Ազգային վերածնունդ կուսակցություն (Արցախ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ազգային վերածնունդ կուսակցություն
Veratsnund monthly.jpg
Տեսակ կուսակցություն
Երկիր Flag of Artsakh.svg Արցախ
Հիմնադրված 2013
Գաղափարախոսություն սոցիալ դեմոկրատիա
Կայք avk.am

«Ազգային վերածնունդ» կուսակցություն (հակիրճ՝ ԱՎԿ), ազգային ուղղվածությամբ և սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությամբ[1] խորհրդարանական կուսակցություն։ Կուսակցությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ազգային վերածնունդ» կուսակցության ստեղծելու մասին հայտարարությունը տպագրվել է «Ազատ Արցախ» թերթի 2013 թ. հունվարի 24-ի համարում։ Դրանից մեկ ամիս անց՝ փետրվարի 24-ին, Ասկերանի շրջանի Խաչեն գյուղում տեղի է ունեցել «Ազգային վերածնունդ» կուսակցության հիմնադիր համագումարը, որը հաստատել է կուսակցության կանոնադրությունը, ընդունել կուսակցության ծրագիրը, ընտրել ժամանակավոր Գործադիր մարմին։ Միջազգայնագետ Հայկ Խանումյանն ընտրվել է «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ։ 2013 թ. մայիսի 16-ին Արցախի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը գրանցել է «Ազգային վերածնունդ» կուսակցությունը։

Գաղափարախոսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը սոցիալ-դեմոկրատական կուսակցություն է։ Կուսակցությունը հանդես է գալիս հնարավորինս բնապահպանական ուղղվածությամբ տնտեսության օգտին, առաջնային նպատակ է հռչակել Արցախի Հանրապետությունում բիզնեսի և իշխանության տարանջատում։ Կուսակցության գերնպատակը Միացյալ Հայաստանի ստեղծմանն աջակցելն է[2]։ 2013 թ. սեպտեմբերից լույս է տեսնում կուսակցության «Վերածնունդ» պաշտոնաթերթը։

Ծրագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը իր ծրագրային և կանոնադրական նպատակներին հասնելը և խնդիրների իրականացումը տեսնում է միայն օրինական, սահմանադրական ճանապարհով։ Կուսակցությունը մասնակցելու է տարբեր մակարդակի ընտրություններին, լինելով իշխանություն կամ ընդդիմություն՝ հանդես է գալու սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությունից բխող առաջարկներով և գործունեությամբ։

Որպես ազգայնական գաղափարախոսություն դավանող կուսակցություն՝ ԱՎԿ-ն իր ուժերի ներածին չափով հանդես է գալու հայության շահերի պաշտպանությամբ և հայության դիրքերն ամրապնդող գործողություններով։ Արտաքին քաղաքականության մեջ ԱՎԿ ձգտում է՝ հայության անվտանգության պաշտպանությանը՝ որպես կարգախոս ընտրելով «ո'չ այլևս Դեր-Զոր, ո'չ այլևս Սումգայիթ» նախադասությունը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման՝ որպես Հայաստանի Հանրապետության մաս կազմելու առաջին քայլ, բարեկամական հարաբերությունների հաստատմանը հնարավորինս շատ երկրների և ժողովուրդների հետ, ինչը խարսխված կլինի տնտեսական, մշակութային և այլ բնագավառներում սերտ համագործակցության վրա, արցախյան արտադրանքի համար շուկաների որոնմանը, Արցախ ներդրումների ներգրավմանը և հայության համար կարևոր նշանակություն ունեցող երկրներում արցախյան ներդրումների խրախուսմանը։

Ներքին քաղաքականության մեջ ԱՎԿ ձգտում է՝ բնակչության ավելի լայն ներգրավվածությունը քաղաքականության մեջ, ինչը ենթադրում է ավելի ակտիվ մասնակցություն քաղաքական գործընթացներին, տնտեսության մեջ պետական չափավոր կարգավորմանը, այդ թվում նպատակ ունենալով պետական ներդրումներ կատարել ռիսկային և մասնավորի կողմից ոչ հրապուրիչ ոլորտներում, սոցիալական արդարության հաստատմանը, այդ թվում ցածր եկամուտ ունեցողների համար հանրային միջոցներով բնակարանների կառուցմամբ, զարգացած առողջապահական համակարգի առկայությունը, որի ֆինանսավորման առանցքը կկազմի բժշկական ապահովագրությունը, պաշտպանական կառույցների անընդհատ կատարելագործումը, որը կնվազեցնի հայ զինվորի և բնակչության խոցելիության աստիճանը, պետական տարբեր ծրագրերի միջոցով գյուղի զարգացմանը, այդ թվում պետական մասնակցությամբ գյուղացիական կոոպերացիաների խրախուսմանը, գիտության ֆինանսավորումը ՀՆԱ-ի մեկից երեք տոկոսի չափով։ Որպես ֆինանսավորման հիմնական ուղղություն ընտրելով թեմատիկ հետազոտությունների ֆինանսավորումը, կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը «քիչ բյուրոկրատիա, ապակենտրոնացում, արդյունավետություն» սկզբունքով և պետական ապարատի ծախսերի կրճատմամբ, տեղական ինքնակառավարման մարմինների դերի և լիազորությունների ուժեղացմանը՝ խրախուսելով ինքնաբավ համայնքների առաջացմանն ու տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացմանը, Արցախի ապակենտրոնացմանը, ինչը ենթադրում է նոր աշխատատեղերի, տների և ենթակառուցվածքների ստեղծում շրջաններում։ Սա թույլ կտա կրճատել մայրաքաղաքի և շրջանների միջև զարգացման հսկայական տարբերությունը, կրթության մակարդակի բարձրացմանը, ինչը ենթադրում է դասավանդողների վերապատրաստում, միջազգային հռչակ վայելող մասնագետների հրավիրում Արցախ՝ օգտագործելով համայն հայության ներուժը, Արցախում միջազգային կարճաժամկետ և մշտական դպրոցների հիմնում, այդ թվում համահայկական նշանակության, զարգացած զբոսաշրջային ենթակառուցվածքի ստեղծմանը, ինչը ենթադրում է Արցախի հարուստ մշակութային ժառանգության, պատմության և արդիականության պատշաճ մատուցումը, երիտասարդության ոլորտում լայնածավալ ծրագերի մեկնարկին, ինչը նպատակ ունի Արցախի երիտասարդներին հնարավորություն տալ համայն հայության և աշխարհի իրենց հասակակիցների հետ համատեղ ծրագրեր իրականացնելու[2]։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ազգային վերածնունդ» կուսակցությունն ընդդիմադիր է Արցախի իշխանություններին[3], որտեղ հիմնականում ներկայացված են «Ազատ Հայրենիք», «Արցախի ժողովրդավարական» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունների ներկայացուցիչները։ 2014 թ. օգոստոսին կուսակցությունը կոչ է արել Արցախի իշխանություններին ավելի սերտ հարաբերություններ հաստատել Իրանի հետ և Թեհրանում բացել մշտական ներկայացուցչություն[4]։

Կուսակցությունը մասնակցել է 2015 թ. մայիսի 3-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, և պաշտոնական տվյալների համաձայն, հավաքել 5.38% ձայն՝ դառնալով խորհրդարանական ուժ։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ԱՎԿ ստացել է մեկ պատգամավորական մանդատ (Կուսակցությունից համամասնական ընտրակարգով պատգամավոր է ընտրվել ԱՎԿ ընտրական ցուցակը ղեկավարած Հայկ Խանումյանը), և ձևավորել «Վերածնունդ» խորհրդարանական խմբակցությունը։

Մասնակցությունը ԼՂՀ ԱԺ 2015 թ. ընտրություններին[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թ. Ազգային ժողովի ընտրություններն «Ազգային վերածնունդ» կուսակցության համար առաջին համապետական ընտրություններն են կուսակցության ստեղծումից ի վեր։ Արցախի Ազգային ժողովի 22 համամասնական տեղի համար առաջարկել է 14 թեկնածու կուսակցության ցուցակով, իսկ 11 մեծամասնական տեղի համար 5 թեկնածու։ Մեծամասնական մի շարք այլ ընտրատարածքներում կուսակցությունը պաշտպանում է անկախ թեկնածուներին։ Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է ԱՎԿ նախագահ Հայկ Խանումյանը, 2-րդ համարն է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը, 3-րդը՝ բժշկուհի Նունե Մելքումյանը[5] ։ Կուսակցությունը հայտարարել էր, որ ընտրություններին իրենց աջակցելու է ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայան[6]։ 2015 թ. ԼՂՀ ԱԺ ընտրությունների արդյունքում կուսակցությունը դարձավ խորհրդարանական ուժ՝ հավաքելով ընտրությունների մասնակիցների ձայների 5,38 տոկոսը։[7] Կուսակցությունը ներկայացված կլինի Ազգային ժողովում մեկ պատգամավորով։ Կուսակցության համամասնական ցուցակից պատգամավոր է ընտրվել Հայկ Խանումյանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]