Արևմտահայ տղամարդու տարազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արևմտահայ տղամարդու տարազ, Արևմտյան Հայաստանի տղամարդկանց բնորոշ տարազ[1]։

Տարոնեցի քաղաքաբնակ ֆիդայու հագուստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխին դրվում է թաղիքե քոլոզ, որի վրա կապվում է փուշի-գխաշոր։ Թիկունքին գցվում է բրդյա երկար շալ։ Բաճկոնը կարվում է սև շալ-կտորից, որի գոտին նույնպես բրդյա է։ Գոտու մեջ դրվում է դաշույնը։ Տաբատը կարվում է տնայնագործական եղանակով գործված կտորից։ Վերևի մասը լայն է, իսկ փողքերը՝ համեմատաբար նեղ։ Տաբատի ներքևի մասը դրվում է բրդյա գուլպաների մեջ։ Ոտքերին սոլեր է հագնում։ Տարոնի ավանդական տարազի մի այլ տեսակի բաճկոնը կարվում է սև բրդյա կտորից։ Տարազին ավելացվում է նաև փամփուշտակալներ և զենքեր։ Շալ կտորից կարված տաբատի ծայրերը դրվում են բե գուլպաների մեջ։ Երկար գոտին մի քանի շրջան փաթաթվում է մեջքի շուրջը։

Հայ ֆիդայու տարազ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխին դրվում է ճերմակ թաղիքե քոլոզ, որի վրա փաթաթվոմ է բրդյա շերտավոր կտոր։ Հագնում է արխալուղ՝ կարված բամբակյա հաստ կտորից։ Նույնանման կտորից է կարված նաև տաբատը, որի ծայրերը մտցվում են երկարաճիտ կոշիկների մեջ։ Մեջքին կապվում է ավանդական երկար գոտի՝ գործած բրդյա թելերով։

Հոգևորական կամավորի հագուստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոլոզը պատրաստված է սպիտակ թաղիքից, որի վրա ոլորվոմ է շալ կտոր։ Հագնում է բաճկոնակ՝ մահուդե կտորից և արխալուղ՝ գծավոր շալ կտորից։ Տաբատի ծայրերը դրվում են երկարաճիտ կոշիկների մեջ։ Կրծքին և մեջքին կապված են փամփշտակալները։

Կամավոր զինվորների հագուստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինվորի բաճկոնը, տաբատը և վերնաշապիկը կարվում են նուրբ մահուդից։ Գոտին բրդյա է։ Գլխին դրվում է պիտակ գառան մորթուց գործված փափախ։ Կա նաև տարազի այլ տեսակ։ Զինվոի գլխին կապվում է նուրբ մահուդ կտորից կարված ճերմակ գլխաշոր։ Տաբատն ու բաճկոնը կարվում են շալ կտորից, իսկ մեջքին բրդյա թելերով գործված ավանդական նախշազարդ գոտի է կապվում։

Շատախցի տղամարդու տոնական հագուստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետաքսե գծավոր կտորով պարուրված քոլոզը սպիտակ թաղիքից է։ Բաճկոնը և տաբատը կարվում է շալ կտորից։ Տաբատը զարդարվում է նուրբ ասեղնագործությամբ։ Գոտին բրդյա գծավոր կտորից է։ Տոն օրերին շապիկի թևքերից կախում էին 50 սմ երկարությամբ հուլունքազարդ ջալահիկներ։ Ոտքերին սոլեր էին հագնում։ Կարճ թևերով բաճկոնակը կարվում էր այծի բրդով պատրաստված կտորից։

Շատախցի տղամարդու ամենօրյա հագուստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխի սպիտակ թաղիքե քոլոզի վրա փաթաթվում է մետաքսե վուշի, որի եզրերը զարդարված են փնջիկներով։ Պարանոցին կապվում է մետաքսե գծավոր թաշկինակ։ Բաճկոնակը կարվում է մահուդե կտորից, ունի երկար թևքեր, իսկ թևաբերաններն ու կրծքամասը ասեղնագործվում են ոսկեթելով։ Բաճկոնի ուսերին գցվում էր այծի բրդից կարված կտոր։ Բաճկոնակի երկարությունը հասնում էր մինչև գոտկատեղը։ Գոտին շատ երկար է, մոտ 3-5 մետր։ Կարվում է գծավոր մետաքսից և մի քանի շրջան փաթաթվում մեջքի շուրջը։ Գոտու մեջ դնում են ծխամորճն ու դաշույնը։ Տաբատը կարվում է շալ կտորից և ասեղնագործվում է բրդյա նուրբ թելերով։ Իսկ տաբատի վերին լան մասը կապում են խունջանակապով։

Վասպուրականցի ֆիդայու հագուստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխի ճերմակ թաղիքե քոլոզը փուշիով փաթաթված է։ Պարանոցին կապվում է մետաքսե թաշկինակ։ Հագնում են սպիտակ բամբակե շապիկ, որի վրայից՝ գծավոր շալ կտորից կարված երկար թևքերով բլուզ։ Իշլիկ բաճկոնակն ունի կարճ թևեր, իսկ սպիտակ մահուդե առանց թևերի բաճկոնակի առաջամսը բաց է մնում։ Գծավոր շալ կտորից կարված գոտու ծայրերը զարդարվում են հուլունքնրով և ծոպերով։ Տաբատը նույնպես կարվում է շալ կտորից։ Գուլպաները սպիտակ են, բրդյա։ Ոտնամանները սոլեր են։

Բաղեշցի տղամարդու հագուստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաղիքե քոլոզը սև է, վրան փաթաթված է մետաքսե ոլորված գծավոր կտոր։ Հագնում են սպիտակ բամբակյա շապիկ՝ երկար թեզանիքներով։ Բաճկոնակը կարվում է գծավոր շալ կտորից, կարճ է, իսկ թևքերը՝ երկար։ Բաճկոնակի ուսերին գցվում է այծի բրդից պատրաստված կտոր, որը տաք է պահում ուսերը և հպարտ տեսք տալիս։ Գոտին բրդյա է։

Զեյթունցի տղամարդու հագուստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճերմակ թաղիքե քոլոզի վրա փաթաթվում է գունավոր մետաքսե կտոր։ Շապիկ կարվում է մունուսա կտորից։ Վրան ամրացվում են ուղիղ և զիգզագ գծերով նեղ ժապավեններ։ Կարճ բաճկոնակը, որը կոչվում է սալաթա, կարվում է շալ կտորից։ Կրծքամասի վրա և թևերին կան ոսկեթել կամ գունավոր ասեղնագործություններ։ Բաճկոնակի տակից հագնում են արխալուղ։ Տաբատը կարվում է նուրբ մահուդե կտորից, դրա վրա նույնպես կան ոսկեթել ասեղնագործություններ։ Տաբատի վերին մասը լակն է, փողքերը՝ նեղ։ Թիկնոցը շալ կտորից է, կոշիկները սև կաշվե սոլեր են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://tarazupar.am/%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%A6/armenian-male-costumes/ Արխիվացված 2015-07-27 Wayback Machine Հայկական տարազների մասին հավաստի տեղեկություններ

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]