Աքքերմանի կոնվենցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աքքերմանի կոնվենցիա
Ստորագրվել է
— վայր
1826հոկտեմբերի 7
Աքքերման (այժմ Բելգորոդ-Դնեստրովսկի)
Ստորագրել են Մ. Մորոնցով, Ա.Ռիբոպյեր (Ռուսաստան) և Մեհմեդ Հադի Էֆենդի, Իբրահիմ Էֆենդի (Օսմանյան կայսրություն)
Կողմեր Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն

Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն

Աքքերմանի կոնվենցիան կնքվել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև 1826 թ.հոկտեմբերի 7-ին։ Նախօրյակին խիստ սրվել էին ռուս-թուրքական հարաբերությունները (հունական հարցի բարդացումների հետևանքով)։ 1826 թ մարտի 17-ին Ռուսաստանի հավատարմատարը Կ.Պոլսում վերջնագիր ներկայացրեց Բարձրագույն դռանը, որով պահանջում էր՝

  1. Թուրքական զորքերը հանել Մոլդովայից և Վալախիայից։
  2. Այնտեղ վերականգնել այն կարգն ու կանոնը, որ սահմանել էր Ռուսաստանի և Թուրքիայի միջև նախկինում կնքված պայմանագրով և Թուրքերի կողմից խախտված էր 1821 թ.-ից հետո։
  3. Անհապաղ ազատ արձակել Կ.Պոլսում ձերբակալված սերբ դեպուտատներին։ Սերբիային վերադարձնել այն բոլոր իրավունքները, որոնք նա ստացել էր 1812 թ.-ի Բուխարեստի հաշտության պայմանագրով։
  4. Վերաբացել ռուս-թուրքական բանակցությունները, որ անհետևանք էին մնացել տակավին 1821 թ.-ից։

Այս բոլոր պայմանները Բ. Դուռը պետք է կատարեր վեց շաբաթվա ընթացքում։ Եվրոպական տերություններին հանգստացնելու նպատակով Նիկոլայ Ա-ն մի կողմից հայտարարեց հունական գործերում իր շահագրգռվածության մասին, մյուս կողմից, 1826 թ.-ի ապրիլի 4-ին ստորագրեց Պետերբուրգի արձանագրությունը հունական հարցում ռուս-անգլիական համատեղ ելույթի մասին։ Բ. Դուռն ընդունեց Ռուսաստանի վերջնագիրն, և 1826 թ.-ի հուլիսի 13-ին սկսվեցին ռուս-թուրքական բանակցություններն Աքքերմանում։ Ռուս դիվանագետները թելադրեցին իրենց պայմանները, որոնք թուրքերն ընդունեցին անփոփոխ։ Աքքերմանի կոնվենցիան ուներ ութ հոդված և երկու հավելված։ Այն հաստատում էր Բուխարեստի խաղաղության պայմանագիրը (1812 թ.), նրա որոշ դրույթներ հօգուտ Ռուսաստանի։ Ռուսաստանն ընդլանում էր իր տիրույթները Սև ծովի արևելյան ափին (Անակլիա, Սուխում և Ռեդութ կալե)։ Ռուսաստանն ազատ առևտրի իրավունք էր ստանում թուրքական կայսրության բոլոր մասերում։ Ռուսաց նավատորմ ազատ նավարկության իրավունք էր ստանում թուրքական ջրերում։ Թուրքիան պարտավորվում էր Մոլդովիային և Վալախիային վերադարձնել բոլոր այն իրավունքներն ու արտոնությունները, որ այդ իշխանություններն ունեին ըստ Բուխարեստի պայմանագրի (1812 թ.) և սուլթանական հրամանագրի (1802 թ.)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լեո, Երկերի ժողովածու, չորրորդ հատոր, Երևան, 1984