Անվանաբայական ստորոգյալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անվանաբայական ստորոգյալ, դիմավոր բայով և այլ խոսքի մասերով կազմված ստորոգյալը կոչվում է անվանաբայական։ Այն կազմված է լինում երկու կամ ավելի բառերից, որոնցից մեկը էական բայն է կամ վերացական մի բայ, մյուսը կամ մյուսները՝ նյութական իմաստ ունեցող որևէ խոսքի մաս (բացի խոնարհված բայից)։

Անվանաբայական ստորոգյալի մաս կազմող և ստորոգվող հատկանիշն արտահայտող վիճակացույց բառը կոչվում է ստորոգելի կամ ստորոգելիական վերադիր, իսկ ստորոգվող հատկանիշը ենթակային ստորոգողը կոչվում է հանգույց։ Օրինակ՝ «Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս» (Եղիշե Չարենց) նախադասության մեջ ճկուն և բարբարոս ածականները հատկանշացույց են, իսկ է էական բայը այդ հատկանիշները վերագրել է լեզուն ենթակային։

Հայերենում ստորոգելին արտահայտվում է՝

  • Գոյականի ուղիղ և թեք հոլովներով Աշխարհն էլ ասես մի հեքիաթ լիներ։ (Ավ. Իսահակյան), Գիրքը Արամինն է։ Գդալը թեյի է։ Տունը քարից է։ Կահույքը որակով է։
  • Ածականներով (Ճոխ է հայոց լեզուն։)
  • Թվականներով (Արամը հինգերորդն է։ Նրանք երեքն են։)
  • Դերանուններով (Այս գիրքը մերն է։ Մեր հին տունն այնտեղ էր։)
  • Դերբայներով (Կարևորը լավ անուն թողնելն է։ Նա լավ կռվող է։)
  • Մակբայներով (Արդեն ուշ է։)

Հանգույցն արտահայտվում է էական բայի դրական ու ժխտական ձևերով, ինչպես նաև վերացական կոչվող բայերով (անել, դառնալ, թվալ, համարվել, հանդիսանալ, երևալ, կոչվել, հռչակվել, ճանաչվել, ձևանալ, մնալ, ստանալ, անվանվել, նշանակվել, առաջադրվել և այլն)։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Պապոյան, Խ. Բադիկյան, Հայոց լեզվի շարահյուսություն, Երևան, 2003թ.։
  2. Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու (շարահյուսություն), Երևան 1987։