Ստորին վերջույթների ոսկրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ստորին վերջույթների կմախքը կազմված է կոնքագոտուց և ազատ վերջույթներից։ Կոնքագոտին կազմված է զույգ կոնքոսկրերից, որոնք հետևում սերտաճել են սրբոսկրին, իսկ առջևում միացած են միմյանց։ Կոնքոսկրերը առաջացել են երեք ոսկրերի սերտաճումից։ Յուրաքանչյուր կոնքոսկրի վրա կա փոս, որին հոդավորվում է ազդրոսկրի գլխիկը։ Ստորին ազատ վերջույթի կմախքը կազմված է կենտ ազդրոսկրից, սրունքի և ոտնաթաթի ոսկրերից։ Սրունքը կազմված է մեծ և փոքր ոլոքներից։ Ազդրի և սրունքի միացման տեղում գտնվում է ծնկոսկրը։ Ոտնաթաթը կազմված է նախագարշապարից, գարշապարից և մատոսկրերից։ Վերջույթների ոսկրերը իրար շարժուն են միացած և ապահովում են ակտիվ շարժումներն ու տարածության մեջ տեղափոխումը։

Ստորին վերջույթի կմախքը նույնպես բաղկացած է 2 մասից՝ կոնքային գոտուց և ազատ մասից։ Կոնքագոտին կազմում են երկու կոնքոսկրեր, որոնց վերջույթը սրբոսկրի միջոցով կապում են իրանին։ Ստորին ազատ վերջույթը ունի 3 հատված՝ ազդր (femur), սրունք (crus) և ոտք կամ ոտնաթաթ (pes)։

Կոնքոսկր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնքոսկր(լատ.Os coxal): face pelvienne

Կոնքոսկրը(լատին․՝ os coxae) մինչև սեռական հասունացումը բաղկացած է 3 ոսկրերից՝ զստոսկր (լատին․՝ ilium), ցայլոսկր (լատին․՝ pubis) և նստոսկր (լատին․՝ ischia)։ 16 տարեկանից հետո սրանք սերտաճում են, կազմելով մեկ ոսկր։ Նրանց մարմինների սերտաճման տեղում առաջանում է մի խորը հոդափոս՝ քացախաման (acetabulum), որտեղ միանում է ազդոսկրի գլխիկը։ Քացախամանի կենտրոնում գտնվում է քացախափոսը, իսկ նրա շուրջը՝ կիսալուսնաձև հոդամակերեսը։ Քացախափոսի շրջեզրը ընդհատվելով առաջացնում է համանուն կտրուճը։

Զստոսկր[խմբագրել | խմբագրել կոդը]

Զստոսկրը(լատին․՝ os ilium)ունի մարմին և թև, որոնց սահմանը ներքին երեսի աղեղնաձև գիծն է (linea arcuata)։ Մարմինը մասնակցում է քացախամանի կազմությանը։ Թևի վերին հաստացած եզրը կոչվում է կատար (crista iliaca), այն դեպի առաջ և հետ վերջանում է երկուական փշերով՝ առաջային վերին ու ստորին (spina iliaca anterior, superior et inferior) և հետին վերին ու ստորին փշեր ( spina iliaca posterior, superior et inferior)։ Թևի ներքին երեսի գոգավորությունը կոչվում է զստափոս (fossa iliaca), իսկ արտաքին երեսին կան հետույքային գծեր՝ համապատասխան մկանների կպման համար։ Թևի հետին եզրին գտնվում է նստային մեծ կտրուճը (incisura ischiadica major)։ Զստոսկրի վրա կա նաև ականջաձև հոդերես՝ սրբոսկրի համանուն հոդերեսի հետ հոդավորվելու համար։

Ցայլըոսկր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցայլըոսկրը(լատին․՝ os pubis)ունի վերին և ստորին ճյուղեր, որոնք նստոսկրի համապատասխան ճյուղերի հետ միասին կազմում են փակ անցքը (foramen obturatum)։ Ցայլոսկրի և զստոսկրի միացման տեղում գոյանում է զստացայլային բարձրությունը։ Երկու ցայլոսկրերի միացման տեղում գտնվում է համաճոնային մակերեսը (facies symphisialis)։ Ցայլոսկրի վերին ճյուղի ստորին երեսի երկայնքով անցնում է փականցքային ակոսը, իսկ վերին երեսի վրա նկարագրում են ցայլային կտինը և ցայլային թմբիկը։

Նստոսկր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նստոսկրը (լատին․՝ os ischia) նույնպես ունի վերին և ստորին ճյուղեր, որոնք մասնակցում են փակ անցքի կազմությանը։ Երկու ճյուղերի միացման անկյունը հաստանում է և իր վրա կրում է նստային թումբը (tuber ischii)։ Վերին ճյուղի հետին երեսին գտնվող նստային փուշը բաժանում է նստային մեծ ու փոքր կտրուճները։

Ազդրոսկր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազդրոսկրը (լատին․՝ os femoris) ամենաերկար խողովակավոր ոսկորն է, ունի մարմին և երկու ծայրեր։ Վերին գնդաձև ծայրը կոչվում է գլուխ (caput femoris), որը մարմնին է միացած վզիկի միջոցով։ Գլխիկի կենտրոնում կա մի փոսիկ՝ ազդրի գլխիկի կապանի կպման համար։ Մարմնի վերին ծայրում գտնվում են երկու խոշոր թմբեր՝ մեծ և փոքր տամբիոնները (trochanter major et minor), որոնք հետևից իրար են միանում միջտամբիոնային կատարով, իսկ առջևից՝ միջտամբիոնային գծով։ Ազդրոսկրի մարմնի հետին երեսի երկայնքով իջնում է անհարթ գիծ (Linea aspera), որն ունի երկու՝ արտաքին և ներքին շրթեր, որոնք դեպի վար և վեր հեռանում են իրարից։ Ստորին ծայրում կան երկու կոճեր (condilus medialis et lateralis), որոնց միջև գոյանում է միջկոճային փոսը։ Կոճերի հոդերեսները, առջևում միանալով, կազմում են ծնկոսկրային հոդամակերեսը։ Կոճերի արտաքին երեսի արտացցվածքները կոչվում են վերկոճեր (epicondilus medialis et lateralis)։

Սրունքի ոսկրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրունքի ոսկրերը երկուսն են՝ ոլոք (tibia) և նրբոլոք (fibula)։ Ոլոքը դրված է միջային, իսկ նրբոլոքը՝ դրսային կազմում։

Ոլոք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոլոքը (լատ.tibia)

Ոլոքը (լատին․՝ tibia) կամ մեծ ոլոքը երկար խողովակավոր ոսկր է։ Վերին ծայրը հաստացած է և իր վրա կրում է երկու կոճեր (condilus medialis et lateralis), որոնց վերին երեսին կան հոդերեսներ՝ ազդրոսկրի հետ հոդավորվելու համար։ Սրանք իրարից բաժանված են միջկոճային բարձրությունով, որից առաջ և հետ կան փոսիկներ։ Դրսային կոճի ստորին երեսին գտնվում է նրբոլոքային հոդերեսը։ Ոլոքի մարմինը եռակող է, նրա առաջային սուր եզրը լավ շոշափվում է մաշկի տակից։ Այս եզրը դեպի վեր վերջանում է ոլոքի փմբկությամբ (tiberositas tibiae)։ Ոլոքի ստորին ծայրի ելունը կոչվում է միջային պճեղ (malleolus medialis)։ Ստորին ծայրում կա նաև հոդերես՝ վեգոսկրի հետ հոդավորվելու համար։ Նրբոլոքը (լատ.fibula) կամ փոքր ոլոքը ունի գլխիկ, մարմին, իսկ ստորին ծայրում՝ կողմնային պճեղ։ Գլխիկի ու պճեղի վրա կան համապատասխան հոդերեսներ։

Նրբոլոքը (լատ.fibula):

Ծնկոսկրը (լատին․՝ patella) ունի դեպի վեր դարձած հիմ և դեպի վար՝ գագաթ։ Նրա հետին երեսին կան հոդերեսներ ազդրոսկրի կոճերի հետ հոդավորվելու համար։

Ոտքի (ոտնաթաթի) ոսկրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոտքի ոսկրերը 3 են՝ նախաթաթ (նախագարշապար)-tarsus, թաթոսկրեր (գարշապար)-metatarsus, ոտքի մատոսկրեր- phalanges digitorum pedis։ Նախաթաթի ոսկրերը 7 են. Դասավորված են երկու շարքով. Մոտակա շարքում կան երկու ոսկր՝ վեգը և կրունկոսկրը, հեռակա շարքում 5 ոսկր՝ նավակաձևը, խորոնարդաձևը և երեք սեպոսկրերը։

  1. Վեգը (լատ.talus)ունի գլխիկ, վզիկ և մարմին. Գլխիկի հոդերեսը դարձած է դեպի նավակաձև ոսկրը. Մարմնի վերին հոդերեսը կոչվում է ճախարակ (trochlea tali), որով հոդավորվում է ոլոքի ստորին հոդերեսի հետ, իսկ մարմնի կողմնային երեսների հոդամակերեսները կոչվում են միջային և կողմնային պճեղային հոդերեսներ՝ համապատասխան պճեղների հետ հոդավորվելու համար։ Վեգի ստորին երեսին կան երեք հոդերեսներ՝ հետին, միջին և առաջային՝ կրունկոսկրի համանուն հոդերեսների հետ հոդավորվելու համար։
  2. Կրունկոսկրը (լատ.calcaneus) ամենախոշոր ոսկրն է, նրա հետին հաստացած մասը կոչվում է կրունկոսկրի թումբ (tuber calcanei)։ Կրունկոսկրի վերին երեսին կան 3 հոդերես՝ վեգի համապատասխան հոդերեսների հետ հոդավորվելու համար։ Միջային կողմից դուրս է հաղորդում վեգի նեցուկը (sustentaculum tali), որի վրա գտնվում է միջին հոդերեսը։ Հետին և միջին հոդերեսները բաժանվում են մի ակոսով, որը վեգի նույնանման ակոսի հետ կազմում է գարշապարի ծոցը (sinus tarsi)։
  3. Նավակոսկրը (լատ.os naviculare) գտնվում է վեգի և երեք սեպերի միջև, որոնց հետ հաղորդվելու համար ունի համապատասխան հոդերեսներ։
  4. Սեպոսկրերը (լատ.os cuneiformia) 3 են՝ միջային, միջանկյալ և կողմնային, որոնք հաղորդվում են նավակաձև ոսկրի և 3 թաթոսկրերի հետ։
  5. Խորանարդաձև ոսկրը (լատ.os cuboideum), գտնվում է կրունկոսկրից առաջ։ Հոդերեսներ ունի կրունկոսկրի, կողմնային սեպոսկրի և 4, 5-րդ թաթոսկրերի հետ հոդավորվելու համար։
նախաթաթ (նախագարշապար)-tarsus:

Թաթոսկրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաթոսկրերը (լատ.os metatarsi) թվով 5 են։ Դրանք հաշվվում են բութ մատի կողմից՝ 1-5-րդ։ Թաթոսկրի վրա տարբերում են գլխիկ, մարմին և հիմ։ 1-ին և 5-րդ թաթոսկրերի հիմերին կան թմբկություններ։

Ոտքի մատոսկրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոտքի մատոսկրերը յուրաքանչյուր մատ ձեռքի մատերի նման ունի 3 մատոսկր՝ մոտակա (հիմային), միջին և հեռակա (եղունգային)։ Բութ մատը նույնպես ունի միայն 2 մատոսկր։