Արևային տեղակայանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Արևային տեղակայանք, արևի ճառագայթման էներգիան ջերմային կամ էլեկտրական էներգիայի փոխակերպող կառուցվածք։ Արևային տեղակայանքները լինում են ցածր ջերմաստիճանային և բարձր ջերմաստիճանային։ Ցածր ջերմաստիճանային արևային տեղակայանքները գործում են արևի ճառագայթման բնական խտության պայմաններում։ Դրանք ապակու մեկ կամ երկու շերտով ծածկված արկղանման կառուցվածքներ են, որոնց հատակին տեղավորված են սև ներկված մետաղաթերթ կամ ջրատար խողովակներ։ Արևի տեսանելի և ինֆրակարմիր ճառագայթման էներգիան ապակու շերտով թափանցում է (գրեթե անկորուստ) և կլանվում հատակի սև մարմինների կողմից։ Այդ էներգիան ամբողջովին ծախսվում է արկղի ներսում՝ տաքացնելով այնտեղի օդը կամ խողովակներով հոսող ջուրը։ Այդ պատճառով այս խմբի արևային տեղակայանքները կրում են «տաք արկղ» րնդհանուր անունը։ Սովորական ջերմոցները, ապակեպատ պատշգամբները «տաք արկղի» պարզագույն տեսակներ են։ Ցածր ջերմաստիճանային արևային տեղակայանքներից լայնորեն օգտագործվում են զանազան տիպի արևային ջրատաքացուցիչները, որոնց արտադրողականությունը երկրի հարավային շրջաններում ամռանը 1մ2-ից կազմում է 60—70 լ տաք ջուր (55—60 °C)։ Կիրառվում են բաղնիքներում, լվացքատներում և շենքերի տաք ջրամատակարարման համար։ Արևային օդատաքացուցիչներն օգտագործվում են մրգերն ու բանջարեղենը չորացնելու, շինությունները տաքացնելու նպատակով։ Արևային աղզատները հնարավորություն են տալիս աղազրկելու «տաք արկղում» տաքացվող աղի ջուրը, որ տեղի է ունենում ապակու ներքին մակերևույթին ջրային գոլորշու կոնդենսացման շնորհիվ։ Դրանց օրական արտադրողականությունը 1 մ2-ից կազմում է 3 լ թորած ջուր։ Բարձր ջերմաստիճանային արևային տեղակայանքների հիմնական տարրը արևի ճառագայթման հոսքի խտությունը մեծացնող, պարաբոլի, պարաբոլ-գլանի կամ կոնի ձև ունեցող հայելային համակենտրոնիչն է։ Ավտոմատացված հատուկ մեխանիզմների օգնությամբ հայելին անընդհատ հետևում է արևին։ Որքան հայելու բացվածքը և ֆոկուսացնող ուժը մեծ են, այնքան ավելի ջերմություն կարելի է ստանալ։ Տարածված են ամբողջական կամ ծալովի պարաբոլական համակենտրոնիչով արևային փոքր խոհանոցները (տրամագիծը՝ մինչև 1, 2 մ, հզորությունը՝ մոտ 600 վտ), արևային եոուցիչներն ու շոգեկաթսաները։ Վերջինները, բացի տեխնոլոգիական նպատակներով օգտագործվող շոգի արտադրելուց, կարող են կիրառվել ջեռուցման նպատակներով, իսկ սառեցման ագրեգատների հետ զուգակցված՝ շենքերին պայմանական օդ մատակարարելու կամ սառույցի արտադրության համար։ Լայնորեն կիրառվում են նաև արևային վառարանները (մինչև 3500 °C), որոնց օգնությամբ ստանում են խիստ մաքուր կրակաամուր մետաղներ, համաձուլվածքներ և հրակայուն նյութեր։
Հեռանկարային են էներգետիկական նպատակներով օգտագործվող արևային տեղակայանքները, որոնք պատրաստվում են արևային մարտկոցների հիման վրա։
Հայաստանում ստեղծվել և գործում են արևային տեղակայանքներ, որոնք ծառայում են բազմաթիվ նյութերի հնացման պրոցեսների ուսումնասիրման համար։ Արևի ճառագայթման հոսքի խտացման շնորհիվ հնարավորություն է ստեղծվում բնական հնացման համեմատությամբ 5—10 անգամ արագացնելու այդ պրոցեսը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png