Ազատ (բաց) լիցենզիան հեղինակային իրավունքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ազատ կամ բաց լիցենզիան համաձայնություն է, որով մտավոր գործունեության արդյունքի կամ անհատականացման միջոցի նկատմամբ բացառիկ իրավունք ունեցող կողմը (լիցենզատուն) պարզեցված կարգով մյուս կողմին (լիցենզառուին) թույլատրում է ոչ բացառիկ ձևով օգտագործել մտավոր սեփականության համապատասխան օբյեկտը։

Ազատ (բաց) լիցենզիան հեղինակի գույքային իրավունքների օտարման միջոց է։ Հեղինակային իրավունքը հանդիսանում է մտավոր սեփականության ինստիտուտներից մեկը։ Հեղինակային իրավունքի նորմերով կարգավորվում են գիտության, գրականության, արվեստի երկերի ստեղծման և օգտագործման կապակցությամբ առաջացող (գույքային և անձնական ոչ գույքային) հարաբերությունները[1]։ Սակայն ազատ (բաց) լիցենզիայի նկատմամբ կիրառելի չեն այն սկզբունքները, որոնք կիրառելի են հեղինակային պայմանագրի և լիցենզիայի պայմանագրի նկատմամբ։

Ազատ (բաց) լիցենզիան կարգավորված չէ Հայաստանի քաղաքացիական օրենսգրքով[2]։

Ազատ (բաց) լիցենզիայի առաջացման նախադրյալները

Թվային տեխնոլոգիաների առաջացումը, զարգացումը մեծապես փոխեց հասարակական հարաբերություններում մասնակիցների մասնակցության ձևը, միջոցները և նախկինում ընդունելի պատկերացումները։ Այդ փոփոխությունները ընդգրկեցին հասարակական հարաբերությունների լայն շրջանակ և հետևանք հանդիսացան հասարակական հարաբերությունների նոր ձևերի առաջացման։ Այս համատեքստում թվային տեխնոլոգիաները և, մասնավորապես, համացանցը փոխեց գիտելիքի և մշակույթի՝ իրավական, տնտեսական և սոցիալական հասանելիությունը և օգտագործումը։ Մարդկության պատմության մեջ առաջին անգամ ստեղծվեց մի գործիք, որը հիմք հանդիսացավ գիտելիքի և մշակույթի միասնական բազայի ստեղծման և գործարկման համար, մի հարթակ, որտեղ մարդկությանը հնարավորություն ընձեռնվեց հասանելի լինել գիտելիքի և մշակույթի հնարավոր անսահմանափակ ռեսուրսներին։

Թվային տեխնոլոգիաները փոխեցին ոչ միայն հեղինակային իրավունքի օբյեկտների արտահայտման ձևերը, օգտագործման և տարածման միջոցները, այլև՝ իրավատերերի, հեղինակների, օգտագործողների վարքագիծը։ Համացանցը օգտագործողները կամա, թե ակամա դառնում են հեղինակային իրավունքի օբյեկտների ակտիվ տարածողներ։ Վերջիններս ոչ միայն կարողանում են ազատորեն տարածել հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող կոնտենտը, վերարտադրել այդպիսի օբյեկտները, այլև, որոշակի մանիպուլյացաների ենթարկելով, փոխել այդ օբյեկտները, ստեղծել նոր օբյեկտներ։ Նշվածի պայմաններում վերանում է ոչ միայն հեղինակների և օգտագործողների միջև գոյություն ունեցած սահմանը, այլև հեղինակային իրավունքի օբյեկտների մասնավոր և հասարակական օգտագործման միջև եղած սահմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բարսեղյան, Տ․Կ․; Հովհաննիսյան (2020). Մտավոր սեփականության իրավունք. Ա․Ա․. էջեր 34–35.
  2. «Քաղաքացիական օրենսգիրք».