Բանկային վերահսկողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բանկային վերահսկողություն, ֆինանսական ինստիտուտների գործունեության նկատմամբ պետական վերահսկողության օղակ, որն իրենից ներկայացնում է մեխանիզմների ու մեթոդների համակարգ՝ ուղղված հասարակության շահերից ելնելով տնտեսության բանկային հատվածի զարգացման ապահովմանը։

Վերահսկողությունը ընդհանուր կառավարման տեսության ու պրակտիկայի հիմնական գործառույթներից մեկն է։ Տվյալ պարագայում այն գործ ունի առանձնահատուկ օբյեկտի՝ բանկային համակարգի հետ, ըստ այդմ՝ բանկային վերահսկողությունը հանդես է գալիս, որպես ինքնուրույն գործառույթ։ Բանկերը և նրանց գործունեությունը, որպես կանոն, հանդիսանում են առավել խիստ պաշտոնական վերահսկողության առարկա, քան ձեռնարկատիրական գործունեության որևէ այլ ոլորտ։ Նման մոտեցումը պայմանավորված է հասարակական և տնտեսական կյանքում բանկերի ունեցած կարևոր դերով, մի շարք օբյեկտիվ պատճառներով պայմանավորված բանկային գործի անկայուն բնույթով և տարատեսակ ռիսկերին բանկերի հակվածությամբ, որոնք կարող են դառնալ բանկի հնարավոր կորուստների պատճառ և ունենալ համակարգային հետևանքներ՝ հանգեցնելով բանկերի սնանկացման և նույնիսկ ֆինանսական ճգնաժամի առաջացման։

Բանկային վերահսկողության արդյունավետության սկզբունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի հոկտեմբերին Մեքսիկայում տեղի ունեցած բանկային վերահսկողության մարմինների միջազգային կոնֆերանսի կողմից հավանության արժանացավ, այնուհետև Բազելյան կոմիտեի կողմից հրատարակվեց բանկային վերահսկողության նվազագույն ստանդարտների վերաբերյալ հիմնարար փաստաթուղթը՝ Արդյունավետ բանկային վերահսկողության հիմնարար սկզբունքների մասին, որն առաջին անգամ լույս էր տեսել 1997 թվականին։ Այն հիմնվում է հետևյալ դրույթների վրա.

  • վերահսկողության հիմնական նպատակը ֆինանսական համակարգում կայունության և վստահության պահպանումն է՝ այդպիսով նվազեցնելով ավանդատուների և այլ պարտապանների կորուստների ռիսկերը,
  • վերահսկող մարմինները պետք է խրախուսեն բանկի կողմից շուկայական կարգապահության, այդ թվում՝ գործունեության թափանցիկության ապահովումը,
  • որպեսզի վերահսկող մարմինները իրենց խնդիրներն արդյունավետ իրագործեն, պետք է ունենան գործառնական անկախություն, միջոցներ և իրավասություններ, ինչպես տեղերում, այնպես էլ հեռակա վերահսկողություն իրականացելու համար և պետք է ունենան լիազորություններ իրենց որոշումները իրականացնելու համար,
  • վերահսկող մարմինները պետք է հասկանան բանկերի կողմից իրականացվող գործունեության էությունը և որքանով հնարավոր է երաշխավորեն, որ ռիսկերը համարժեքորեն կառավարվում են,
  • արդյունավետ բանկային վերահսկողությունը պահանջում է, որպեսզի գնահատվեն առանձին բանկերի ռիսկերի պրոֆիլները և վերահսկողական ռեսուրսները համարժեքորեն բաշխվեն,
  • վերահսկող մարմինները պետք է երաշխավորեն, որ բանկերը ռիսկը կրճատելու համար ունեն համապատասխան ռեսուրսներ, ներառյալ՝ համարժեք կապիտալ, պատշաճ կառավարում և արդյունավետ վերահսկման ու հաշվառման համակարգեր,
  • վերահսկող մարմինները այլ երկրների վերահսկող մարմինների հետ պետք է սերտ կապեր ունենան։

Բանկային վերահսկողության կազմակերպման միջազգային փորձը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանկային վերահսկողության կազմակերպման կոնկրետ ձևի ընտրությունը պայմանավորված Է գործոնների ամբողջությամբ, որոնց բազմազանությունը նրանցից յուրաքանչյուրին տալիս է անկրկնելի ազգային յուրահատկություն։ Բանկային գործունեության պայմանների փոփոխությունները խթանում են փնտրելու նոր կազմակերպչական լուծումներ, որոնք ուղղված են վերահսկողական գործընթացների արդյունավետության բարձրացմանը և օպտիմալացմանը։ Համապատասխանաբար, վերահսկողական գործառույթների իրագործման ձևերը յուրաքանչյուր առանձին վերցրած երկրում չեն մնում անփոփոխ։ Այդ պատճառով էլ շատ դժվար է առանձնացնել բանկային ոլորտում վերահսկողության կազմակերպման հստակ տիպեր։ Այնուամենայնիվ, պայմանականորեն կարելի է առանձնացնել բանկային վերահսկողության կազմակերպման չորս հիմնական մոդելներ։

Առաջին մոդելը հիմնվում է բանկային վերահսկողության ոլորտում կենտրոնական բանկերին օրենսդրորեն բացառիկ իրավասություններով օժտելու վրա։ Հենց այս մոդելն է պատմականորեն եղել գերակայող, բայց ոչ միակը՝ բանկային գործում վերահսկողական փորձի առաջացման պահից սկսած։ Ներկայումս այն կորցրել է իր գերակշռող դիրքերը՝ չնայած նախկինի պես պահանջված է կյանքում։ Ոչ միայն շատ զարգացող երկրներում, այլև կայացած շուկայական տնտեսությամբ երկրներում, կենտրոնական բանկերը շարունակում են իրականացնել բանկային վերահսկողության գործառույթները։

Երկրորդ մոդելը, որը կարելի է անվանել խառը մոդել, առկա է այն երկրներում, որտեղ բանկային վերահսկողության գործառույթները իրականացվում են մասնագիտացված մարմինների կողմից՝ կենտրոնական բանկի և ֆինանսների նախարարության անմիջական մասնակցության պայմաններում։ Այստեղ, որպես ամենավառ օրինակ կարող է ծառայել բանկային վերահսկողության կազմակերպումը ԱՄՆ-ում, որը Մեծ ութնյակի երկրներից տարբերվում է բավական բարդ կառուցվածքով։

Երրորդ մոդելը բնութագրվում է նրանով, որ բանկային գործունեության նկատմամբ վերահսկողությունը իրականացվում է անկախ մասնագիտացված մարմինների կողմից՝ Ֆինանսների նախարարության հետ սերտ փոխկապվածությամբ և քիչ, թե շատ արտահայտված, կենտրոնական բանկի միջնորդավորված մասնակցությամբ։ Այդպիսի երկրների թվին կարելի է դասել Կանադային, որը Մեծ Բրիտանիայի հետ մեկտեղ հանդիսանում է Մեծ ութնյակի երկրներից մեկը, որտեղ բանկային վերահսկողության գործում կենտրոնական բանկի դերը խիստ սահմանափակ է։ Ոչ վաղ անցյալում այս երկրների թվին էին դասվում Ավստրիան և Գերմանիան՝ չնայած վերջինիս կենտրոնական բանկը՝ Բունդեսբանկը խաղում էր և շարունակում է մեծ դեր խաղալ բանկային գործունեության վերահսկողության գործում։

Չորրորդ մոդելը միավորում է այն երկրներին, որոնք օրենսդրական որոշումներ են ընդունել ֆինանսական ծառայությունների շուկայում միասնական վերահսկողության համակարգի ստեղծման մասին։ Շատ այդպիսի երկրներում վերահսկողական գործառույթները առանձնացված են կենտրոնական բանկերից։

Բանկային վերահսկողության ձևերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձնացվում են բանկային գործունեության նկատմամբ վերահսկողության հետևյալ երեք ձևերը՝ վերահսկողությունը

  1. օրենսդրությամբ բանկային գործունեության վերահսկողության համար լիազորված պետական մարմնի (մարմինների) կողմից,
  2. արտաքին անկախ աուդիտի կողմից,
  3. բանկի ներքին վերահսկողության (աուդիտի) կողմից։

Օրենքով սահմանված կարգով լիազորված պետական մարմինը լիցենզավորում է բանկերին, կարգավորում և վերահսկում է նրանց գործունեությունը, անհրաժեշտության դեպքում կիրառում է պատժամիջոցներ։ Միևնույն ժամանակ բանկային վերահսկողությունը չի սահմանափակվում միայն լիազորված պետական մարմնի գործառույթներով, այլև զուգահեռաբար իրականացվում է բանկի բաժնետերերի, տնօրինության, անկախ աուդիտորների կողմից։ Այսօր բանկերում կիրառվում են ներքին վերահսկողության տարաբնույթ մեթոդներ։ Այս ամենը, ի վերջո, հանգում է միևնույն նպատակին՝ բանկի կայուն և հուսալի գործունեության ապահովմանը։

Բանկային վերահսկողության կազմակերպումը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը ստանձնեց Հայաստանի ֆինանսական հատվածի վերահսկողությունը։ Միասնական վերահսկողության համակարգին անցումը կարգավորվում էր Ֆինանսական կարգավորման և վերահսկողության միասնական համակարգի ներդրման մասին ՀՀ օրենքով։ Օրենքի համաձայն ֆինանսական համակարգի այլ մասնակիցների նկատմամբ վերահսկողության գործառույթները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին։ Օրենքը սահմանում է, որ ֆինանսական վերահսկողության միասնական համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների նպատակն է միասնական, անկախ և արդյունավետ համախմբված վերահսկողության համակարգի ստեղծումը և իրականացումը, ֆինանսական համակարգի կայունության և բնականոն գործունեության ապահովումը, ինչպես նաև ֆինանսական ծառայությունների սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը։

Ֆինանսական համակարգի մասնակիցների գործունեության ռիսկերի մակարդակների թույլատրելիության աստիճանի բացահայտման և դրանց անթույլատրելի մակարդակի կանխման, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, ֆինանսական համակարգի սպառողների շահերի պաշտպանության և այլ նպատակներով ՀՀ Կենտրոնական բանկի առանձին ստորաբաժանումներ իրականացնում են փաստաթղթային և տեղերում ստուգումներ։

  • հեռակա վերահսկողության ժամանակ իրականացվում է բանկերի գործունեության շարունակական վերլուծություն՝ ֆինանսական վիճակի, ռիսկերի մակարդակի գնահատման ու բանկերի գործունեությունը կանոնակարգող օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխանության ստուգման նպատակներով,
  • տեղերում վերահսկողությունը հնարավորություն է տալիս անցկացնել բանկի գործունեության և վիճակի մասին անկախ ստուգում, ինչպես նաև ստուգել բանկի կողմից ներկայացվող տվյալների արժանահավատությունը։ Օգտվելով ընտրական մեթոդից՝ վերստուգողները հիմնականում ուշադրություն են դարձնում բանկի հաշվառման և վերահսկման համակարգերին և նրան, թե որքանով է այն համապատասխանում ընդունված չափանիշներին, օրենսդրությանը, ինչպես նաև բանկի քաղաքականությանը և գործառնական արարողակարգերին, որից ելնելով տալիս են հիմնավորված գնահատականներ բանկի գործունեության այս կամ այն ուղղության մասին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բանկային գործ.- Երևան։ Սարվարդ Հրատ, 2004։
  2. Basic principles of banking supervision։ Derrick Ware. – Bank of England, London, 1996.
  3. Ա. Իվանյան, Տ. Եսայան, Բանկային վերահսկողություն և աուդիտ, Ֆինանսաբանկային քոլեջ, Երևան, 2003։
  4. Экономический вестник Ростовского государственного университета, том 6, номер 4, часть 4, 2008.
  5. Деньги и кредит, Актуальная тема, номер 4, 2007.
  6. Ֆինանսական կարգավորման և վերահսկողության միասնական համակարգի ներդրման մասին Հայաստանի Հանրապետության օրենքը, 2005։
  7. Core Principles for Effective Banking Supervision, 2006.