«Շուշիի ազատագրման համար» մեդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Շուշիի ազատագրման համար» մեդալ
Երկիր Արցախ
Տեսակպարգև և award medal?
Վիճակագրություն
Հերթականություն
Ավագ պարգև«Մարտական ծառայություն» մեդալ
Կրտսեր պարգև«Մխիթար Գոշ» մեդալ

«Շուշիի ազատագրման համար» մեդալ, Արցախի պետական պարգև, որով պարգևատրվում են Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի, ազգային անվտանգության պետական վարչության, ներքին գործերի նախարարության այն զինծառայողները, կամավորական ջոկատների ազատամարտիկները, ովքեր Շուշիի ազատագրման և այդ գործողության ընթացքում մյուս բնակավայրերի ազատագրման անմիջական մասնակիցներն են, ինչպես նաև Շուշիի ազատագրման կազմակերպիչներն ու ղեկավարները։ Սահմանվել է Արցախի ԱԺ 1994 մայիսի 7-ի որոշմամբ։

Մեդալը 32-մմ լայնությամբ և 42-մմ երկարությամբ ութանկյուն է՝ պատրաստված հատուկ ձուլվածքից։ Մեդալի երեսին՝ վերևում «Արցախ», ներքևում «Շուշի» մակագրություններն են, կենտրոնում՝ արծվի պատկերը, որի աջ թևի վերևում պատկերված է խաչ։ Մեդալը երիզված է ութանիստ շրջանակով։ Մեդալի դարձերեսին՝ «Շուշին ազատագրված է 1992. 9 մայիսի» մակագրությունն է, որից ներքև պատկերված է երեք խաչ։ Պատկերները և մակագրություններն ուռուցիկ են։ Ամրակալի և ուղղանկյան օղակի միջով մեդալին միացված է ուղղանկյունաձև շերտաձողիկ, որը պատված է 32 մմ լայնությամբ Արցախի դրոշի երեք գույներով, մետաքսե դափնեպսակով զարդարված ժապավենով։ «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգևատրվել է 1060 մարդ (2003)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։