Բույսերի գիծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բույսերի գիծ, սեռական ճանապարհով բազմացող մեկ հոմոզիգոտային բույսի սերունդները։ Տարբերում են մաքուր և ինցուխտ գծեր։ Մաքուր բույսերի գիծ՝ մեկ, մշտապես ինքնափոշոտվող բույսի սերունդներն են։

Գծային սորտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքուր բույսերի գծի սերունդների բազմացման արդյունքում ստացվող սորտերին (գծային սորտեր) բնորոշ է կազմաբանական և տնտեսակենսաբանական հատկանիշների համահավասարության բարձր աստիճանը։ Սակայն տևական մշակման դեպքում բնական վերափոշոտման, մեխանիկական աղտոտվածության և մուտացիաների արդյունքում գծային սորտը կորցնում է իր միատիպությունը, նրա բերքային որակները պահպանելու համար անհրաժեշտ է սորտաթարմացում։ Մաքուր բույսերի գծում ընտրությունն արդյունավետ չէ։

Ինցուխտավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինցուխտ գծերը, բազմակի արհեստական ինքնափոշոտման (ինցուխտավորում) արդյունքում ստացված, խաչաձև փոշոտվող մեկ բույսի սերունդներն են։ 4–5 տարի ինցուխտավորելուց հետո ստացվում է ինցուխտ գծերի սերունդների համահավասարեցման բարձր աստիճան։ Զուգակցությունների մեծ ունակությամբ օժտված ինցուխտ գծերն օգտագործվում են հիբրիդների ստացման համար (պարզ միջգծային, եռագիծ, սորտագծային և կրկնակի միջգծային)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։