ԲԿԳ Մատրիցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԲԿԳ մատրիցա (անգլ.՝ BCG Matrix) — ռազմավարական վերլուծության և պլանավորման գործիք մարքեթինգում։ Ստեղծվել է Boston Consulting Group ընկերության հիմնադրի՝ Բրյուս Դ. Հենդերսոնի կողմից, ընկերության ապրանքների արդիականության վերլուծության համար՝ ելնելով նրանց դիրքից՝ շուկայում տվյալ ապրանքի պահանջարկի աճի և վերլուծության համար ընտրված ընկերության կողմից զբաղեցրած շուկայի մասնաբաժնի համեմատ[1]։ Տվյալ գործիքը տեսականորեն հիմնավորված է։ Նրա հիմքում դրված են երկու մոտեցումներ. ապրանքի կենսացիկլը և արտադրության մասշտաբի էֆեկտը կամ ուսուցման կորը։ Մատրիցայի վրա առանցքներով արտացոլվում են պահանջարկի աճը (ուղղահայաց առանցք) և շուկայի մասնաբաժինը (հորիզոնական առանցք)։ Այս երկու ցուցանիշերի համադրումը հնարավորություն է տալիս դասակարգել ապրանքները՝ առանձնացնելով ապրանքի չորս հնարավոր դեր այն արտադրող կամ վաճառող ընկերության համար։

Ապրանքների դասակարգումը[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲԿԳ Մատրիցայի նկարագրություն

«Աստղեր»[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաճառքների ծավալի բարձր աճի տեմպ և շուկայի մեծ մասնաբաժին։ Շուկայի մասնաբաժինը անհրաժեշտ է պահպանել և մեծացնել։ «Աստղերը» շատ մեծ եկամուտ են բերում։ Բայց, չնայած տվյալ ապրանքի գրավչությանը, նրա մաքուր դրամական հոսքերի մակարդակը բավական ցածր է, քանի որ այն պահանջում է զգալի ներդրումներ աճի բարձր տեմպի ապահովման համար։

«Կթու կովեր» («Փողի պարկեր»)[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուկայի մեծ մասնաբաժին, բայց վաճառքների ծավալի աճի ցածր տեմպ։ «Կթու կովերին» պետք է պահպանել և առավելագույն վերահսկել։ Դրանց գրավչությունը բացատրվում է նրանով, որ նրանք չեն պահանջում լրացուցիչ ներդրումներ և միևնույն ժամանակ իրենք իրենցով ապահովում են լավ դրամական եկամուտ։ Վաճառքներից եկած միջոցները կարելի է ուղղել «Բարդ երեխաների» զարգացմանը և «Աստղերի» աջակցմանը։

«Անհաջողակներ» («Կաղ բադիկներ», «Մեռած բեռ»)[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաճառքների աճի տեմպը ցածր է, շուկայի մասնաբաժինը փոքր է, ապրանքը, որպես կանոն, ունի շահութաբերության ցածր մակարդակ և պահանջում է կառավարչի կողմից մեծ ուշադրություն։ «Շներից» պետք է ազատվել։

«Բարդ երեխաներ» («Վայրի կատուներ», «Չբացահայտված ձիեր», «Հարցական նշաններ», «Խնդրահարույց»)[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուկայի փոքր մասնաբաժին, բայց վաճառքի աճի մեծ տեմպեր։ «Բարդ երեխաներին» անհրաժեշտ է հետազոտել։ Հեռանկարում նրանք կարող են դառնալ ինչպես աստղեր, այնպես էլ շներ։ Եթե հնարավորություն կա տեղափոխել այն աստղերի շարքը, ապա պետք է ներդրումներ կատարել, հակառակ դեպքում՝ նրանցից պետք է ազատվել։

Թերությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իրավիճակի շատ մեծ պարզեցում. մոդելում հաշվի են առնվում միայն երկու գործոն, սակայն շուկայի հարաբերական մեծ մասնաբաժինը հաջողության միակ գործոնը չէ, իսկ հավելաճի բարձր տեմպերը շուկայի գրավչության միակ ցուցանիշը չեն։
  • Ֆինանսական ասպեկտի հաշվի առնելու բացակայություն. շներից ազատվելը կարող է բերել կովերի և աստղերի ինքնարժեքի աճի, ինչպես նաև բացասաբար ազդել այդ ապրանքը օգտագործող հաճախորդների լոյալության վրա։
  • Ենթադրությունը, որ շուկայի մասնաբաժինը համապատասխանում է շահույթին. այս կանոնը կարող է խախտվել շուկա մեծ ներդրումային ծախսերով նոր ապրանք մտցնելու դեպքում։
  • Ենթադրությունը, որ շուկայի մասնաբաժնի նվազումը կապված է ապրանքի կենսացիկլի ավարտի հետ. շուկայում լինում են նաև այլ իրավիճակներ, օրինակ, իրարանցումային պահանջարկի ավարտ կամ տնտեսական ճգնաժամ։

Առավելությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • վերլուծվող պարամետրերի և ֆինանսական մուտքերի միջև փոխկապվածության տեսական մշակում։
  • վերլուծվող պարամետրերի օբյեկտիվություն (շուկայի հարաբերական մասնաբաժինը և շուկայի աճի տեմպերը)։
  • ստացվող արդյունքների պարզություն և կառուցման հեշտություն։
  • այն թույլ է տալիս համատեղել պորտֆելի վերլուծությունը ապրանքի կենսացիկլի մոդելի հետ։
  • հասկանալու համար պարզությունը և հասանելիությունը։
  • բիզնես-միավորների համար հեշտ է մշակել ռազմավարություն և ներդրումային քաղաքականություն։

Կառուցման կանոնները[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲԿԳ Մատրիցայի օրինակ

Հորիզոնական առանցքը համապատասխանում է շուկայի հարաբերական մասնաբաժնին, կոորդինատային տարածքը ներառում է 0-ից 1 միջակայքը՝ 0,1 քայլով, իսկ հաջորդիվ՝ 1-ից մինչև 10 միջակայքը՝ 1 քայլով։ Շուկայի մասնաբաժնի գնահատումն իրենից ներկայացնում է տնտեսության ճյուղի բոլոր մասնակիցների վաճառքների վերլուծության արդյունք։ Շուկայի հարաբերական մասնաբաժինը հաշվարկվում է որպես սեփական վաճառքների և ուժեղագույն մրցակցի կամ երեք ուժեղագույն մրցակիցների վաճառքների հարաբերակցություն, կախված կոնկրետ շուկայում կենտրոնացման աստիճանից. 1 նշանակում է, որ սեփական վաճառքները հավասար են ուժեղագույն մրցակցի վաճառքներին։

Ուղղահայաց առանցքը համապատասխանում է շուկայի աճի տեմպերին։ Կոորդինատային տարածքը որոշվում է ընկերության բոլոր ապրանքների աճի տեմպերով՝ առավելագույնից մինչև նվազագույն՝ նվազագույնը կարող է բացասական լինել, եթե աճի տեմպերը բացասական են։

Յուրաքանչյուր ապրանքի համար սահմանվում են ուղղահայաց և հորիզոնական առանցքների հատումներ և նկարվում է շրջան, որի մակերեսը համապատասխանում է ընկերության վաճառքների ծավալում նրա մասնաբաժնին։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Брюс Д. Хендерсен Продуктовый портфель // Бостонская консалтинговая группа BCG Review : Дайджест. — М: Бостонская консалтинговая группа, 2008. — В. 02. — С. 7-8.