ԱՄՆ հիպոթեքային ճգնաժամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիփոթեքային ճգնաժամն ԱՄՆ-ում (2007 թ.)

Հիփոթեքային ճգնաժամն ԱՄՆ-ում ֆինանսատնտեսական ճգնաժամ էր, որի բնութագրական դրսևորումները դարձան բարձր ռիսկայնության մակարդակ ունեցող չվճարված հիփոթեքային վարկերի քանակի ավելացումը, բանկերի կողմից՝ գրավադրված անշարժ սեփականության օտարման դեպքերի ավելացումը և դրանց պատճառով արժեթղթերի գների անկումը։ Այս ճգնաժամն ընդունված է համարել 2008 թ. սկսված ֆինանսական ճգնաժամի սկիզբը, այսինքն՝ ֆինանսական և բանկային ճգնաժամն ԱՄՆ-ում սկսվեց 2007 թ. բարձր ռիսկային հիքոթեքային վարկերից՝ ցածր եկամուտներով և վատ վարկային պատմությամբ անձանց հիքոթեքային վարկավորմամբ։

Սովորաբար ԱՄՆ-ում բարձր ռիսկայությամբ հիփոթեքային վարկի տոկոսը գտնվում էր ցածր մակարդակի վրա՝ 8%։ 2004-2005 թթ այն աճեց մինչև մոտ 20%։ Տրվող հիփոթեքային վարկերի հիմնական մասը (2006 թ. ավելի քան 90%-ը) լողացող տոկոսադրույքով վարկեր էին։ Բացի դրանից ԱՄՆ-ում սպառողական վարկը գնալով ավելի մեծ ժողովրդականություն էր ձեռք բերում։ 2007 թ. վերջին պարտքային պարտավորությունների տոկոսը աճեց մինչև անձնական եկամտի ընդհանուր գումարի 127%-ը, որն ընդհանուր առմամբ կապված էր հիփոթեքային վարկավորման լայն տարածմամբ։

Ֆինանսական շուկաներում լայնորեն տարածված արժեթղթերը գրեթե լրիվ արժեզրկվեցին։ Իսկ առանձին ներդրողների դժկամությունը՝ ներդնել միջոցներ վարկավորման շուկայում և ներդրումային հնարավորությունների քանակի կրճատումը հանգեցրին հիփոթեքային և այլ արժեթղթերով առևտրի ծավալների հսկայական կրճատմանն ամբողջ աշխարհում։ ԱՄՆ-ի ֆինանսական և վարկային շուկաների կայունության վերաբերյալ կասկածները հանգեցրին ամբողջ աշխարհի վարկավորման պայմանների խստացմանն ու տնտեսական աճի տեմպերի դանդաղեցմանն ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Եվրոպայում։

Հիփոթեքային ճգնաժամի հիմնական պատճառը թերևս ԱՄՆ-ի անշարժ գույքի շուկայում տնտեսական փուչիկի պայթյունն էր։

Անշարժ գույքի հիմքի վրա թողարկված արժեթղթերը՝ այսպես կոչված CDO, երկար ժամանակ համարվում էր բարձր վստահելի ներդրում, քանի որ շուկան թույլ էր տալիս կարծել, որ անշարժ գույքի գները միշտ աճելու են։ Բայց շուկայում առաջացած պղպջակը հանգեցրեց նրան, որ անշարժ գույքը դարձավ շատերին ոչ հասանելի։ Բացի դրանից բանկերը սկսեցին վարկավորել նաև ոչ վստահելի փոխառուներին, ինչը տարավ հիփոթեքով ապահովված արժեթղթերի (CDO) նկատմամբ վստահության կտրուկ անկմանը։ Շատ անվստահելի փոխառուներ դադարեցրին հիփոթեքային վճարումները, բանկերը սկսեցին վերցնել անշարժ գույքը և դնել այն վաճառքի։ Անշարժ գույքի նկատմամբ առաջարկի կտրուկ ավելացումը տարավ դրանց գների անկմանը։ Հետո տեսնելով, որ անշարժ գույքի գներն անկում են ապրել՝ սկսեցին վճարումները դադարեցնել նաև բարեխիղճ փոխառուները, բանկերը վերցրեցին անշարժ գույքը նրանցից ևս և ուղարկեցին շուկա։ Անշարժ գույքի գները ցնդեցին, ցնդեց նաև շուկան (CDO)։ Ճգնաժամն ուներ նաև այլ պատճառներ, որոնց մեջ կարելի է ընդգրկել այնպիսի գործոններ, որոնք և՛ վարկավորման, և՛ անշարժ գույքի շուկաների համար բնութագրական են.

  • հիփոթեքային վարկերի հետ կապված պարտավորությունների կատարման տան տերերի անկարողությունը (առաջին հերթին լողացող տոկոսադրույքով վարկերի տոկոսատրույքի փոփոխությունը, իրենց վրա անիրագործելի պարտավորությունների ստանձնումը);
  • փուչիկի պայթյունի ժամանակ ավելցուկային շինարարությունը;
  • բարձր ռիսկային հիփոթեքային արդյունքների թողարկումը;
  • մասնավոր վարկատու ընկերությունների ազդեցության աճը;
  • ինչպես անձնական, այնպես էլ կորպորատիվ ֆինանսների ոլորտում պարտքի մակարդակի զգալի աճ;
  • փողի և անշարժ գույքի շուկաների կառավարման անբավարար մեթոդները;
  • առևտրի ներսում անհավասարակշռության առկայությունը (այսինքն՝ ներմուծված և արտահանված ապրանքների գների հարաբերակցությունը ինչ-որ կոնկրետ ժամանակի ընթացքում (օրինակ՝ 1 օրացույցային տարի), ներառևտրային հավասարակշռությունը ընդգրկում է փաստացի վարկով վճարված և իրագործված ապրանքային գործարքներ);
  • պետության ոչ ադեկվատ կառավարումը;

Ճգնաժամի ազդեցությունը ֆինանսական շուկաների վրա, 2007 թ.[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճգնաժամի ազդեցությունը ֆինանսական հատվածի վրա դարձավ ակնառու, երբ աշխարհի ամենամեծ բանկը՝ HSBC, ստիպված էր դուրս գրել 10.5 միլիարդ $ ընդհանուր արժողությամբ հիփոթեքային արժեթղթեր։ Սա ընդունված է համարել առաջին խոշոր կորուստը, որը հիփոթեքային ճգնաժամի պատճառ էր։ Համաձայն մեկ այլ տեսակետի՝ ճգնաժամի I զոհը դարձավ New Century Financial Corporation հիփոթեքային ընկերությունը։ Նման վիճակ նկատվեց նաև American Home Mortgage Investment Corporation ընկերությունում։ Ընկերությունները դադարեցրին վարկեր տրամադրել, կրճատեցին իրենց աշխատողների հաստիքները, սկսեցին անկում ապրել այդ ընկերությունների արժեթղթերի գները։ Աստիճանաբար ճգնաժամն ընդգրկեց նաև ամբողջ բանկային ոլորտը. այդ թվում նաև Deutsche Bank-ը, որն ուներ ամերիկյան հիփոթեքային ընկերություններում արժեթղթեր։ 2007 թ. ընթացքում նվազագույնը 100 ընկերություններ կա՛մ կասեցրին հիփոթեքներով գործունեությունը, կա՛մ լրիվ դադարեցրին իրենց գործունեությունը, կա՛մ վաճառվեցին։ 2007 թ. վերջում մեկ շաբաթվա տարբերությամբ Merrill Lynch և City Group բանկերի գլխավոր տնօրենները հայտարարեցին իրենց հրաժարականների մասին։ 2007 թ. ճգնաժամն առաջացրեց խուժապ ֆինանսական շուկաներում. շատ ներդրողներ նախընտրեցին վաճառել իրենց ռիսկային հիփոթեքային պարտատոմսերը և ոչ կայուն արժեթղթերը՝ փոխարենը փողը ներդնելով ապրանքների մեջ, որը ծառայում է որպես կապիտալի պահպանման միջոց։ Ֆինանսական շուկաներում ածանցյալ արժեթղթերի շուկայի անկումից հետո ապրանքային ֆյուչերսների սպեկուլյացիան հանգեցրեց համաշխարհային պարենային ճգնաժամին և նավթի գների աճին։

Փլուզում ֆոնդային շուկաներում[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թ. հոկտեմբերի 31 համաշխարհային ֆոնդային շուկաների շատ ինդեքսներ հասան իրենց գագաթնակետին, որից հետո սկսվեց անկումը. Այդ օրվանից մինչև 2008 թ. հոկտեմբերի 3-ը S&P 500 ինդեքսն ընկավ 30%, MSCI World ինդեքսը (ներառում է 23 զարգացած երկների շուկաների արժեթղթերը) ընկավ 32.3%, MSCI Emerging Markets զարգացոզ շուկաների ինդեքսը՝ 40.5%։ Ի տարբերություն նախորդ՝ 2000-2002 թթ փլուզման, որը տեխնոլոգիական ընկերությունների ֆոնդային շուկաների անկման հետևանք էր և սահմանափակվեց միայն ԱՄՆ-ի շուկաներով, 2007-2008 թթ փլուզումն ընդգրկեց բոլոր երկրները և պայմանավորված էր ֆոնդային շուկաների սահմաններից դուրս գտնվող իրադարձություններով. պղպջակի պայթյուն, հետո սնանկացում բանկային և բնակարանային հատվածում, ավելի ուշ՝ հումքի շուկաներում։ Առաջին հերթին սկսեցին ընկնել արմ. ընկերությունների բաժնետոմսերը, իսկ 2008 թ. հուլիսից, երբ սկսեց արագ էժանանալ նավթը՝ զարգացող երկրների հումքային ընկերությունների բաժնետոմսերը։

ԱՄՆ-ի խոշորագույն ներդրումային բանկերի սնանկացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թ. օգոստոսին Bear Stearns բանկը գտնվեց հիփոթեքային վարկավորման ճգնաժամի կենտրոնում։ Այդ ժամանակ, ըստ մեծության, V բանկն էր ԱՄՆ-ում։ Արդյունքում, նրա հսկողության տակ գտնվող 2 խոշոր հեջ ֆոնդեր կորցրեցին իրենց հաճախորդների գրեթե բոլոր գումարները (մոտ 1.6 միլիարդ $)՝ հիփոթեքային պարտատոմսերում ներդրումներ կատարելով։ Սա խուճապ առաջացրեց ֆինանսական շուկաներում։ 2008 թ. մարտի 14 ֆիրման հայտարարեց, որ երկրում շարունակվող վարկային ճգնաժամի պատճառով պարտավորությունների իրականացման համար լուրջ ֆինանսավորման կարիք ունի։ ԱՄՆ-ի Ֆեդերալ ռեզերվային համակարգը և JP Morgan Chase բանկը համաձայնեցին առանձնացնել լրացուցիչ ֆինանսավորում։ Այս նորությունից հետո բանկի բաժնետոմսերն ընկան 47%-ով։ 2008 թ. սեպտեմպերի 15 իր սնանկացման մասին է հայտարարել Lehman Brothers՝ ԱՄՆ-ի ամենամեծ բանկերից մեկը։ ՈՒկրաինիայի Նայբանկի փոխտնօրենը՝ Սավչենկոն, այս առիթով ասել է, որ Lehman Brothers բանկն ամենահզոր խաղացողն էր վարկադեֆոլտային սվոփի շուկայում, և զարմանալի չէ, որ կորցնելով իրենց ներդրումների ապահովագրվածությունը՝ ամերիկացի ներդրողները սկսեցին արագորեն փակել իրենց դիրքերը զարգացող շուկայում և գնալ դոլլարի։ ԱՄՆ-ի 5 ամենխոշոր բանկերը դադարեցրին իրենց գործունեությունը. Bear Stearns բանկը վաճառվեց, Lehman Brothers բանկը սնանկացավ, Merrill Lynch, Գոլդման Սաքս և Morgan Stanley բանկերը դադարեցին ներդրումային բանկեր լինելուց՝ կախված առանձնահատուկ ռիսկերի և Ֆեդերալ ռեզերվային համակարգից լրացուցիչ օժանդակություն ստանալու հետ։