Վարչական դատավարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վարչական դատավարություն, լայն առումով՝ պետական իշխանության գործադիր-կարգադրիչ մարմինների վարչաիրավական նորմերի կիրառման գործունեությունը անհատական գործեր քննելիս, նեղ առումով՝ վարչաիրավական հարաբերությունների մասնակիցների միջև ծագած վեճերի լուծման և վարչական հարկադրանքի կիրառման պետական մարմինների գործունեությունը։

Վարչական դատավարության խնդիրն է համարվում պետական կառավարման ոլորտում օրինականության ապահովումը, երկրի քաղաքացիների իրավունքների ու շահերի պաշտպանությունը։ Վարչական դատավարության նորմերը որոշում են պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց գործողությունների դեմ բերվող բողոքները, վարչական իրավախախտման համար պատասխանատվության, վարչական ներգործության ենթարկելու կարգը (վարչական ձերբակալություն, վարչատեխնիկական, վարչաբժշկական հարկադրական միջոցներ)։

Դատավարության յուրաքանչյուր մասնակից ունի որոշակի իրավունքներ և պարտականություններ։ Հասարակական կազմակերպություններին իրավունք է վերապահված մասնակցել վարչական իրավախախտումների քննարկմանն ու լուծմանը, վարչական հանձնաժողովների և վարչական հարկադրանք կիրառող այլ մարմինների գործունեությանը։

Դատավարության բոլոր փուլերում, դատավարական ժամկետների պահպանումը պարտադիր է։ Վարչական հարկադրանքի վերաբերյալ որոշումները կարող են բողոքարկվել վերադաս մարմիններին, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ դատարանին։ Այն ընդհանուր հսկողության կարգով կարող է բողոքարկել նաև դատախազը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 344