Քաղաքական միֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քաղաքական միֆ, գաղափարախոսական պատում, որին հավատում են հասարակական որոշակի խմբեր։

Գիտական սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թ.-ին, Հենրի Թյուդոն սահմանել է այն իր «Քաղաքական միֆ» գրքում։ Նրա պնդմամբ՝ քաղաքական միֆերը ընկալվում են որպես ճշմարտություններ, անգամ եթե իրականում սուտ են, դրանք դրամատիկ կառուցակցմամբ միջոցներ են «իրականությունն ընկալելու նպատակով»։ Քաղաքական միֆերը առնչվում են քաղաքական թեմաներին և միշտ օգտագործում են մարդկանց մի խմբի որպես հերոսներ կամ նախատիպեր[1]։ 2001 թ.-ին Քրիստոֆեր Գ. Ֆլուդը  տվեց քաղաքական միֆի աշխատանքային սահմանումը որպես «գաղափարախոսկան երանգով պատում, որ ջանում է փոխանցել անցյալի, ներկայի ու կանխատեսվող քաղաքական իրադարձությունների ճշմարիտ համախումբը, և որը ընդունվում է որպես այդպիսին հասարակական խմբի կողմից»[2]։

Քաղաքական միֆերի մասին հիշատակումներ կան բազում փիլիսոփայական ու քաղաքագիտական տեքստերում, ինչպես Manifest Destiny, The Clash of Civilizations, and national myths[3]։

1946 թ.-ին Էռնստ Կասիրերը անդրադարձել է քաղաքական տեսությանը իր «Պետության միֆը» գրքում[4]։

1973 թ.-ին, Թ.Լ. Թորսոնը «Քաղաքական տեսության» չորրորդ հրատարակության մեջ գրում է «Ժամանակակից մտքի հատկանիշներից է միֆի ստեղծումը՝ որպես ուրիշների վրա ազդեցություն գործելու միջոց (ինչպես, օրինակ, Պլատոնն է անում իր «Պետություն» աշխատության մեջ). Իր նախնական իմաստով միֆը բառացի նկարագրություն է»[5]։

Ըստ Թյուդոյի՝ միֆը քաղաքական է դառնում իր խնդրի էությունից, որը քաղաքական է [6]։ Իսկ որպեսզի քաղաքական պատումը սահմանվի որպես միֆ, իրադարձությունների պատումը պիտի նկարագրվի դրամատիկ ձևով և օգտագործվի որպես գործնական փաստարկ[7]։

Թյուդոն նկարագրում է նաև, թե ինչ նկատի ունի դրամատիկ ձև ասելով՝ «գոյություն ունի իրադարձություն, որին մարդ կարող է հղում անել իր ներկա փորձառությունը, բայց տվյալ իրադարձությունները պիտի տեղի ունենան անցյալում»։ Քաղաքական միֆի գործառույթը լավագույնս կարող է ընկալվել, երբ այն տարրաբաժանվում է հետևյալ մասերի (1) միֆն առաջարկում է տեսական փաստարկ, որ խարսխված է (2) գաղափարախոսության վրա, որը հիմնավորում է միֆը պրակտիկ փաստարկ բերելով։

Յուրաքանչյուր միֆ ունի իր նախատիպ հերոսական կերպարը, որը ներկայացնում է կոնկրետ հասարական խումբ՝  նպատակ ունենալով ստեղծել բարոյական իմաստով համահունչ մի աշխարհ, որն ուղղորդում է հասարակության գործունեությունը։  Միֆոպոետիկ նարատիվները քաղաքական խոսույթում կարող են ընդգրկվել ինչպես հիմնադրման մասին առասպելները, այնպես էլ  ապագայում ուրվագծված հասարակության քաղաքական իրադարձությունները (հաճախ դրանց ուտոպիստական տարբերակները), նաև այլևս գոյություն չունեցող հասարակությունների քաղաքական անցուդարձը։

Թեև և՛ միֆը, և՛ գազափարախոսությունը որոշակի արժեքներ ու հավատալիքներ ունեն, բայց գաղափարախոսությունը պպրակտիկ փաստարկ է առաջ քաշում,որ հիմնված է հասրակության անցյալի վրա՝ ավելի լավ ըմբռնելու համար ներկա և ապագա իրադարձությունները։ Միֆը բնորոշվում է որպես քաղաքական միֆ, երբ նարատիվը առաջ է բերում գաղափարախոսական երանգով իրադարձություններ քաղաքական հասարակության անցյալից, ներկայից կամ ապագայից[8]։ Ունենալով գաղափարախոսական երանգը, նարատիվը իր մեջ պարունակում է «ընկալումներ, արժեքներ և նպատակներ, որ կապված են որոշակի գաղափարախոսության հետ»[9]

Կարճ ասած՝ քաղաքական միֆն առաջարկում է անցյալի կամ ապագայի մասին որևէ պատում, որի լույսի ներքո հնարավոր է հասկանալ ներկան»։ Քաղաքական միֆի հաջողությունը կախված է նրանից, թե որքանով է առաջարկված պրակտիկ փաստարկն ընդունվում որպես ճշմարտություն։

Կիրառությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական գաղափարախոսությունների մեջ միֆերի օգտագործման կամ այլ կերպ ասած՝ քաղաքական միֆերի մասին փիլիսոփաների ու քաղաքագետների, հասարակագետների ու կրոնագետների մի շարք ուսումնասիրություններ փաստում են, որ դրանք ամենևին էլ եզակի կամ հազվադեպ հանդիպող երևույթներ չեն։ Այսպես, Քրիստոփեր Ֆլուդի մոտ կարդում ենք՝ «միֆաստեղծումը քաղաքական կյանքի բնականոն երևույթ է, չկա ոչինչ արտասովոր դրա մեջ»[10]։ Քաղաքական միֆաստեղծման գործընթացի ու դրա վերջնարդյունքի օբյեկտիվ գնահատման համար, սակայն, կարևոր է հստակ տարբերակել քաղաքական միֆը կրոնական միֆից, որի ստեղծման գործընթացը հաճախ շատ ավելի սերտորեն է անցյալի հետ կապված։ Եթե համարենք, որ քաղաքական միֆերը սրբազան միֆերի ու քաղաքական գաղափարախոսության միջև ընկած կատեգորիաներ են[11], ապա ժամանակակից համատեքստում քաղաքական միֆը կարելի է բնորոշել՝ որպես գաղափարական շեշտադրումով անցյալի, ներկայի կամ սպասվելիք քաղաքական իրադարձությունների մասին պատում[12]։ Եթե այս ձևակերպմանը հավելենք առհասարակ միֆի մասին արված ֆրանսիացի գիտնական Դյութեի ձևակերպումը, ըստ որի ՝ «միֆը խմբային ձգտումների անձնավորումն է»[13], ապա կարելի է ասել, որ քաղաքական միֆերն էլ որևէ գաղափարախոսությամբ համախմբված հանրույթների քաղաքական ձգտումների անձնավորումն են։ Ձգտումների անձնավորման արդյունքում ծնված այդ պատումները միշտ ներկա են որևէ հասարակության քաղաքական կյանքում։ Եվ այնպես, ինչպես սրբազան միֆերը «միշտ մեզ հետ են և միայն թաքնվում են ինչ-որ ստվերներում, իրենց ժամին սպասելով և ի հայտ են գալիս, երբ բոլոր մյուս ուժերը, որ շաղախում են հասարակական կյանքը այս կամ այն պատճառներով կորցնում են իրենց հզորությունը և այլևս չեն կարողանում ետ պահել դիվային, միֆոլոգիական կամ դիցաբանական տարերքները»[14], այնպես էլ քաղաքական միֆերը դուրս են գալիս թաքստոցից, երբ գաղափարախոսական խոսույթների մյուս տարբերակները ի զորու չեն լինում անհրաժեշտ գաղափարական պատնեշն ապահովել քաղաքական տարբեր հոսանքների դեմ։

Այսպիսով, յուրաքանչյուր հասարակությանն ու քաղաքական իշխանությանը հատուկ է միֆաստեղծումը, իսկ հասարակության ու իշխանության համար ճգնաժամային իրավիճակներում այդ միֆերը դառնում են առաջնային, ակտուալ ու կարևոր[15]։


[1] Niemann, Yolanda Flores, Armitage Suan, Hart Patricia, et al eds, 2002, University of Nebraska Press

https://books.google.am/books?id=WdxTkGIL1osC&lpg=PA52&dq=%22political+myth%22+and+nationalism&pg=PA52&redir_esc=y#v=onepage&q=Henry%20Tudor's%20definition&f=false,

<nowiki>[2Flood, Cristopher, 2001, "Political Myth", Routledge, p.52]

[3] Bass, J. D., and Cherwitz R.A. 1978, "Imperialist mission and manifest destiny: A case study of political myth in rhetorical discourse", Southern Speech Communication Journal, Routledge. [4] Chira Boticci and Bennoit Chaland, (August 2006), "Rethinking political myth; The Clash of Civilizations as a selffulfilling prophecy", European Journal of Social Theory.

[5] David Archard ( September 1995), "Myths, lies and historical truth: a defence of Nationalism", Political Studies, John Wiley and sons.

[6] Cassirer Ernst (1946), The Myth of the State, Yale University Press.

[7] T.L. Thorson (1973), A History of Political Theory, 4th edition, page 14

[8] Tudor, Henry, (1975), Political Myth.

[9] Flood, Ch., "Political Myth: A theoretical Introduction", Routledge, 2002, p.30

[10] Flood Ch., “Political Myth: A theoretical Introduction”, Routledge, 2002, p.30

[11] Նույն տեղում։

[12] Flood Ch., “Political Myth: A theoretical Introduction”, Routledge, 2002, p.42

[13] Кассирер Э. Техника современных политических мифов // Вестн. МГУ. Сер. 7, Философия. 1990. № 2. С. 60

[14] Кассирер Э. Техника современных политических мифов // Вестн. МГУ. Сер. 7, Философия. 1990. № 2. С. 61

[15] Աննա Գևորգյան, «Մեսիայի մասին միֆը այաթոլլահ Խոմեյնիի գաղափարախոսության մեջ», «Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ», հատոր 32, համար 2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]