Գերնոր աստղեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
SN 1994D՝ (ներքևի ձախ անկյունի պայծառ կետը), Ia տիպի գերնոր աստղ NGC 4526 գալակտիկայում։

Գերնոր աստղեր, հազվագյուտ աստղերի դաս, որոնց պայծառությունը մի քանի օրվա ընթացքում մեծանում է տասնյակ աստղային մեծությամբ։ Առավելագույն պայծառության գերնոր աստղի լուսատվությունը կարող է մի քանի տասնյակ միլիարդ անգամ գերազանցել Արեգակի լուսատվությունը, որոշ դեպքերում նույնիսկ այն գալակտիկայի պայծառությունը, որին ինքը պատկանում է։ Օրինակ, ամենապայծառ գերնոր աստղը, որը հայտնաբերվել է 1937 թվականին, 100 անգամ գերազանցում էր գալակտիկայի պայծառությունը։ 1054 թվականին մեր Գալակտիկայում բռնկված գերնոր աստղը լավ երևացել է նույնիսկ ցերեկը։ Վերջին գերնոր աստղը մեր Գալակտիկայում դիտվել է 1604 թվականին։ Գերնոր աստղերի ամենավաղ վկայությունը SN 185-ն է, որը դիտարկել են չին աստղագետները 185 թ․: Ամենապայծառ գերնոր աստղը SN 1006-ն է, որը մանրամասն նկարագրել են չին և իսլամ աստղագետները[1]:

Գերնոր աստղերի բռնկման միջին հաճախականությունը հասնում է 300 տարվա։ Մեծ հեռավորության պատճառով նրանց տեսանելի մեծությունը նույնիսկ առավելագույն պայծառության պահին սովորաբար հասնում է 13-րդ աստղային մեծության։ Գերնոր աստղերի բռնկման հետևանքով առաջանում է գազային միգամածություն, որը մեծ արագությամբ լայնանում է և ռադիոճառագայթման հզոր աղբյուր է։

Գերնոր աստղերը, ըստ պայծառության կորի և սպեկտրների, բաժանվում են երկու դասի։ I դասի գերնոր աստղերի սպեկտրները բնորոշվում են առաքման լայն շերտերով։ Նրանց արտավիժած թաղանթների լայնացման արագությունը 1000 կմ/վրկ է, իսկ բացարձակ աստղային մեծությունը՝ —21։ II դասի գերներ աստղերի առավելագույն պայծառության ժամանակ սովորաբար ունեն անընդհատ սպեկտրներ։ Նրանց թաղանթի լայնացման արագությունը հասնում է 6000—7000 կմ/վրկ, իսկ բացարձակ աստղային մեծությունը՝ —14։ Գերնոր աստղերի բռնկման պատճառները դեռևս անհայտ են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 62 CC-BY-SA-icon-80x15.png