Անջրդի երկրագործություն
Անջրդի երկրագործություն, բույսերի մշակումը չոռոգվող հողերում կամ անբավարար բնական խոնավության պայմաններում։
Բնորոշ է մթնոլորտային խոնավության պակասուրդով և անկայուն եղանակային շրջաններին (ՀՀ ընդհանուր հողատարածության 90 %-ն անջրդի է)։
Անջրդի երկրագործության գոտում միայն 20 %-ն է ապահովված մթնոլորտային տեղումներով, մնացածը ենթակա է երաշտի։ Խոնավության պարբերական անբավարարության պատճառով այդ շրջաններում կտրուկ նվազում է մշակաբույսերի բերքատվությունը։ Խոնավության կորուստը մեծ է հատկապես երաշտի տարիներին և խորշակների ժամանակաշրջաններում։
Ագրոտեխնիկական միջոցառումների հիմնական խնդիրը հողում մեծ քանակությամբ խոնավություն կուտակելն ու պահպանելն է։ Այդ նպատակով պետք է ներդնել 7, 8, 9, 10 դաշտային ցանքաշրջանառություն և հատուկ տեղ հատկացնել սև ցելին, մշակել այնպիսի բույսեր, որոնք ջրի քիչ պահանջ ունեն։ Այդ գոտիներում անհրաժեշտ է կիրառել հողի մշակման ցրտահերկային համակարգ, ակոսային ցանք և բնացան, ձնակուտակում, ստեղծել դաշտապաշտպան անտառաշերտեր, կառուցել լճակներ, ջրամբարներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |