համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։