Աբսուրդիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիզիփոս, գոյության աբսուրդության խորհրդանիշը։ Ֆրանց Շթուքի նկարը։

Աբսուրդ, փիլիսոփայական հասկացություն, նշանակում է այն կոնֆլիկտը, որն առաջանում է մարդու՝ իրական արժեքների և կյանքի իմաստի որոնման և այդ իմաստը գտնելու անկարողության միջև։ Այս տեսակետից աբսուրդ չի նշանակում տրամաբանական անկարողություն այլ ավելի շատ մարդկային անկարողություն[1]։ Տիեզերքն ու մարդկային միտքը առանձին-առանձին աբսուրդ չեն առաջացնում, այլ աբսուրդը ծագում է երկուսի համաժամանակյա գոյության հակասական բնույթից։

Այսպիսով, աբսուրդիզմը փիլիսոփայական ուղղություն է, որը գտնում է, որ մարդու՝ իրական արժեքի և կյանքի իմաստի որոնման ջանքերը մատնված են ձախողման (աբսուրդ են)։ Որպես փիլիսոփայություն, աբսուրդիզմը բացահայտում է աբսուրդի հիմնարար բնույթը, թե ինչպես անհատները մեկ անգամ գիտակցելով աբսուրդը պիտի պատասխանեն դրան։ Աբսուրդիստական փիլիսոփա Ալբեր Կամյուն գտնում է, որ անհատները պետք է ընդունեն մարդու գոյության աբսուրդային բնույթը և միաժամանակ շարունակեն որոնել և բացահայտել կյանքի իմաստը[2]։

Աբսուրդիզմի որոշ տեսական կաղապարներ, հասկացություններ նման են էքզիստենցիալիզմին և նիհիլիզմին։ Այն ծագում է 19-րդ դարի դանիացի փիլիսոփա Սյորեն Կիերկեգորի աշխատություններում, որտեղ նա ընտրում է դեմ առ դեմ կանգնել մարդու՝ աբսուրդին բախվելու ճգնաժամին՝ զարգացնելով իր սեփական էքզիստենցիալիստական փիլիսոփայությունը[3]։ Աբսուրդիզմը որպես հավատալիքների համակարգ ծագեց Եվրոպական էքզիստենցիալիստական ուղղության վրա, հատկապես, երբ Կամյուն ժխտեց էքզիստենցիալիզմի որոշ հայեցակետեր[4] և տպագրեց իր «Սիզիփոսի առասպելը» էսսեն։ Երկրորդ համաշխարհային պատերազմը ապահովեց այնպիսի հասարակական միջավայր, որը խթանեց աբսուրդիզմի հայացքների առաջացումը՝ ապահովելով այս ուղղության հանրային զարգացումը, հատկապես ավերված Ֆրանսիայում։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ես թողնում եմ Սիզիփոսին լեռան ստորոտում։ Ամեն մարդ ունի իր ժայռը։ Բայց Սիզիփոսը սովորեցնում է գերագույն հավատարմություն, որը ժխտում է աստվածներին ու ժայռեր է բարձրացնում։ Նրան նույնպես թվում է, թե ամեն ինչ լավ է։ Այս, առանց գերագույն տիրոջ մնացած տիեզերքը նրան չի թվում ո՛չ ամուլ, ո՛չ էլ ճղճիմ։ Քարի յուրաքանչյուր փշուրը, կեսգիշերային լեռան վրա փայլատակող յուրաքանչյուր հանքաբեկորը ինքնին աշխարհներ են ստեղծում։ Հենց միայն գագաթներ նվաճելու համար թափված ջանքերը բավական են, որ լցնեն մարդու սիրտը։ Սիզիփոսին պետք է պատկերացնել երջանիկ։

Ալբեր Կամյու, «Սիզիփոսի առասպելը»[5]

Աբսուրդ փիլիսոփայության մեջ, աբսուրդը ծագում է անհատի՝ կյանքի իմաստի որոնման և կյանքի իմաստի բացակայության հիմնարար աններդաշանակությունից։ Իմաստի բացակայության պայմաններում իմաստի որոնման դեպքում, մարդն ունի երկընտանքի լուծման երեք ուղի։ Լուծման ուղիները Կիերկեգորը և Կամյուն նկարագրել են իրենց՝ «Մահվան հիվանդություն» (1849) և «Սիզիփոսի առասպելը» (1942) աշխատություններում։

Ալբեր Կամյու
  • Ինքնասպանություն կամ խուսափում գոյությունից։ Անհատը դադարեցնում է ինքն իր կյանքը։ Եվ Կիերկեգորը և Կամյուն բացառում են այս լուծման կենսականությունը։ Կամյուն գտնում էր, որ դա չի հակադրվում աբսուրդին։ Ավելին՝ ինչ-որ մեկի գոյության դադարը ամեն ինչ ավելի աբսուրդ է դարձնում։
  • Կրոնական, հոգեկան կամ աբստրակտ հավատքը դեպի այլ վայրի, գաղափարի, էության գոյությունը։ Սա այն լուծումն է, երբ մարդը հավատում է աբսուրդից դուրս այլ իրականության գոյությանը, որը ունի իմաստ։ Կիերկեգորը գտնում է, որ աբսուրդից դուրս ցանկացած բանին հավատալու համար անհրաժեշտ է ոչ գիտակցական և կրոնական կերպով ընդունել այդպիսի անապացուցելի բանի գոյությունը։ Կամյուն և մյուսները այս լուծումը անվանել են «փիլիսոփայական ինքնասպանություն»։
  • Աբսուրդի ընդունումը։ Սա այն լուծումն է, երբ մարդը ընդունում է աբսուրդը և ի հակառակ դրան շարունակում իր կյանքը։ Կամյուն արժեվորում է այս լուծումը, համարելով, որ աբսուրդի ընդունման հետ մարդը կարող է հասնել իր ազատության մեծագույն չափին։ Կրոնի և որևէ այլ բարոյական պարտադրանքի մերժումը և աբսուրդի դեմ ապստամբությունը մարդուն տալիս է բավարարվածություն։ Կիերկեգորը սակայն այս լուծումն անվանել է «դևական խելագարություն»[6]։

Էքզիստենցիալիզմի և նիհիլիզմի կապը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյորեն Կիերկեգոր

Աբսուրդիզմը ծագել է 20-րդ դարի էքզիստենցիալիզմից և նիհիլիզմից և այդ պատճառով, որոշ հայեցակետերում նմանվում է այս երկու փիլիսոփայական ուղղություններին։ Երեքն էլ ծագել են աբսուրդի հետ բախման տառապանքից և խառնաշփոթից՝ իմաստազուրկ աշխարհում մարդու իմաստի ստեղծման և որոնման դժվարությունից[7]։ Էքզիստենցիալիզմը կենտրոնանում է անհատի՝ իմաստի կառուցման և ազատ կամքի վրա։ Նիհիլիզմը, հակառակը գտնում է, որ՝ «անիմաստ է փնտրել իմաստ այնտեղ, որտեղ հնարավոր չէ գտնել»[8]։ Աբսուրդիզմն, ըստ Կամյուի ձևակերպման, թույլ է տալիս որոշակի իմաստի գոյությունը, բայց էքզիստանցիալիզմի պես նույն չափով չի արժեվորում կառուցված իմաստը։ Կամյուի աբսուրդիզմը նաև արժեզրկում և մերժում է ազատ կամքի գոյությունը[9]։

Կամյուն իր «Ըմբոստ մարդը» էսսեում հակառակվում է նիհիլիզմին, ինչպես նաև դեմ է արտահայտվում էքզիստենցիալիզմ պիտակին իր Առեղծված էսսեում, չնայած որ մինչ օրս շատերի կողմից Կամյուն համարվում է էքզիստենցիալ փիլիսոփա և գրող[10]։ Էքզիստենցիալիզմն ու աբսուրդիզմը երկուսն էլ գործ ունեն էքզիստենցիալ նիհիլիզմի ճշմարտության ընդունման պրակտիկ կիրառման հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Silentio, Johannes de, Fear and Trembling, Penguin Classics, p. 17
  2. Camus, Albert (1991). Myth of Sisyphus and Other Essays. Vintage Books. ISBN 0-679-73373-6.
  3. Stewart, Jon (2011). Kierkegaard and Existentialism. Farnham, England: Ashgate. ISBN 978-1-4094-2641-7. pp. 76–78.
  4. Solomon, Robert C. (2001). From Rationalism to Existentialism: The Existentialists and Their Nineteenth Century Backgrounds. Rowman and Littlefield. էջ 245. ISBN 0-7425-1241-X.
  5. Սիզիփոսի առասպելը։ Էսսե աբսուրդի մասին, հեղինակ՝ Ալբեր Կամյու, թարգմանիչ՝ Գրիգոր Ջանիկյան (ֆրանսերենից), աղբյուր՝ Գարուն ամսագիր
  6. Kierkegaard, Søren (1941). The Sickness Unto Death. Princeton University Press. Part I, Ch. 3.
  7. Alan Pratt (2001 թ․ ապրիլի 23). «Nihilism». Internet Encyclopedia of Philosophy. Embry-Riddle University. Վերցված է 2012 թ․ փետրվարի 4-ին.
  8. Donald A. Crosby (1988 թ․ հուլիսի 1). The Specter of the Absurd: Sources and Criticisms of Modern Nihilism. State University of New York Press. Վերցված է 2012 թ․ հունվարի 29-ին.
  9. «Albert Camus». Stanford Encyclopedia of Philosophy. «What is the Camusean alternative to suicide or hope? The answer is to live without escape and with integrity, in "revolt" and defiance, maintaining the tension intrinsic to human life»
  10. Solomon, Robert C. (2001). From Rationalism to Existentialism: The Existentialists and Their Nineteenth Century Backgrounds. Rowman and Littlefield. էջ 245. ISBN 0-7425-1241-X.