Անհատ ձեռներեց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անհատ ձեռներեց, ֆիզիկական անձ, որն իր անունից որպես զբաղմունք կանոնավոր կերպով իրականացնում է տնտեսական գործունեություն, մատուցում է ծառայություններ և կատարում աշխատանքներ։ Նա պետական լիազորված մարմիններից ստանում է համապատասխան ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք և իր ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնում է դրա հիման վրա, որը միաժամանակ հանդիսանում է նրա գրանցման փաստաթուղթը։ Օրենսդրությամբ սահմանված կարգով որպես անհատ ձեռներեց գրանցված չլինելը և համապատասխան վկայական չունենալը վերջինիս չի ազատում իր կնքած գործարքների համար գույքային և անձնական ոչ գույքային պարտավորությունների կատարումից ու պատասխանատվությունից։ Օրենսդրությամբ սահմանված տնտեսական գործունեության առանձին տեսակներով անհատ ձեռներեցը կարող է զբաղվել միայն հատուկ թույլտվության (լիցենզիայի) հիման վրա։

Անհատ ձեռնարկատերն իրավունք ունի՝

ա) օրենքով նախատեսված դեպքերում հիմնադրել առևտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակիցը.

բ) ունենալ առևտրային ներկայացուցչություններ.

գ) լինել հավատարմագրային կառավարիչ.

դ) այլ անհատ ձեռնարկատերերի կամ առևտրային կազմակերպությունների հետ պայմանագրի համաձայն իրականացնել համատեղ գործունեություն.

ե) ունենալ կնիք, դրոշմակնիք և բանկում հաշվարկային հաշիվ.

զ) ունենալ վարձու աշխատողներ.

է) ունենալ օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ։

Անհատ ձեռներեցի հաշվառումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատ ձեռներեց գրանցում կարելի է անել ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով՝ լիազորագրի հիման վրա։

Ցանկալի է գրանցումը կատարել մասնագիտացված անձի կողմից, որը հնարավորություն կտա անհրաժեշտ իրավաբանական խորհրդատվություն ստանալու կապված ձեռնարկատիրոջ իրավական կարգավիճակի վերաբերյալ, այնպես էլ խուսափելու հնարավոր խնդիրներից և ժամանակի կորուստից։ Ստորև ներկայացվում է ԱՁ կարգավիճակի և գրանցման վերաբերյալ հաճախ տրվող հարցերի պատասխանները։

Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ամենատարածված ձևերից մեկը անձի՝ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելն է, մյուսը ընկերության՝ հիմնականում ՍՊԸ կամ ԲԸ գրանցումն է։ Երկուսն էլ ունեն իրենց առավելություններն ու թերությունները։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]