Արենի և Ամաղու գյուղերի պատմամշակութային հուշարձաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արենի և Ամաղու գյուղերի պատմամշակութային հուշարձաններ, գյուղեր Վայոց ձորի մարզում։ Վայոց ձորի մարզի այս գյուղերը հարուստ են պատմամշակութային հուշարձաններով։

Տեղանքի ընդհանուր նկարագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արենի 1

[Ամաղու գյուղը տեղակայված է Վայոց ձորում` Արենի գյուղից 12 կմ հարավ-արևմուտք։ Գյուղերի բնակիչները, ելնելով բնակլիմայական բարենպաստ պայմաններից, զբաղվում են անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, շերամապահությամբ և այգեգործությամբ։ Արենիում զարգացած է խաղողագործությունը:Վայոց ձորում խաղողագործությամբ զբաղվում են 21 գյուղում։ Բնորոշ են գինեմետ` Սև Արենի,Սափերավի, Կարմրահյութ, Հադիսի,Ներկառատ, Սպիտակ Արաքսենի, Սպիտակ Սաթենի, Վարդագույն Երևանի և Արարատի սորտերը:Այստեղ են գտնվում Հայաստանի և Կովկասի արտադրական խաղողագործության ամենաբարձրադիր այգիները։ Արփայի, Եղեգիսի, Նորավանքի և այլ կիրճերի թեք լանջերին այժմ էլ պահպանվում են հավանաբար զարգացած միջնադարում հիմնված կամնորոգված դարավանդային այգիների հետքերը։ Այս տարածքում կան նաև վայրիացած վազեր[1]։ Արփա գետի ափին գտնվում է Արենի - 1 քարայրը, որտեղ հայտնաբերվել են խաղողի ընձյուղների, կեղևների, կորիզների, ճզմած պտուղների մնացորդներ, որոնք վկայում են գինու արտադրության մասին։ Յուրաքանչյուր տարվա աշնանը այստեղ կազմակերպվում է արդեն ավանդական դարձած գինու փառատոն, ինչը նպաստում է զբոսաշրջության զարգացմանը։ Տեղանքում բազմաթիվ են ժայռերը, ջրվեժները, կիրճերը, քարայրները (Մագիլի, Թռչունների)։ Վերջերս Արենիի քարանձավում հայտնաբերվել է աշխարհի` հնագույն 5500 - ամյա կաշվե կոշիկը։ Տարածքում կան եռակամար կամուրջ, կիկլոպյան ամրոց (մ. թ. ա. II-I հազ.):

Պատմամշակութային հուշարձանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայոց ձորում է գտնվում Հրաշքաբերդը, որը միջնադարյան ավերված բերդ - ամրոց է, գտնվում է սարի լանջին` բարձունքի վրա` Ամաղու գյուղ տանող ճանապարհի հարավարևելյան կողմում։

Նորավանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանական համալիր «Նորավանք» (Ամաղուի Նորավանք) (47)

Արփա գետի հարավային լանջին տեղակայված է Նորավանքը։ Նախկինում այստեղ կանգուն էր Սուրբ Կարապետ եկեղեցին։ Շրջակայքում կար քաղցրահամ մի աղբյուր, այգիներով ու թանձրախիտ պտղատու ծառերով զարդարված ձոր, ինչպես նաև մեկ այլ եկեղեցի` Փոկաս Սուրբ Հայրապետի անունով։ Աղբյուրի առկայությունը չի բացառում, որ այս տեղանքը սրբավայր է եղել։ Վանական համալիրում կան Ս. Կարապետ (IX դ.), Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցիները (1216-1221 թթ.), Ս. Աստվածածին երկհարկ եկեղեցին` Բուրթելաշենը (Բուրթել իշխան, 1331 - 1339 թթ.)[2]:

Սբ. Կարապետ եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

IX դարում կառուցվել է Ս. Կարապետ եկեղեցին, որը գմբեթավոր է` վերջերս վերանորոգված և կանգուն։ Եկեղեցին կառուցել է Լիպարիտ Օրբելյանը։ Այն սրբատաշ քարերով է, ներսից խաչաձև, չորս անկյուններում ունի երկհարկանի խորաններ, միակ մուտքը արևմտյան կողմից է։ Պատերին կան բազմաթիվ արձանագրություններ[3]։

Սբ. Ստեփանոս Նախավկա եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

1216-1221 թթ. Նորավանքում կառուցվել է Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցին։ Ավելի ուշ կառուցվել է եկեղեցու գավիթը։ 1261 թ. Իշխանաց իշխան Սմբատը նորոգել է եկեղեցին, ավարտել գավթի կառուցումը, վանքին նվիրել բազմաթիվ գյուղեր և կալվածքներ, իսկ Բուրթել իշխանը խաչքար է կանգնեցրել իր մոր` Թամթայի հիշատակին։ 1273 թ. Նորավանքում թաղվել է Իշխանաց իշխան Սմբատը, որի գերեզմանի վրա կառուցվել է Ս. Գրիգոր եկեղեցի-տապանատունը։ Նորավանքի ներկա բոլոր շինությունները կառուցված են Օրբելյանի իշխանական տան անդամների կողմից։ Վանքի գլխավոր հուշարձանները գտնվում են ընդարձակ բակի մեջ` շրջապատված բարձր պարիսպներով։ Տարածքում կան վանական խցերի, տնտեսական շենքերի փլատակներ, խաչքարեր, գերեզմանաքարեր, շինաքարերի ձևավորված մասեր, արձանագրության բեկորներ, հյուրատուն` կառուցված մոտավորապես 1273-1290 թթ.[4]:

Նորավանքի պատկերաքանդակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայոց Ձոր, Նորավանք, Եկեղեցի Սբ. Աստվածածին (Բուրթելաշեն) 04

Միջնադարյան հայկական արվեստում իրենց ինքնատիպությամբ, գեղարվեստական բարձր արժեքներով առանձնանում են Նորավանքի աստվածաշնչյան ու ավետարանական թեմաներով պատկերաքանդակները։ Փրկչական մարգարեության և Աստվածածնի համատեղ պատկերագրությունը եզակի է հայկական արվեստում։ Գավթի լուսամուտի ճակատակալ քարն ունի հարուտ բովանդակությամբ բարձրաքանդակ։ Կենտրոնում Հայր Աստծո կիսանդրին է։ Աստծո մորուքից ցած քանդակված է Սուրբ Հոգու խորհրդանիշը։ Իսկ Ս. Գրիգոր եկեղեցու կողքին` մի գեղաքանդակ խաչքար, որի վերին մասում «Քրիստոսը փառքի մեջ» պատկերաքանդակն է, շուրջը` ավետարանիչների խորհրդանիշները[5]։

Ավանդապատում Նորավանքի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորավանքի մասին հայտնի է այս ավանդապատումը, ըստ որի`Մոմիկը սիրահարվում է Սյունյաց իշխանի միակ դստերը` Լուսիկին։ Մոմիկի առջև դրվում է պայման` երեք տարում կառուցել երեք տաճար, որից հետո նոր միայն նրանք կպսակադրվեին։ Նա պետք է ստեղծեր այնպիսի շինություն, որն անկրկնելի կլիներ հայոց աշխարհում։ Երկարատև աշխատանքից հետո Մոմիկն ավարտում է շինարարությունը։ Դեռ վերջին քարը գմբեթին չդրած` իշխանի հրամանով Սեպուհը հրում է նրան և վարպետը քարի հետ ընկնում է այնտեղ, ուր պետք է նրանք պսակադրվեին։ Այդտեղ էլ նա կնքում է իր մահկանացուն և թաղվում։ Սակայն վանքն անկրկնելի մնաց, ինչպես ասել էր իշխանը, որովհետև չկար նրա ստեղծողը, որ նորը կառուցեր, ուստի միշտ նոր էր մնալու և այդ պատճառով էլ վանքի անունը մնաց Նորավանք[5]։

Սբ. Աստվածածին եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

1331 - 1339 թթ. Բուրթել իշխանը կառուցել է Նորավանքի Ս. Աստվածածին երկհարկ եկեղեցին` Բուրթելաշենը։ Այս եկեղեցին բաց կարմրավուն քարից է, զարդարված է նուրբ քանդակներով։ Առաջին հարկը կիսագետնափոր է։ Երկրորդ հարկ բարձրանում են քարե աստիճաններով, իսկ երրորդ հարկն ավերվել է։ XVII դարում կառուցվել են վանքի պարիսպը, բնակելի ու տնտեսական շենքերը[6]։

Արենիի Սբ. Աստվածածին եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցի 1

Արենիի Ս. Աստվածածին եկեղեցին գտնվում է ՀՀ Վայոց Ձորի մարզի Արենի (նախկինում՝ Արփա) գյուղից 0.5կմ հեռու, հին Արփա գյուղատեղի ավերակների մեջ, Արփա գետի ձախ ափին, բլրի վրա։ Արևմտյան մուտքին կա արձանագրություն, ըստ որի կառուցել է Սյունյաց արքեպիսկոպոս Հովհաննես Օրբելյանը 1321-ին, ճարտարապետն է Մոմիկը:Եկեղեցին կառուցված է կարմրասպիտակավուն քարից, կենտրոնագմբեթ է:Արևմտյան մուտքի ճակատակալ քարին Աստվածամոր գծանկարն է` գահավորակի վրա բազմած Աստվածամայրն է` մանուկ Հիսուսը գրկին, Տիրամայրը պատկերված է որպես երկնային թագուհի։ «Աստվածամայրը մանուկ Հիսուսը գրկին» պատկերը հայտնի է «Օդիգիտրիա» անունով, որը հունարենից նշանակում է «ուղի ցույց տվող», այսինքն` Մարիամը մանուկ Հիսուսին որպես փրկության ուղի է ցույց տալիս։

Արևմտյան մուտքից ներս մտնողի առջև միանգամից բացվում է եկեղեցու ողջ ներքին տարածքը, իսկ գմբեթակիր կամարների 4 անկյուններում 4 ավետարանիչների բարձրաքանդակներն են` նրանց խորհրդանիշները` հրեշտակ, թևավոր առյուծ, թևավոր ցուլ (եզ) և արծիվ (Մատթևոս ավետարանիչը ներկայացվում է մարդ-հրեշտակի տեսքով, քանի որ նա իր Ավետարանում ավելի շատ անդրադարձել է Հիսուսի երկրային կյանքին։ Մարկոս ավետարանիչը ներկայացվում է առյուծի տեսքով, որովհետև նրա Ավետարանում ընդգծվում է Քրիստոսի թագավորական պաշտոնը, ինչն էլ խորհրդանշում է առյուծը։ Ղուկաս ավետարանիչը ներկայացվում է եզան կերպարանքով, որովհետև նրա Ավետարանում ընգծվում է Քրիստոսի քահանայական պաշտոնը, ինչն էլ խորհրդանշում է զոհաբերության խորհրդանիշը հանդիսացող եզը կամ ցուլը:Հովհաննես ավետարանիչը պատկերվում է արծվի տեսքով, քանի որ նա խոսել է Հիսուսի 2-րդ գալստյան մասին, իսկ արծիվը խորհրդանշում է աստվածային արդարություն, հավիտենական լույս և փրկություն):Եկեղեցու մոտ են գտնվում իշխան Տարսայիճ Օրբելյանի ապարանքի ավերակները, շուրջը` 14-17-րդ դդ. խաչքարեր և տապանաքարեր[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական խաղող և գինի, Ե. 2017 թ., էջ 159
  2. Դիվան հայ վիմագրության, III հ., Ե., 1967թ.,
  3. Հայկական հանրագիտարան, գիրք II,
  4. Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Ե. 2002թ.,
  5. 5,0 5,1 Վայոց ձորի թեմ, պաշտոնական կայք, Մկրտչյան Հ., Նովելներ և ակնարկներ, Ե. 1947թ.,
  6. Նորավանք, Նորավանքի վերաօծման 10-ամյակին նվիրված ժողովածու, Ե., 2009թ.
  7. Վայոց ձորի թեմ, Հայ առաքելական սուրբ եկեղեցի,Արենիի Սբ. Աստվածածին եկեղեցի, https://vayotsdzoritem.com/2013/04/06/%D5%A1%D6%80%D5%A5%D5%B6%D5%AB%D5%AB-%D5%BD%D5%B8%D6%82%D6%80%D5%A2-%D5%A1%D5%BD%D5%BF%D5%BE%D5%A1%D5%AE%D5%A1%D5%AE%D5%AB%D5%B6-%D5%A5%D5%AF%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%AB/ Արխիվացված 2019-04-07 Wayback Machine