Սրտի կառուցվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Սրտի կառուցվածք[խմբագրել]

Սիրտը, մարդու և կենդանիների արյունատար համակարգի կենտրոնական օրգան է, որն արյուն է մղում զարկերակային համակարգ և ապահովում արյան շարժումն անոթներով: Սիրտը հատուկ է միայն զարգացած արյունատար համակարգ ունեցող կենդանիներին: Նեմերտիններն արյան կանոնավոր շրջանառություն չունեն, և արյունը անոթներով հոսում է մարմնի մկանների կծկման շնորհիվ: Օղակավոր որդերի արյան շարժումը տեղի է ունենում մեջքային արյունատար անոթի բաբախման շնորհիվ (որոշ տեսակներ ունեն լրացուցից ՙկողմնային սրտեր՚` բաբախող օղակաձև անոթներ): Ուսոտանիները, բացի ստամոքսի մոտ գտնվող և աորտայի հետ կապված սրտից, մեծ զարկերակների վրա ունեն ևս 1-3 լրացուցիչ սրտեր: Փափկամորթների մեծամասնությունը ունի լավ զարգացած, սովորաբար երկու նախասրտից և մեկ փորորքից կազմված սիրտ: Հոդվածոտանիների սիրտը բաղկացած է մի քանի սրտային խորշերից: Փշամորթները, անգանգները զուրկ են սրտից, և նրանց արյունը շարժվում է որովայնային աորտայի և խռիկային անոթների հիմքի կծկման շնորհիվ: Ողնաշարավորների սիրտը մկանների հզոր շերտով պատված, փականներ ունեցող լավ զարգացած օրգան է: Ձկների սիրտը երկխորշ է, (բաղկացած նախասրտից և փորոքից), երկկենցաղների մեծամասնությունը` եռախորշ, (երկու նախասրտից և մեկ փորոքից), թռչուններինը և կաթնասուններինը քառախորշ (երկու նախասրտից և երկու փորոք): Այժմ ներկայացնենք մարդու սրտի կառուցվածքը և նրա տարիքային առանձնահատկությունները: Մարդու սիրտը գտնվում է կրծքավանդակում, աջ և ձախ թոքերի արանքում, նրա 2/3 մասն անցնում է մարմնի միջին հարթությունից ձախ: Հասուն մարդու սրտի երկարությունը 12-15 սմ է, լայնական չափը` 8-11 սմ, առաջետին չափը` 5-8 սմ: Զանգվածը 220-300գ: Սրտի հիմքն են կազմում նախասրտերը և խոշոր անոթները` վերին և ստորին սիներակները, աորտան և թոքային զարկերակացողունը: Սիրտը ունի երկու երես` կրծոսկրակողային և ստոծանիական, որոնք իրարից բաժանված են աջ և ձախ եզրերով: Սիրտը շրջապատված է պարկաև փակ գոյացություններով` սրտապարկով, (պերիկարդ), այն պաշտպանական դեր է կատարում և սահմանափակում է սրտամկանի լայնացումը: Վերջինս բաղկացած է երկու շերտից` արտաքին` ֆիբրոզ և ներքին` շճային: Վերջինս բաժանված է երկու թերթիկների` առպատային, որը պատում է ֆիբրոզ շերտը ներսից, և ըդերային ՙէպիկարդ կամ վերսրտենի՚, որը կպած է սրտամկանին և կազմում է սրտի արտաքին շերտը, որը առջևից հաստ է, սրտի հետին պատի համեմատ: Առպատային և ընդերային թերթիկների միջև կա որոշ քանակությամբ շճային հեղուկ, պարունակում է մեծ քանակությամբ արյունատար և ավշային անոթներ, նյարդային վերջույթներ: Միջին շերտը`սրտամկանը կամ միոկարդը, սրտի պատերի հիմնական զանգվածն է, կազմված միջաձիգ զոլավոր և շրջանաձև մկանաթելերից, որոնք սկսվում են բացվածքների շուրջը գտնվող ջլաօղերից և առանձին-առանձին տարածվում են նախասրտերի ու փորոքների վրա: Ներքին շերտը` ներսրտենին (էնդոկարդ), սրտի խոռոչը պարզ փուխր շարակցահյուսվածքային շերտ է, որը ծալքավորվելով առաջացնում է նախասիրտ փորոքային, ինչպես նաև աորտայի և թոքային զարկերակացողունի փականները: Էնդոկարդը պատում է սրտի խոռոչների պատերը և գոյացնում բացվածքների փականների փեղկերը: Նախասրտերը փորոքներից բաժանված են պսակաձև ակոսով, որի մեջ գտնվում է համանուն երակացոծը: Սրտի միջփորոքային ակոսների մեջ գտնվում են սիրտը սնուցող աջ և ձախ պսակաձև զարկերակները: Մենք գիտենք, որ մարդու սիրտը բոլոր կաթնասունների սրտի նման քառախորշ է (աջ և ձախ նախասրտեր, աջ և ձախ փորոքներ): Սրտի աջ և ձախ կեսերը միմյանց հետ չեն հաղորդակցվում և բաժանված են միջնախասրտային և միջփորոքային միջնապատերով: Նախասրտի միջև հաղորդակցություն կա, միայն ներարգանդային շրջանում: Աջ նախասրտերը (atrium dextrum) խորանարդաձև է, նրա մեջ են բացվում վերին և ստորին սիներակներն (v. cava superior et v. cava inferior) ու սրտի պսակաձև երակածոցը: Աջ նախասիրտը դեպի վար աջ փորոքի հետ հաղորդակցվում է նախասիրտ-փորոքային բացվածքով (ostium atrioventriculare dextrum ), որն օժտված է եռափեղկ փականով (valvula atrioventricularris dextra): Վերջինս կծկման ժամանակ կանխում է արյան ետհոսքը դեպի նախասիրտ: Աջ և ձախ նախասրտերի միջնապատի կենտրոնում` աջ և ձախ փորոքներից վեր, ձևավորված է մի խոռոչային ելուստ, որը կոչվում է սրտի աջ և ձախ ականջիկ (auricula dextra et auricular sinisra), որը սաղմնային զարգացման շրջանում գործող ձվաձև անցքի հետքն է: Երբ ձվաձև անցքը լրիվ կամ մասնակի չի փակվում, պատճառ է դառնում բնածին արատի, որի ժամանակ նախասրտերի և փորոքի արյունը խառնվում է: Աջ նախասրտի պատերը հարթ են, բացի ականջիկից, որի մեջ կան սանրաձև մկաններ: Ձախ նախասրտի (atrium sinistrum) մեջ բացվում են թոքային 4 երակները: Ձախ նախասիրտ-փորոքային բացվածքն օժտված են երկփեղկ փականով (valvula atrioventricularris sinistra):: Աջ փորոքը նման է եռանիստ բրգի, ունի առաջնային , ետին և միջային պատեր, որոնց կպած է բազմաթիվ մկանային ձողիկներ: Դրանք բացակայում են միայն թոքային զարկերակացողունի հարակից մասում: Այդ մկանային ձողիկների տարատեսակներից է երեք պտկաձև մկանները, որոնք հիմքերով կպած են փորոոքի պատերին, իսկ ապա ծայրերով ՙբարակ ջլաթելերի միջոցով՚ միանում է եռափեղկ փականի ազատ եզրերին և կանխում է փեղկերի շրջվելը դեպի նախասիրտը` դրանց փակված դիրքում: Աջ փորոքում թոքային զարկերակացողունի սկզբնական մասում, կան երեք կիսալուսնաձև գրպանիկներ, որոնք նույնպես գործում են որպես փականներ: Դրանք բացվում են միյան արյան հոսքի ուղղությամբ, այսինքն` փորոքից դեպի թոքային զարկերակացողունը (valvula trunci pulmonalis): Նշենք, որ կիսալուսնաձև փականները իրենցից ներկայացնում են երեքական գրպանիկներով ամուր շարակցա¬հյուս¬վածք: Փորոքի թուլացման ժամանակ, երբ արյունը ձգտում է ետ լցվել նրա մեջ, կիսալուսնաձև գրպանիկները լցվում են արյունով և փակելով անցքը, կանխում արյան ետհոսքը դեպի փորոք: Ձախ փորոքի պատերը ավելի հաստ են, քան աջինը: Այստեղ մկանային ձողիկները բարակ են, սակայն ավելի շատ են, քան աջ փորոքում: Պտկաձև մկանները երկուսնն են, որոնք նույնպես ջլաթելով միացած են երկփեղկ փականի փեղկերին: Աորտայի (valvula semilunaris aortae) սկզբնական մասը ևս օժտված է լավ արտահայտված կիսալուսնաձև փականներով, Դրանց աջ և ձախ կողմերից սկիզբ են առնում պսակաձև զարկերակները, որոնք սիրտը սնելով դառնում են երակներ և թափվում պսակաձև երակածոցի, վերջինս էլ աջ նախասրտի մեջ: Այս անոթների միջոցով կատարվում է սրտի պսակային շրջանառությունը: Պսակային զարկերակների ճյուղավորումների միջև եղած բերանակցումները մեծ նշանակություն ունեն սրտի պատերի սնուցումը բավարար և կայուն կերպով ապահովելու համար, երբ պսակաձև անոթների ճյուղերը ծայրային են, այսինքն, չունեն բերանակցումներ, ապա նպաստավոր պայմաններ են ստեղծվում սրտամկանի ինֆարկտի համար:


Սրտամկանի ձևաբանաֆունկցիոնալ առանձնահատկություն[խմբագրել]

Գիտենք, որ սրտամկանը յուրահատուկ միջաձիք զոլավոր մկան է: Նախասրտերի հատվածում այն կազմված է երկու շերտից: Ներքին շերտը շրջապատում է աջ և ձախ նախասրտերը առանձին-առանձին, իսկ արտաքինը` երկու նախասրտերը միասին: Փորոքների հատվածում սրտամկանը բաղկացած է երեք շերտից ` արտաքին, միջին և ներքին: Արտաքին շերտը սկսվում է աորտայի և թոքային զարկերակների արմատներից: Ընթանալով դեպի սրտի վերին մասը արտաքին մկանային շերտը շրջվում է և շարունակվում որպես ներքին մկանային շերտ: Պատված լինելով էնդոթելային բջիջներով, այս շերտը ձևավորում է սրտի խոռոչները: Մկանային պատի միջին շերտը կազմված է օղակաձև մկաններից , որոնք շրջապատում են աջ և ձախ փորոքները առանձին-առանձին: Սրտամկանի բջիջները կոչվում են միոցիտներ, որոնց երկարությունը 40-130 մկ է, տրամագիծը 15-22 մկ, ձևով դրանք նմանվում են ուղղանկյան: Մկանաթելերը դասավորված են այդ բջիջների ծայրամասերում: Սրանք այլ կերպ կոչվում են նախաթելիկներ, որոնք միջաձիգ զոլավոր մկանների նման դասավորվելիս առաջացնում են միջաձիգ զոլավորություն: Սրտամկաններում ցիտոպլազմատիկ ցանցը լավ արտահայտված չի, սարկոպլազմատիկ ցանցը լավ է զարգացած այն թելիկներում, որտեղ կծկումները ավելի հաճախակի են: Մկանային բջիջները իրար են միանում հատուկ միջանկյալ կամ ներդիր սկավառակներով` դեսմոսոմներով, որոնք պարունակում են էներգետիկ պրոցեսները ապահովող մեծ քանակի ֆերմենտներ: Դեսմոսոմնները հաղորդում են դրդելիությունը մի միոցիտից մյուսին: Սրտամկանի բջիջները հարուստ են նաև միտոքոնդրիումներով, որոնց քանակը այստեղ հինգ անգամ ավելի է, քան սովորական կմախքային մկաններում: Դրանով է բացատրվում սրտամականի էներգիայի ծախսման բարձր ակտիվությունը: Սրտամկանի կազմում կա գլիկոգենով հարուստ Պուրկիների թելերից բաղկացած ատիպիկ հյուսվածք: Սրանք սրտի հաղորդող համակարգը կազմող միոցիտներն են, որոնք հանդես են գալիս նյարդամկանային հանգույցների ձևով: Այս միոցիտները ավելի խոշոր են և ավելի քիչ մկանաթելիկներ են պարունակում, հանգույցները հարուստ են նյարդային բջիջներով:

Սրտի աշխատանքի ցիկլ և ռիթմիկ կծկումների առանձնահատկություն[խմբագրել]

Հայտնի է որ, սրտի ֆունկցիան զարկերակների մեջ պարբերաբար արյուն մղելն է, որը իրականանում է նախասրտերի և փորոքների ռիթմիկ և խիստ փոխհամաձայնեցված կծկումների (սիստոլա) ու թուլացումների (դիաստոլա) շնորհիվ: Սրտի հարաբերական անդադար աշխատանքը, որը սկսվում է արգանդային զարգացման վաղ շրջանից և ավարտվում է մարդու մահվան պահին իրականանում է որոշակի օրինաչափ ցիկլերով, որոնց տևողությունը 0,8 վայրկյան է: Սրտի գործունեության յուրաքանչյուր ցիկլը կամ շրջանը ընդգրկում է 3 փուլ: 1. Կծկում կամ սիսթոլա 2. Թուլացում կամ դիաստոլա 3. Դադար Առաջին փուլը իր հերթին բաղկացած է 2 ենթափուլերից` ա. նախասրտերի կծկում, որը տևում է 0,1վ, այս ենթափուլում փորոքները գտնվում են դիաստոլիկ վիճակում, բ. փորոքների կծկում, որը տևում է 0.3վ, այս ենթափուլում նախասրտերը գտնվում են դիաստոլիկ վիճակում: Դիաստոլայի ընդհանուր փուլը, որը կազմված է նախասրտերի թուլացումից (0,3վ) և փորոքների թուլացումից (0,1վ) այսինքն ընդհանուր հանգիստը 0,4վ: Փորոքների կծկումից հետո վրա է հասնում 3-րդ փուլը` դադարը, որը տևում է դարձյալ 0,4վ: Սրտամկանում ծագած ռիթմիկ կծկումների շնորհիվ սրտում տեղի է ունենում արյան շարժ: Նախասրտի կծկման ժամանակ երկփեղկանի և եռափեղկանի փականները բաց են, քանի որ փորոքները գտնվում են հանգիստ վիճակում: Նախասրտերի կծկումները ուղեկցվում են նրանցում արյան ճնշման բարձրացմամբ և այլ ճնշման տակ արյան մղմամբ դեպի փորոքները: Վերջինների կծկման պահին, որը տեղի է ունենում նախասրտերի կծկումից հետո, ճնշումը փորոքում ավելանում է: Նախասրտափորոքային փականները այդ ճնշման տակ փակվում են, իսկ կիսալուսնաձև փականները բացվում: Զարկերակային արյունը լցվում է աորտայի մեջ, իսկ երակայինը` թոքային զարկերակների մեջ: Փորոքում այդ պահին ճնշումը հասնում է 120-ից 140մմ ս.ս: Փորոքի աշխատանքը ավարտվում է նրանց իզոմետրիկ կծկումներով, դա նշանակում է, որ փորոքների մկանների լարվածությունը մեծանում է, իսկ մկանաթելերը` այլև չեն կարճանում: Այդ հավասարաչափ կծկումը տևում է 0,2-ից 0,3վ: Արյունը զարկերակների մեջ մղվելու պատճառով, փորոքներում ճնշումը իջնում է Երբ նրանցում ճնշումը պակասում է, խոշորագույն զարկերակների համեմատ կիսալուսնաձև փականները արյան անոթային փականների տակ փակվում են: Վերը նկարագրվածից եզրակցնում ենք այն, որ, երբ կծկվում են նախասրտերը, փորոքները այդ ժամանակ հանգստանում են 0,1վ-ը, 0,4վ ընդհանուր դադարի ժամանակ են հանգստանում, այսինքն ընդհանուր հանգստանում են 0,5վ: Ինչ վերաբերում նախասրտերին` հանգստանում են նույնպես փորոքsների ժամանակ` 0,3վ և ընդհանուր դադարի ժամանակ` 0,4վ: Այսինքն օրվա մեջ նախասրտերը հանգիստ են 0,7վ: Սակայն ընդհանուր դադարի ժամանակ աջ և ձախ նախասրտեր են լցվում համապատասխանաբար վերին և ստորին սիներակներից թափվող երակային արյունը, և ձախ նախասիրտ` թոքից եկող թթվածնով հարուստ զարկերակային արյունը: Սրտի կծկումների հաճախականությունը տարբեր անհատների մոտ կարող է տարբեր լինել, բայց հիմնականում այն կապված է մարդու ֆիզիկական ծանրաբեռնվածության, հուզականության (էմոցիայի), ջերմությամբ ուղեկցվող հիվանդությունների և այլ գործոնների ազդեցության հետ: Սովորաբար սրտային ցիկլը մեկ րոպեում բաբախում է 75 անգամ, սակայն վերը նշված տարբեր իրավիճակներում կարող է մեծանալ կամ փոքրանալ, հասնելով 150-200-ի, ըստ որում կծկումների հաճախականությունը կարող է ավելանալ մի դեպքում սիստոլիկ փուլերի տևողության փոքրացման, մյուս դեպքում` դադարի փուլի կրճատման, երրորդ դեպքում` դիաստոլայի տևողության պակասեցման, չորրորդ դեպքում` բոլոր երեք փուլերի միակցման միաժամանակյա կարճացման հետևանքով: Սրտի մկանունքի կատարած աշխատանքը ծախսվում է, նախ` արյունը աորտայի մեջ մղելու, հետո, դուրս մղված արյանը արագություն հաղորդելու վրա: Ընդ որում արյունատար անոթների պատերը ձգվում են և սրտի կծկման էներգիայի մի մասը վեր է ածվում անոթների պատերի կողմից կուտակված պոտենցիալի էներգիիայի, իսկ էներգիայի մի մասն էլ վեր է ածվում շարժվող արյան կինետիկ էներգիայի: Քանի որ սիրտը արյուն դուրս նետելիս հաղթահարում է արյան ճնշմանը համազոր դիմադրություն, ապա կարելի է համարել, որ սիրտը որոշ ծավալի արյուն դուրս է մղում մինչև արյան ճնշման բարձրության մակարդակը: Ուստի աշխատանքը կարելի է հաշվարկել հետևյալ բանաձևի միջոցով.


W = PR + PV2

    2g

ըրտեղ W – ն ցույց է տալիս աշխատանքը, P – ն` արյան կշիռը R- ը` - արյան միջին ճնշումը V – ն` արյան հոսքի արագությունը g – ն` ծանրության ուժի արագացումը Ըստ փորձնական արդյունքների, պարզ է այն, որ սրտի հզորությունը հանգիստ վիճակում մեկ րոպեում հավասար է 70 զարկի: Սրտի կծկումների քանակի ավելացումը կոչվում է հաճախասրտություն (տախիկարդիա): Քնած ժամանակ սրտի կծկումների քնակը պակասում է մեկ րոպեում հասնելով 40-50-ի: Սրտի կծկումների հաճախականության պակասեցումը կոչվում է բրոդիկարդիա, կան մարդիկ, որոնց մոտ սիմպաթիկ նյարդային համակարգը իշխում է պարասիմպաթիկի վրա: Սրանք կոչվում են սիմպաթիկոտոնիկներ, որոնց սրտի կծկման հաճախականությունը նորմայից բարձր է: Գոյություն ունի մարդկանց հակառակ խումբ, որոնց մոտ թափառող նյարդը գերիշխում է սիմպատիկի վրա: Այս խմբին պատկանողները կոչվում են վագոտոնիկներ, որոնց սրտի կծկումների թիվը մեկ վայրկյանում 45-50 է:

Սրտամկանի գործունեության առանձնահատկություն[խմբագրել]

Սրտի ռիթմիկ աշխատանքը արդյունք է սրտամկանում ծագող դրդելիության: Սրտամկանը օժտված է հետևյալ կարևորագույն առանձնահատկություններով: 1. Ինքնուրույն աշխատանքը կամ ավտոմատիան` կապված նրա դրդելիության հետ: 2. Սրտի կծկվելու և թուլանալու հատկությունն է: 3. Հաղորդելիությունն է: 4. Անդրդելիությունը (ռեֆիկատորությունը): Սրտամկանում տեղի ունեցող ռիթմիկ կծկումները իրականանում են ինքնաբերաբար: Վերջիններս ծագում են առանց արտաքին խթանիչի: Դրանում համոզվելու համար բավական է գորտերի մեկուսացված սրտի միջով անցկացնլ ֆիզիոլոգիական լուծույթ` նա կսկսի ռիթմիկորեն կծկվել: Ելնելով ձևաբանաֆունկցիոնալ առանձնահատկություններից տարբերում են սրտի մկանաթելերի 2 տիպեր: 1. Նախասրտերի և փորոքների ՙբանվորական թելիկներ՚, որոնք կազմում են սրտի հիմնական զանգվածը` ապահովելով նրա մղող ֆունկցիան: 2. Թելիկներ, որոնք վարում են ռիթմը և հայտնի են որպես ռիթմավարներ (պեյսմեկերի) և դրդման ալիքը սրտի բանվորական մկանաթելերի հաղորդիչներ: Սրտամկանը օժտված է հանգստի և գործունեության հոսանքով: Նախասրտերի և փորոքների մկանները իրենց պահում են ֆունկցիոնալ սինցիտիի նման: Դա նշանակում է, որ այդ բաժիններից մեկին հասած կամ ինքնաբերաբար ծագած դրդելիությունը ընդգրկում է սրտամկանի բոլոր թելիկները: Ի տարբերություն կմախքային մկանների բջիջների և նյարդաբջիջների, որոնցից յուրաքանչյուրը կարող է գրգռվել մեկուսացված ձևով` մյուսներից անկախ, սրտում գործում է ՙԱմեն ինչ կամ ոչինչ՚ օրենքը: Դա նշանակում է, որ շեմքային գրգիռ հասնելիս բոլոր մկանները դրդվում են, կամ ոչ մեկը չի դրդվում, եթե գրգռիչի ուժը ենթաշեմքային է: Ինքնածին ազդակը ծնունդ առնելով սինոատրիալ հանգույցում, նախ փոխանցվում է նախասրտերի ՙբանվորական՚ մկարններին, այնուհետև հասնելով նախասրտափորոքային հանգույցին (հաղորդվող համակարգի կենտրոնին), ազդակը փոքր ինչ պահվում է, որից հետո արագ անցնում հիսի խրցով, դեպի պուռկինեի թելիկները, և փորոքների մկաններն ու կծկում նրանց: Սրտի ինքնուրույն կծկումները տեղի են ունենում ոչ միայն սինոատրիալ հանգույցի, այլ նաև հաղորդող համակարգի բաժինների ինքնածին դրդման շնորհիվ: Սակայն այդ բջիջների գրգռման սեփական հաճախականությունը ցածր է: Որքան հեռանում ենք ռիթմավարի բջիջներից, այնքան պակաս է հաղորդակից համակարգի ինքնուրույն աշխատունակությունը: Այսպես, երկրորդ հանգույցը օժտված է պակաս ինքնուրույնությամբ, քան առաջին հանգույցը, իսկ հիսի փունջը ավելի թույլ պեյսմեկեր է, քան երկրորդ հանգույցը: Վերջինս միացած է երրորդ հանգույցի հիսի խրցի հետ, որի ճյուղերը տարածվելով փորոքների մկաններում վեր են ածվում պուռկինեի թելիկների: Նյարդային հանգույցների ֆունկցիաները պարզելու համար մեկուսացված գորտի սրտի վրա գնում են կապեր: Եթե կապերը դրվեն այնպես, որ սրտից սինոատրիկուլային հանգույցը մեկուսացվի, ապա նրանում ռիթմավարային ավտոմատ կծկումները կշարունակվեն: Իսկ սրտի մնացած հոծ զանգվածի կծկումները կդադարեն: Սակայն 20-30 ր անց վերականգնվում է նաև 2-րդ հանգույցի հատվածը, կսկսի աշխատել, բայց ավելի պակաս հաճախությամբ, քան առաջինն էր: Փորձերը ցույց են տվել, որ սինոատրիալ հանգույցը իրկանացվում է առաջի կարգի կամ գլխավոր ռիթմավարի ֆունկցիան ապահովելով մեկ րոպեում մոտ 70 զարկ: Եթե այս կամ այն պատճառով առաջին հանգույցը դադարում է գործելուց, ռիթմավարի ֆունկցիան իրականացվում երկրորդ հանգույցի կողմից, որը ապահովում 1 րոպեում 40-ից 60 զարկ: Եթե սրտային շրջափակումը (բլոկադան) ընդգրկել է երկրորդ հանգույցը, ապա սիրտը շարունակում է գործել երրորդ կարգի ռիթմավարի հիսի փնջի թելադրանքով, ապահովելով մեկ րոպեում 30-ից 40 զարկ: Եթե զանազան ախտաբանական պատճառներով տեղի է ունեցել լրիվ շրջափակում նախասրտերի և փորոքների միջև, ապա նախասրտերը կաշխատեն սինոատրիալ հանգույցի հաճախականությամբ (70 զարկ մեկ րոպեում), իսկ փորոքների երրորդ կարգի ռիթմավարների հաճախականությամբ մեկ րոպեում 30-ից 40 զարկ: Դա նշանակում է, որ արգելակումը ընդգրկել է միջացիկ հարթությամբ, որի հետևանքով փորոքների մեկուսացված կծկումը սկսվում է մի քանի վայրկյան ուշացումով: Այդ մի քանի վայրկյանում գլխուղեղը սնունդ չստանալով առաջանում է ուշագնացություն, նույնիսկ կլինիկական մահ: Երբ փորոքային ռիթմավարը ևս չի գործում, այդ դեպքում վերակենդանացնող բժիշկները հարկադրված են օգտագործել արհեստական ռիթմավար:




Սրտամկանի կծկումը արդյունք է նրանում ծագած գործունեության պոտենցիալի: Այդ նույն գործունեության հոսանքը հանգում է նաև կմախքային մկանի կծկման, միայն այն տարբերությամբ, որ վերջինում կծկումը սկսվում է գործունեության հոսանքի ալիքի ավարտման պահին, և շատ կարճ է տևում (մի քանի մվ): Մինչդեռ սրտամկանի բջջի գործունեության հոսանքը բավականին երկար է տևում: Այս պատճառով էլ կարդիոմիոցիտի գործունեության պոտենցիալը ավարտվում է թուլացման փուլի սկզբից հետո: Այլ կերպ ասած` գործունեության հոսանքը և մկանի կծկումը որոշ շրջանում ժամանակի առումով համընկնում են: Սրտամկանի յուրաքանչյուր հաջորդ կծկում առաջանում է միայն հաջորդ դրդելիությունից հետո: Իսկ ամեն մի հաջորդ դրդելիութունը հնարավոր է դառնում միայն նախորդ պոտենցիալի բացարձակ ռեֆրակտոր փուլի ավարտումից հետո: Սրտամկանը, ի տարբերություն սոմատիկ մկանի ընդունակ չէ տետանուսի (պրկանքի), ինչպես նաև մեկական կծկումների կուտակման: Եթե սրտամկանը կծկվեր տետանիկ եղանակով, ապա, դիաստոլայի բացակայության պատճառով արյունը սրտում չեր հավաքվի և կխախժտվեր նրա հիմնական ֆունկցիան: Գումարման հնարավորությունը ևս խանգարիչ հանգամանք կլիներ սրտամկանի համար, քանի որ սրտի մկանների բոլոր թելիկները գործում են գրեթե միաժամանակ: Մեկական ազդակների կուտակմանը կհանգեր սրտի նորմալ գործունեության խախտման: Սրտի նորմալ գործունեության վրա ազդում են մի շարք այլ գործոններ: Դրանց թվին են պատկանում Ca2+ կատիոնը: Սրտաբջջային հեղուկից Ca2+ հեռացնելիս, թեկուզ գործուեության հոսանքը մնում է գրեթե անփոփոխ, սրտի կծկումները դադարում են: Սրտամկանի գործունեությունը կանոնավորում կամ ուժեղացնում են ադրենալինը, նորադրենալինը, սրտային գլյուկոզաները և այլն: Այսպիսով, սրտամկաննրի կծկման պատճառը ինքնածին կամ ոչ ինքնածին գործունեության պոտենցիալն է, որն իրականացնում է 2 եղանակով` 1. Ներբջջային պահեստից Ca2+ կատիոնի դուրս բերմամբ: 2. Ca2+ պաշարի լրացմամբ պայմաններ ստեղծելով հետագա կծկման համար:

Էլեկտրասրտագիր[խմբագրել]

Սրտամկանի գործունեության հիմքում, ինչպես նշվես վերևում ընկած են իոնների տեղաշարժման սկզբուքով առաջացող կենսաէլեկտրական երևույթները: Մկանների դրդելիության պահին այդ պոտենցիալները ստեղծում են էլկտրական դաշտ, որը կարելի է գրանցել մարմնի մակերեսից: Մարմնի տարբեր հատվածների միջև առաջանում է պոտենցիալյների տարբերություն, որոնք տատանվում են, կապված դաշտի լարվածության և մեծության փոփոխությունների հետ: Պոտենցիալների տարբերության կորագծի գրառումը կոչվում է էլեկտրասրտագրություն, որը կատարում է էլեկտրասրտագիր կոչվող արքի օգնությամբ: Ժապավենը որի վրա գրի են առնում սրտի կենսաէլեկտրական պոտենցիալյները կոչվում է էլեկտրասրտաագիր (էլեկտրակարդիոգրամմա ԷԿԳ): Ուստի էլեկտրասրտագիրը արտահայտում է ոչ թե սրտի կծկումները, այլ դրդվելիությունը: Քանի որ սրտագիրը գրանցվում է մարմնի մակերեսից, իսկ դրդման ամպլիտուդը այստեղ թույլ է լինում (1մկվ-ից պակաս), ուստի սրտագրերի վրա հարմարեցված են ուժեղարարներ, որոնց շնորհիվ 1 մվ-ին համապատասխանում է գրիչի տատանումը 1 սմ տարածության վրա (Նկ. 1): Դրդման ալիքի յուրաքանչյուր ցիկլը կազմում է համաչափորեն կրկնվող մի կորագիծ, որը ունի 5 կամ 6 ատամիկներ: Սրտագրի կորի ատամիկները նշված են լատիներեն P, Q, R, S, T, U տառերով: U հանգես է գալիս միայն որոշ դեպքերում : Ենթադրվում է, որ U ատամիկը արտահայտում է համակարգի վերջույթների վերաբևեռացում: P ատամիկը արտահայտում է նախասրտերի դրդելիությունը, այս ատամիկի բարձրացող մասը արտացոլում է աջ, իս իջնողը ձախ նախասրտի դրդումը: P, Q հատվածը կարճ է, այն տևում է 0.14վ. և համընկնում է այն ժամանակին երբ դրդման ալիքը ընդգրկում է նախասրտերից մինչև փորոքների սկիզբը:

Էլեկտրասրտագիր[խմբագրել]

Սիրտը սկսվում է ձևավորվել սաղմի զարգացման 15-16 օրական հասակում մեզենքիմայի բջիջներից, որոնցից նախ ձևավորվում են 1-2 մմ երկարությամբ երկու էնդոթելային խողովակներ: Նրանց միացումից ստեղծվում է մեկ սրտային խողովակ: Բջիջների բուռն կիսման և զարգացման շնորհիվ խողովակի ներքին շերտից ձևավորվում է էնդոկարդը, իսկ արտաքին շերտից սկիզբ է առնում սրտի ապագա մկանային պատը: Սրտի նախնական խողովակը զարգանում է շատ արագ, բայց անհավասարաչափ` կորություններով: Դրանցից ձևավորվում է նախ երկխոռոչանի սիրտը, կազմված մեկ նախասրտից և մեկ փորոքից: Սկսած պտղի 35-40 օրական հասակից նախասրտի մեջ ձևավորվում է մի միջնապատ, այն բաժանելով երկու խոռոչների` աջ և ձախ նախասրտեր: Մոտավորապես այդ շրջանում էլ սիրտը պարանոցային հատվածից աստիճանաբար տեղափոխվում է կրծքային հատված և ընդունում վերջնական դիրք: Մինչ այդ, փորոքային մասով այն թեքվում էր դեպի առաջ, դրանից հետո փորոքը իջնում է դեպի ցած և ձախ, իսկ նախասրտերը ընդունում են դեպի վեր ու աջ դարձած դիրք: Սաղմի 60 օրական հասակում ձևավորվում է միջնապատ նաև փորոքում, որը նրան բաժանում է աջ և ձախ կեսերի: Ձևավորվում է քառախորշ սիրտ: Սրտի զարգացման միափորոքային շրջանում աորտան, փորքից դուրս գալիս, բաժանվում է երկու ճյուղերի, որոնցից մեկը` աորտան է, իսկ երկրորդը` թոքային զարկերակը: Վերջինս, սաղմի մոտ իր հերթին միացած է աորտայի հետ բոտալյան ծորանի միջոցով, որը ծնվելուց հետո վեր է ածվում կապանի: Պտղի նախասրտերի միջև կա ձվաձև անցք, որի միջով արյունը շրջանցելով թոքային շրջանառությունը, աջ նախասրտից անցնում է ձախը, իսկ վերջինից` ձախ փորոքը: Սա պտղի սրտի ամենակարևոր առանձնահատկություններից մեկն է, քանի որ ծնվելուց հետո որպես կանոն ձվաձև անցքը պետք է փակվի: Որոշ դեպքերում ծնվելուց հետո այդ անցքը չի փակվում: Դա համարվում է սրտային ծանր արատներից մեկը: Զարգացման պրոցեսում հետաքրքիր փոփոխություն է կրում սրտի ձևը: Ծնվելուց առաջ և հետո ծննդյան սկզբնական շրջանում սրտի լայնքը ավելի մեծ է, քան երկարությունը: Հասունացած մարդու սիրտը մոտովորապես կոնաձև է, սուր մասով դեպի ցած: Իսկ մինչ ծնվելը և վաղ մանկության շրջանում այն գրեթե կլորավուն է, վերևից ներքև քիչ սեղմված: Նորածնի սրտի զանգվածը 18-22գր է, իսկ հասունացած մարդու մոտ 250-300գր: Անհատական զարգացման ընթացքում տարբերում են սրտի զարգացման ընթացքում տարբերում են սրտի զարգացման 3 փուլեր` տարբերակման, կայունացման և հետաճման: Սրտային բջիջների տարբերակումը չի ավարտվում ոչ միայն զարգացման արգանդային շրջանի վերջում, այլ ծնվելուց տարիներ հետո: Տարբերակման ընթացքում միոցիտները հաստանում են սարկոպլազմայով և մկանաթելիկների քանակով: Բջջային տարրերի տարբերակումը ավարտվում 16-20 տարեկան հասակում: Կայունացումը տեղի է ունենում 20-30 տարեկանում: Հետաճը սկսվում է 30-40 տարեկանից, այսինքն այն շրջանից երբ սրտի վրա սկսվում են երևան գալ ճարպայիօն թելիկներ: Սաղմի զարգացման վաղ շրջանում, սաղմնային թաղանթներից մեկի` խորիոնի թավիկների միջև ձևավորվում են ճեղքեր, որոնք կոչվում են լակուններ: Այդ ճեղքերի մեջ անընդհատ լցվում է մոր արգանդի պատերը սնուցող զարկերակներով այստեղ հասած արյունը: Լակունները սաղմի արյունից սահմանազատված են նրա անոթների նուրբ պատերով: Ընտրողաբար դեպի սաղմի արյուն են ներծծվում մոր զարկերակային արյան մեջ եղած սննդանյութերը և թթվածինը: Այդ պատերի յուրահատուկ կառուցվածքը շնորհիվ սաղմի արյունից դեպի լակումներն են անցնում նրա նյութափոխամակության արգասիքները և ածխաթթու գազը: Այսպիսով լակունային կամ մայրական զարկերակային արյունը, առանց սաղմի արյանը խառնվելու, փոխադարձ նյութափոխանակության և գազափոխանակության մեջ է մտնում պտղի արյան հետ: Վերջինիս տալով անհրաժեշտ սնունդ և թթվածին, և ընդունելով պտղի նյութափոխանակության մնացորդները, վեր է ածվում երակային արյան և երակներով հոսում դեպի մոր սիրտ: Իսկ պտղի պորտային երակը դեպի պտուղն է տանում սննդանյութերով և թթվածնով հարուստ արյունը: Սաղմի զարգացման վաղ շրջանում, նրա մատակարարման այս հասարակ ձևը հետագայում չի կարող ապահովել ինտենսիվ զարգացող պտղի պահանջները: Այս կապակցությամբ, շուտով արյան մատակարարման կակունային եղանակին (որը հատուկ է կենդանական աշխարհի զարգացման` ֆիլոգենեզի վաղ փուլերին) փոխարինման է գալիս ավելի առաջադեմ ընկերքային (պլանցենտար) ձևը: Արյան մատակարարման ընկերքային եղանակը սկսվում է պտղի զարգացման 5-6 շաբաթական հասակից: Նրա նյութափոխանակոթյան արգասիքները պորտային զարկերակով մղվում են դեպի ընկերքը: Այստեղ` ընկերքում երակային արյունը վեր է ածվում թթվածնով և սննդանյութերով հարուստ արյան, կամ ինչպես ընդունված է ասել զարկերակային արյան, որը պորտային երակով հոսում է դեպի պտուղը: Ընկերքում, բացի արյանը սննդանյութեր և թթվածին մատակարարելուց, գործում է նաև, այսպես կոչված, ընկերքային խոչընդոտը, որի շնորհիվ, պահվում և ոչնչացվում են մոր արյան հետ այստեղ հասած միկրոօրգանիզմներն ու զանազան թունավոր նյութերը: որոնցից զերծ է մնում ՙմաքրված՚ արյունը: Պտղի պորտային երակը բաժանվում է երկու ճյուղերի: դրանցից մեկը մտնում է լյարդի մեջ գազափոխանակության և, հավանական է, այլ նպատակներով, իսկ մյուսը միանում է ստորին սիներակին: Իհարկե այդ նույն սիներակին է միանում նաև լյարդում ճյուղավորված պորտային երակի մյուս (լյարդային) ճյուղը: Պտղի աջ նախասրտից շատ թե քիչ մաքուր զարկերակային արյունը ձվաձև անցքով լցվում է ձախ նախասիրտը, այնտեղից էլ իջնում է ձախ փորոքը, իսկ վերջինից էլ մղվում աորտայի մեջ: Աջ նախասրտում լցված արյան մնացած մասը իջնում է դեպի աջ փորոքը, այստեղից էլ նրա մի չնչին մասը մղվում է թոքերը: Բայց քանի որ արյան փոքր շրջանը չի գոչծում, ուստի թոքային զարկերակներում ստեղծված լարվածության պատճառով, արյան մեծ մասը բոտալյան ծորանով մղվում է դեպի աորտայի այն հատվածը, որից քիչ վեչ անջատվում են բազկագլխիկային և ենթաանրակային զարկերակները: Եթե բոտալյան ծորանը աորտային միանար մինչբազկագլխային և ենթաանրակային զարկերակների սկսման հատվածում, ապա գլուխն ու վերին վերջույթները պիտի սնվեին նույն խառը արյունով, որով սպասարկվելու էին իրանն ու ստորին վերջույթները: Բայց քանի որ, բոտալյան ծորանի միացումը կատարվում է ավելի ցած, ուստի գլոիխը և վերին վերջույթները սնվում են թթվածնով և սննդանյութերով համեմատաբար հարուստ արյունով: Արյան մեծ թթվածնի որովայնային հատվածի զարկերակի, սկսվում ու երկու պորգային զարկերակները, որոնք հեռանում են դեպի ընկերքը: Չորսից-հինգ ամսական պտուղը սկսում է շարժվել և գնալով այդ շարժումները ակտիվանում են: Այդ շարժումները նպաստում են պտղի արյան շրջանառության արագանալուն: Ծնվելուց հետո երեխայի օրգանիզմում կատարվում են մի շարք էական անատոմիական և ֆիզիոլոգիական փոփոխություններ: 1. Սննդանյութերի մատակարարման պորտալարային համակարգից նորածինը անցնում է ինքնուրույն սննդառության: Այդ կապակցությամբ առաջին անգամ սկսում է գործել մարսողական համակարգին վերաբերվող բոլոր օրգանները, մարսողական գեղձերը, արյան օրգանական և անօրգանական կազմի նորման ապահովող ներծծման, ասիմիլյացիայի և դիսիմիլյացիայի պրոցեսները: 2. Թթվածնի մատակարարումը ընկերքային ձևին փոխարինում է արյան փոքր շրջանի գործունեությունը: 3. Այդ կապակցությամբ սկսվում է գազափոխանակության բարձր կատարելագործված ձևը: 4. Օրգանների և հյուսվածքների խառը արյունով սնուցումը փոխարինվում է մաքուր զարկերակային արյան մատակարարման և այդ կապակցությամբ էլ, սպիտակամաշկ նորածնի մարմինը մուգ կարմրակապտավունից աստիճանաբար բացվելով ընդունում է սպիտակավուն նորմալ մաշկի ձև: 5. Արյան շրջանառության համակարգում կատարվում է հետևյալը: Ծնվելուց պորտալարը կտրվում է: Պտուղը զրկվում է մոր օրգանիզմից թթվածին ստանալուց, ածխաթթու գազի ավելացումը արյան մեջ գրգռում է պտղի շնչառական կենտրոնը, որը շնչառական նյարդի միջոցով առաջին անգամ գործի է դնում շնչառական համակարգը: Ալվիոլների երակային մազանոթներում հավաքված թթվածնով հարուստ արյունը թոքային երակներով սկսում է հոսել դեպի ձախ նախասիրտը: Բոտալյան ծորանը փակվում է, արյան թոքային շրջանի գործունեության հետ կապված աջ նախասրտի էնդոթելային ծալքը աստիճանաբար փակում է ձվաձև անցքը: Շուտով նախասրտերի միջև սերտաճում է հոծ միջնապատ, որի հետևանքով արյան շրջանառությունը բաժանվում է երկու ինքնուրույն բաժինների` մեծ և փոքր շրջանի: Պորտային զարկերակները պորտալարի հատումից հետո վեր են ածվում կապանների:


Նորածնի սրտի դիրքը բավականին բարձր է, քանի որ արգանդային շրջանում թոքերը չեն գործում. ստոծանու հետ նա սեղմված է դեպի վեր: Երբ երեխան ընդունում է ուղղահայաց դիրք, կրծքվանդակի օրգանները կիսվում են և աստիճանաբար իջնում դեպի որովայնը: Երկու երեք տարեկան հասակում սրտի վերին մասը հավասարվում է ձախ հինգերորդ կողմի մակարդակին: Հինգ տարեկանում այն իջնում է 6-րդ կողմի սահամանում: 10 տարեկանում սրտի զբաղեցրած դիրքը նույնն է, ինչ-որ հասուն մարդու մոտ: Նորածնի մոտ աջ և ձախ փորոքների պատերի հաստության հարաբերությունը կազմում է 1/1,3: Քանի որ ձախ փորոքների լարվածությունը անհամեմատ մեծ է, քան աջ փորոքինը, ուստի տարիքի հետ զուգահեռ ձախ փորոքի պատը ենթարկվում է աշխատանային գերզարգացածության (ֆունկցիոնալ հիպերտոնիա), որի պատչառով այդ տարբերությունը հասուն մարդու մոտ կազմում է 1/2,1: Սրտի զանգվածը նորածնի մոտ միջին հաշվով կազմում է մարմնի զանգվածի 0,85-0,90 (20-30գր): Հասուն շրջանում այն կազմում է մարմնի զանգվածի 0,5-ը: 10 ամսական հասակում սրտի զանգվածը մոտ 50գր է. երկու երեք տարեկանում` 75գր, հինգ տարեկանում` 100գր, վեց տարեկանում` 275գր, 7-12 տարեկանում սրտի աճը որոշ չափով հետ է մնում մարմնի զանգվածի աճից: Սեռահասունության շրջանում սրտի զանգվածի աճը նորից ակտիվանում է, քանի որ այդ շրջանում ինտենսիվ է դառնում նաև մարմնի ընդհանուր զանգվածի աճը նորից ակտիվանում է, քանի որ այդ շրջանում ինտենսիվ է դառնում նաև մարմնի ընդհանուր զանգվածի աճը, ուստի մարմնի և սրտի զանգվածի զարգացումը անցողիկ շրջանում մոտենում է հասունացած մարդու մոտ նրանց մոտ ունեցած տոկոսային հարաբերությունը: Սրտի հրոցները, սկսած նորածնության շրջանից մինչև երեք տարեկան հասակը, լավ արտահայտված են ձախ 4-րդ միջկողայւն հատվածում, պտղից 1,5-2,0սմ ձախ: Նիհար երեխաների մոտ այն երևում է նույնիսկ անզեն աչքով դիտելիս, իսկ գեր երեխաների մոտ հրոցները զգացվում են ձեռքով շոշափելիս: 4-7 տարեկանների մոտ հրոցները շոշափվում են 5-րդ միջկողային տարախություններով: Պտղի մոտ կծկումների թիվը մեկ րոպեում 130-150 է: Պտղի շարժումների մոտ այն կարող է արագանալ 10-15 զարկով:Օրվա տարբեր ժամերին կծկումների քանակը կարող է տարածվել 35-45 սահմաններում: Մոր շարժումները պտղի սրտի կծկումների հաճախության վրա չեն ազդում: Սրտի կծկումների քանակը երեխայի ավելացման հետ զուգընթաց օրինաչափորեն պակասում են, որը բացատրվում է թափառող նյարդի ազդեցության աստիճանական ուժեղացմամբ: Արգանդային շրջանի 130-150 հարվածից, 15 տարեկանում այն հասնում է 70-75-ի: Աղջիկների մոտ սրտի կծկման հաճախականությունը փոքր ինչ բարձր է տղամարդու համեմատ: Սրտի հնչյունները երեխաների մոտ կարճատև են մեծերի համեմատ, քանի որ բաբախումները մանկության շրջանում բարձր է: Առաջին հնչյունը հասուն շրջանում 0,1-0,17վ է: Իսկ երեխաների մոտ` 0,1-0,12վ է: Բայց երկրորդ հնչյունը երեխաների մոտ տևական է (0,07-0,1վ), քան հասունների մոտ 0.06-0.08: Երեխաների վաղ մանկության շրջանում երբեմն լսվում է սիստոլիկ և դիաստոլիկ ձայների ճեղքում: Առաջին կամ սիստոլիկ հնչյունը ճեղքվում է աջ և ձախ նախախորշափորոքային փորոքների ոչ միաժամանակյա թակման շնորհիվ: Իսկ երկրորդ հնչյունը ճեղքվում է աորտայի և թոքային զարկերակների կիսալուսնաձև փականների ոչ միաժամանակյա փակման հետևանքով: Երեխաների մոտ հաճախ լսվում են նաև երրորդ հնչյունը, որը ձևավորվում է դիաստոլայի սկզբից 0.1-0.2վ անց: Երրորդ հնչյունը արդյունք է փորոքների մկանների ուժեղ ձգման, երբ նրանք լցվում են արյունով: Երեխայի սիրտ նաոթային համակարգի զարգացմանը զուգահեռ ավելանում են նրա սիստոլիկ և րոպեական ծավալները: Թերևս սիստոլիկ ծավալը ավելի ինտենսիվ է աճում, քան րոպեական, քանի որ մեկ րոպեում կատարվող կծկումների քանակը գնալով պակասում է: Երեխաների մոտ, անկախ նրանց հասակից, չափավոր ֆիզիկական աշխատանքի դեպքում րոպեական ծավալի ավելացումը արդյունք սիստոլիկ ծավալի ավելացման: Իսկ այդ ավելացումը պահանջում է նորմայից վել թթվածնի օգտագործում: Աճող օրգանիզմի համար թթվածնի պահանջը մոտ երկու անգամ ավելի հասունացած օրգանիզմի համեմատ: Հետևապես, այդքան էլ ավելի են նրանց սրտի րոպեական կամ սիստոլիկ ծավալները: Իգական սեռի մոտ սրտի րոպեական և սիստոլիկ ծավալները պակաս են արականի համեմատ: Պտղի սրտի աշխատանքի բարձր հաճախականությունը բացատրվում է սիմպաթիկ նյարդային համակարգի անարգելք լարվածությամբ: Բանն այն է, որ պտղի սրտի սիմպաթիկ նյարդավորումը սկսվում է ավելի շուտ քան մյուս օրգանների սպասարկումը այդ նույն սիմպաթիկ նյարդով: Իսկ նրա հակազդիչը թափառող նյարդը սրտի աշխատանքի կանոնավորմանը մասնակից է դառնում միայն ծնվելուց հետո, այն էլ երեք-չորսամսական հասակում: Դա համընկնում է մոտավորապես այն շրջանին, երբ երեխան կարողանում է ինքնուրույն պահել իր գլուխը` պարանոցի մկանների լարվածության շնորհիվ: Մկանային աշխատանքի ակտիվությունը կապված թափառող նյարդի լարվածության բարձրացման և սրտի գործունեության ակտիվ միջամտության հետ: Սիմպաթիկ նյարդային համակարգին լարվածության մեջ է դնում գլխավորապես պտղի թթվածնի աղքատ արյունը` թթվածնաքաղցը, քանի որ նրա օրգաններն ու հյուսվածքներն սնվում են ՙոչ մաքուր՚ զարկերակային արյունով: Պտղի զարկերակային և երակային արյունները գրեթե կիսով չափ խառնվում են, իսկ թթվածնաքաղցը գրգռում է սիմպաթիկ բաժնի սրտային կետրոնը: Նորածնի մոտ թեկուզ լավ են ձևավորվում սիրտը սպասարկող թե` սիմպաթիկ և թե` պարասիմպաթիկ նյարդային վերջույթները, այնուամենայնիվ ինչպես նշվեց գործում է միայն սիմպաթիկ բաժինը, իսկ պարասիմպաթիկ բաժնի կենտրոնը դեռևս չի գործում: Երեխայի սրտի գործունեության վրա էական ազդեցություն ունի ջրի միջավայրի ջերմաստիճանը: Նրա աճի ու զարգացման, նյութափոխանակության ամենալավագույն ջերմաստիճանը համարվում է 200C: Միջավայրի ջերմաստիճանի բարձրացումը իջացնում է օրգանիզմի մկանային լարվածությունը, որն իր հերթին պակասեցնում է սրտի սիմպաթիկ նյարդային կենտրոնի լարվածությունը: Այդ պատճառով էլ պակասում է նաև սրտի գործունեության հաճախականությունը:

Գրականություն[խմբագրել]

  • Գալպերին Ս. Ի., Գոլիշևա Պ. Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա. 1981, 335 էջ:
  • Մինասյան Ս. Մ., Ադամյան Ծ.Ի., Սարգսյան Ն.Վ. Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա. / Եր.;Երևանի համալսարանի հրատ., 2006, 480 էջ:
  • Միքայելյան Ն.Գ. Ֆիզիոլոգիա: Եր., ՙԼույս՚, 1990, 440էջ:
  • Խուդավերդյան Բ. Մարդու ֆիզիոլոգիայի հիմունքեր, 1998թ.