Ամոնիակացում
Ամոնիակացում, հողում ազոտ պարունակող օրգանական նյութերի միկրոօրգանիզմներով քայքայում, որն ուղեկցվում է ամոնիակի անջատմամբ։
Ամոնիակացումը մեծ նշանակություն ունի բնության մեջ ազոտի բնական շրջանառության և բույսերի սննդառության մեջ։ Ամոնիակացմանը մասնակցում են նեխման բակտերիաները, ճառագայթասնկերը և բորբոսասնկերը։ Ամոնիակացման ենթարկվում են սպիտակուցները և ազոտ պարունակող մյուս օրգանական միացությունները (բուսական մնացորդներ, մահացած կենդանիներ, հումուս, օրգանական պարարտանյութեր և այլն)։
Ամոնիակացման ընթացքում անջատվող ամոնիակը միկրոօրգանիզմներն օգտագործում են իրենց բջիջների սպիտակուցները սինթեզելու համար։ Անջատված ամոնիակի մեծ մասը հողում փոխարկվում է բույսերի կողմից յուրացվող ամոնիումային աղերի, որոնց մի մասն օքսիդանում է մինչև նիտրատներ և նույնպես յուրացվում բույսերի կողմից։
Ամոնիակացումը հաջողությամբ ընթանում է լավ օդավորված, թույլ թթվային և չեզոք, բավարար խոնավ հողերում։ ՀՀ հողերը հարուստ են ամոնիակացնող մանրէներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |