Արծիվ Վասպուրական տպարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արծիվ Վասպուրականի տպարանը հիմնադրվել է 1858 թվականին Վանում` Մկրտիչ վրդ. Խրիմյանի ջանքերով[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մկրտիչ Խրիմյանը Կ.Պոլսում հիմնած իր տպարանում 1855-1856 թվականներին «Արծուի Վասպուրական» ամսագրի մի քանի համար հրատարակելուց հետո, տպարանի պարագաներով վերադառնում է իր հայրենի քաղաք` Վան, ուր Վարագավանքին կից 1858 թվականին հիմնում է համեստ մի տպարան, որտեղ և շարունակում է հրատարակել վերը նշված պարբերականը։ Հաջորդ տարիներին տպարանում լույս են տեսնում մի քանի գրքույկներ, որոնց թվում է վանեցի գրող Տիգրան Ամիրճանյանի «Ողբերգութիւնքը» (1862 թ.): Այնուհետև Մկրտիչ Խրիմյանը 1863 թվականին իր տպարանով փոխադրվում է Մուշ։ Այստեղ Գարեգին Սրվանձտյանի խմբագրությամբ տպագրվում է «Արծուիկ Տարօնոյ» պարբերականը (1863-1865 թթ.):

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1870 - ական թվականներին այս տպարանը նորից փոխադրվում է Վարագ, որտեղ վերականգնվում է «Արծուի Վասպուրական» ամսագրի հրատարակությունը` Խրիմյանի աշակերտ Մ. Անանյանի խմբագրությամբ։ 1884 թվականին թուրքական իշխանությունները բռնագրավում են տպարանը և Վարագավանքից փոխադրում Վան` թուրքական մի թերթ տպագրելու համար։ Չնայած դրան, հայ տպագրությունը, ընդհատումներով, Վանում շարունակվել է մինչև Առաջին համաշխարհային պատերազմը։ Այստեղ տպագրվել են մի քանի պարբերականներ, որոնց թվում է «Վան-Տոսպ» հանդեսը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռաֆայել Իշխանյան (1981). Հայ գիրքը։ 1512-1920. Երևան։ ՀՍՍՀ ԳԱ. էջեր 154.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://greenstone.flib.sci.am/gsdl/collect/publishe/index/assoc/HASH01b3.dir/ARTIV_VASPURAKANI.pdf