Սպառողի անկախություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սպառողի անկախություն, տնտեսական հասկացություն, որը մատնանշում է, որ սպառողը որոշակի վերահսկողություն ունի արտադրվող ապրանքների նկատմամբ, և գաղափարն այն է, որ սպառողն է հանդիսանում սեփական բարեկեցության լավագույն դատավորը։ Արտադրության մեջ սպառողի անկախությունը սպառողների վերահսկողական ուժն է՝ սահմանափակ ռեսուրսների տիրապետողների համեմատ, նայած թե վերջնական ինչ ապրանքներ պետք է արտադրվեն այդ ռեսուրսներից։ Երբեմն սա դիտվում է որպես վարկած առ այն, որ ապրանքների և ծառայությունների արտադրությունը որոշվում է սպառողների պահանջարկի հիման վրա (այլ ոչ թե, ասենք, կապիտալի սեփականատերերի կամ արտադրողների կողմից)[1]։

Բարեկեցության բնագավառում սպառողի անկախությունը այն գաղափարն է, որ սպառողն ինքն է ամենից լավ գնահատում իր բարեկեցությունը (այլ ոչ թե, ասենք՝ քաղաքագետը)։ Այն կիրառվում է պնդելու համար, որ օրինակ կառավարությունը պետք է օժանդակի աղքատներին՝ դրամական փոխանցումներ կատարելով, և ոչ տրամադրելով նրանց մթերքներ, որոնք քաղաքագետների կողմից «անհրաժեշտ» են համարվում։

Սպառողի անկախությունը արտադրության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպառողի անկախությունը սահմանել է Ուիլյամ Հարոլդ Հաթթը հետևյալ կերպ.

Սպառողն անկախ է, երբ քաղաքացին ավտորիտար նպատակներով օգտագործելու համար քաղաքական ինստիտուտներին չի հանձնել այն իշխանությունը (power), որն ի զորու է սոցիալապես գործադրել՝ գործի դնելով պահանջելու իր իրավունքը (power) (կամ զերծ մնալ պահանջելուց)։

Այս սահմանման մեջ «իշխանություն» (power) բառի կրկնակի օգտագործումը պարզ է դարձնում, որ ամբողջ հայեցակարգի ամենակարևոր թեման սպառողների կարողությունն է։ Հետագայում Հաթթը վերանայեց ձևակերպումը, տալով դրան հետևյալ իմաստը.

... երկու նպատակների միջև ընտրություն կատարելիս համայնքային ռեսուրսների պահառուների նկատմամբ անկախ անհատների կողմից իրականացվող վերահսկող ուժը, երբ ռեսուրսները, որոնցով կարելի է հասնել այդ նպատակներին, սահմանափակ են[2]։

Օրինակներ

● Բիզնեսը երբեմն ձախողում է սպառողների պահանջների բավարարմանն անհրաժեշտ ապրանքների ապահովման թերացման պատճառով

● Ի վերջո, Blockbuster-ը ձախողեց, քանի որ սպառողներն անցան առավել հարմարավետ այլընտրանքների, ինչպիսիք են՝ Netflix-ը, Redbox-ը և հարցմամբ ստացվող տեսանյութերը։ Blockbuster-ը շարունակում էր DVD և VHS ժապավեններ վարձակալել ավանդական խանութներից և արդիականացումը դանդաղ էր, ինչը պատճառ դարձավ, որ գումար կորցնի և, ի վերջո, սնանկանա։

Dell-ը, որը ժամանակին աշխարհի խոշորագույն համակարգիչ արտադրողն էր, ցնցում ապրեց, քանի որ մոբիլ համակարգերն սկսեցին դուրս մղել համակարգիչները, էժանագին ասիական մեքենաները նվազեցրին շահութաբերությունը, և խոշոր պատվիրատուները սկսեցին լիարժեք սպասարկում պահանջել՝ ի լրումն սարքավորումների։

Kodak-ը օրինակ է այն բանի, թե ինչպես բիզնեսը կարող է ձախողել, քանի որ այն չի բավարարում իր հաճախորդների պահանջները։ Երբ այլ ընկերություններ (ինչպիսիք են Nikon-ը և Canon-ը) սկսեցին թվային լուսանկարչության համար տեսախցիկներ պատրաստել, ի տարբերություն Kodak-ի ժապավենային ապարատների, սպառողներն անցում կատարեցին վերը նշված ընկերություններին, և, ի վերջո, Eastman Kodak-ը սնանկացավ։

Սպառողի անկախությունը դրական և բացասական ազդեցություն է ունեցել հասարակությունների վրա, քանի որ օգնել է բիզնեսին բարձրացնել շահույթը և շուկայական արժեքը, բայց նաև հանգեցրել է տարբեր այն ընկերությունների փակմանը, որոնք չեն կարողացել սպառողներին ապահովել իրենց պահանջած ապրանքներով։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրության նկատմամբ սպառման գերակայության գաղափարն առաջին անգամ արտահայտել է Ադամ Սմիթը՝ 1776 թվականին։

Սպառումը ամբողջ արտադրության միակ նպատակն է. արտադրողի շահերը պետք է դիտարկել այնքանով, որքանով անհրաժեշտ է սպառողի շահերն առաջ մղելու համար։

«Սպառողի անկախություն» տերմինն առաջին անգամ ներկայացրել է Ուիլյամ Հարոլդ Հաթթն իր «Տնտեսագետներ և հասարակություն. մրցակցության և կարծիքների ուսումնասիրություն» գրքում (1936)։ Այնուամենայնիվ, Հաթթն ինքը միշտ զգուշորեն է վերաբերվել այս եզրույթին. «Վստահ չեմ, արդյո՞ք ես եմ այս տերմինը ստեղծել։ Մարքեթինգային գրականությունն ունի այնպիսի արտահայտություններ, ինչպես՝ «Հաճախորդը միշտ ճիշտ է», ինձ էլ ասել են, որ նիդերլանդերեն մի ասացվածքում ասվում է՝ «De klant is koning» (հաճախորդը թագավոր է)։ Ես առաջին անգամ օգտագործեցի եզրույթն իր ներկայիս իմաստով անտիպ հոդվածում, որը շրջանառեցի 1931 թվականին։ Կարծում եմ, այն առաջին անգամ հրապարակվեց 1934 թվականին հրատարակածս մի հոդվածում։ 1935 թվականին դոկտոր Վիլհելմ Ռյոպկեն օգտագործեց «սպառողական «ժողովրդավարություն» արտահայտությունը. միևնույն թվականին պրոֆեսոր Ֆ. Ա. Հայեկը Կոլեկտիվիստական տնտեսական պլանավորում բաժնի վերնագրում կիրառեց «սպառողի անկախություն» արտահայտությունը։ Դրանից ի վեր, տերմինը, կարծես լայն տարածում է գտել»։

Չնայած Հաթթը մտադիր չէր որևէ տեսություն ստեղծել այս հայեցակարգի հիման վրա[3], որոշ տնտեսագետներ պնդում են, որ սպառողի անկախությունը որոշ դեպքերում անտեսվում է, օրինակ ՝ առողջապահական[4]։

Երբ տերմինն առաջին անգամ օգտագործեց Հաթթը, այն գրվեց որպես «սպառողի անկախություն»։ Ջեյքոբ Վիների գրքի շուրջ գրախոսականում նա այն օգտագործեց որպես «սպառողի ինքնիշխանություն»։ Ավելի ուշ լայն կիրառում գտավ «սպառողի անկախություն» տերմինը։

Սպառողներն ընդդեմ մատակարարների[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպառողի անկախության համար շատ կարևոր է, թե ինչպես են ընկալվում իրենք և իրենց պահանջարկը։ Ըստ սույն հայեցակարգի, յուրաքանչյուր ոք սպառող է և ունի իր պահանջարկը ոչ միայն այնպիսի ապրանքների նկատմամբ, ինչպիսիք են սննդամթերքը, կամ նավթն ու գազը, այլ նաև արտադրության այնպիսի գործոնների, ինչպիսիք են ժամանակը և հնարավոր ամեն ինչ։ Երբ աշխատողը հանգստի առավել շատ ազատ ժամանակ է ցանկանում, նրա այս կարիքը բախվում է հասարակության ունեցած՝ իր աշխատանքի կարիքի հետ։ Սեփական հանգստի համար հասարակությանն առավել բարձր գին առաջարկելով միայն աշխատողը կարող է տնօրինել հանգստի իր ժամանակը։ Ըստ Հաթթի, սպառողների և նրանց պահանջարկի նկատմամբ թյուր ըմբռնումն էր, որ հանգեցրեց տվյալ հայեցակարգի վաղ քննադատությանը։ Նա գրում է. «Ինձ թվում է, որ պրոֆեսոր Ֆրեյզերի բոլոր քննադատությունների պատճառը մեկ հիմնական թյուրիմացություն է, ըստ էության։ Նա ասում է, որ «սպառողի անկախության դոկտրինը նկատի ունի, գուցե նաև ենթադրում է, որ պահանջարկը ներկայացնող կողմի նախասիրությունները սկզբունքային են, ուստի առավել կարևոր են, քան առաջարկող կողմինը»։ Իսկ այն ամենն, ինչ ես եմ արել, դա նպատակների և միջոցների միջև այդ հայեցակարգի համաձայնեցումն է։ Իմ օգտագործած տերմինն ընդգրկում է նպատակների նկատմամբ մարդկային բոլոր նախասիրությունների արտահայտումը, քանի որ այդ նպատակները բախվում են սահմանափակ միջոցների։ Երբ հասնում են նպատակներին, մեզ սկսում է հետաքրքրել պահանջարկը. երբ ընտրվում են միջոցները, մենք գործ ենք ունենում առաջարկի ասպեկտի՝ ձեռներեցության հետ»։ Ինչպես նկարագրել է Հաթթը, այս գաղափարը չի անտեսում մատակարարներին։

Սա կապ չունի «ապշեցուցիչ անտեսման» հետ, ինչպես այն  նկարագրում է պրոֆեսոր Ֆրեյզերը՝ «երևույթի արտադրական կողմից»։ Ռեսուրսների յուրաքանչյուր սեփականատեր (ներառյալ իր ֆիզիկական հնարավորությունները) կարող է մյուս սպառողների հետ մեկտեղ դիտարկվել որպես առաջարկող, ով ինքն էլ սպառում է իր սեփական ռեսուրսները։

Վերջինիս կարող ենք դիտակել որպես անհատ, ով սովորաբար այդ ծառայությունների մի մասն առաջարկում է փոխանակման, առձեռն կամ կանխիկ առևտրի համար։ Նրան, այսպես ասած, տվյալ ծառայությունների համար վերագնում են մյուս սպառողները։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայեցակարգը քննադատության է ենթարկվել "Economists and the Public: A Study of Competition and Opinion" (1936) ամսագրում հրապարակումից ի վեր. հաճախ խոսքը գնում էր այն հայեցակարգի ընկալման մասին, որի մեջ Հաթթը չկարողացավ պահպանել ազատ պահանջարկի և առաջարկի համաչափությունը։ Թեպետ, Հաթթին կարելի է մեղադրել քննադատներին սխալ հասկանալու մեջ, ովքեր թյուր են ըմբռնել հայեցակարգի էությունը։
Ընդունելով, որ որոշ իրավիճակներում արտադրողը կարող է ընտրել իր տեսանկյունից առավել բավարարելի, սակավ եկամտաբեր գործունեություն, Հաթթը երևույթը սահմանում է որպես սպառում և ոչ՝ արտադրություն։ Դրանով նա փորձեց տարբերակել սպառումը և արտադրությունն այնպես, ինչպես նպատակների և միջոցների միջև եղած տարբերությունն է։
Նպատակներն ու միջոցները տարբերակելուն զուգահեռ սպառումը և արտադրությունը տարբերելու փորձը համարվեց անհաջող. սա որոշ տնտեսագետների մոտ բառերի խաղ էր։ Նույնիսկ, եթե ավանդաբար դիմում են սպառողներին, նրանք հիմնականում անկախ են, ելնելով այն հանգամանքից, որ արտադրողի դերում իրենք առավելագույնի են հասցնում իրենց եկամուտները։ Այս վարկածը հաճախ քննարկվում է տնտեսագետների կողմից և կոչվում է նաև սպառողի անկախություն։ Տերմինը սատարում է հասարակության շահերը, քանի որ սպառողներն իրավունք ունեն որոշելու, թե ինչպես կգործի խանութը, կբարձրանա՞ թե կկրճատի վաճառքը. պարզապես իրեր գնելով՝ նրանք են որոշում, թե ինչ ապրանքներ արտադրվեն և ինչպես վաճառվեն, որոշում են արդյո՞ք դա սպառողներին շուկա կվերադարձնի, և կայցելե՞ն արդյոք նոր սպառողներ։

Ջոն Քեննեթ Հելբրեյթը պնդում է, որ գովազդը խեղաթյուրում է սպառողի նախասիրությունները, ուստի նրանց բացահայտված նախասիրություններն իրականում ներկայացնում են այն, ինչն ավելի լավ է գովազդատուների համար, և ոչ թե իրենց՝ սպառողների։

Լեսթեր Թուրոուն պնդում է, որ շատ սպառողներ (ինչպիսիք են երեխաները և թմրամոլները) չեն կարող իմանալ, թե ինչն է իրենց համար օգտակար[5]։ Ավելին՝ կոմպետենտ մարդիկ բացի սեփական կարիքներից, ունեն նաև նախապատվություններ, որոնց վրա մասամբ ազդում է հասարակությունը։

Տարբեր ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ սպառողի նախասիրությունները իռացիոնալ և անհետևողական են, ուստի չեն կարող արտացոլել այն, ինչն իրականում ավելի լավ է։ Սա ճիշտ է, մասնավորապես, միջտարածքային (օրինակ՝ ծերության համար խնայելիք գումարի քանակի) և հավանական որոշումների համար (օրինակ՝ ֆինանսական ներդրումների ռիսկերի գնահատման)։

Հարակից հասկացություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դոլարի քվեարկություն - սպառողի ընտրության ազդեցությունն է արտադրողների գործողությունների վրա՝ իրենց ապրանքների և ծառայությունների դիմաց արտադրողներին ուղղված վճարումների հոսքի միջոցով։
  • Էթիկական սպառում - գործընթաց է, որով սպառողներն իրենց բարոյական արժեքներին համապատասխան, գիտակցաբար փորձում են ազդել արտադրական պրոցեսի վրա, օրինակ՝ արտադրության մեջ գերադասելով էթիկականը, կամ բոյկոտելով էթիկայից զուրկ արտադրանքը։
  • Ռեսուրսներից կախվածության տեսություն - տեսություն է այն մասին, որ արտադրությունը կախված է ոչ միայն սպառողի պահանջարկից, այլ նաև շրջակա միջավայրից հասանելի ռեսուրսներից։

Սպառողի անկախությունը բարեկեցության ոլորտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպառողի անկախությունը ժամանակակից տնտեսագիտության Macmillan բառարանում սահմանված է այսպես[6].

Սպառողի անկախություն - Գաղափար առ այն, որ սպառողը հանդիսանում է սեփական բարեկեցության լավագույն դատավորը։ Այս ենթադրությունը ընկած է սպառողի վարքի տեսության և դրա շնորհիվ տնտեսական վերլուծության մեծ մասի մեջ, ներառյալ բարեկեցության էկոնոմիկայի մեջ առավել ընդունված Պարետոյի սկզբունքը։

Առավել մանրամասն սահմանումը տրվել է Աբբա Լերները[7]։

«Սպառողների անկախության հիմնական գաղափարը իրականում շատ պարզ է. անել այնպես, որ յուրաքանչյուր ոք ունենա իր նախընտրածը, եթե այն ինչ-որ մեկի համար լրացուցիչ զոհաբերություն չի պահանջում։ Վաղ պատանեկության տարիքում իմ խոր սպիերից մեկը փորվեց, երբ ուսուցիչս ասաց. «Դու դա չես ուզում», - այն բանից հետո, երբ ասել էի, որ ուզում եմ։ Այդքան էլ չէի հուզվի, եթե նա ասեր, որ ինչ էլ լինի, այն ստանալ չեմ կարողանա, կամ, որ իմ կողմից շատ վատ է՝ դա ցանկանալը։ Նյարդայնացնողն իմ ինքնության հերքումն էր՝ մի տեսակ բռնություն իմ ամբողջականության հանդեպ։ Խոստովանում եմ, դեռ նյարդայնանում եմ, երբ լսում եմ, որ մարդկանց նախասիրությունները մերժվում են իբրև՝ կեղծ, քանզի ազդվել են գովազդից, կամ՝ դրա ծնունդ են, ուստի ոմն մեկն ասում է, թե իրենք ինչ են «իրականում ցանկանում»»։

Փորձառական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպառողի անկախության ենթադրությունն ստուգելու համար հնարավոր մի միջոց է՝ համեմատել վերջիններիս կողմից իրենց իսկ օգտագործման համար գնված ապրանքներին տրված գնահատականը այն ապրանքների գնահատականի հետ, որոնք նվեր են ստանում ընկերներից կամ ընտանիքից։ Հանգստյան սեզոններից մեկի ժամանակ անցկացված նման փորձերից մեկում պարզվել է, որ սպառողներն իրենց գնումները գնահատում են մոտ 18%-ով ավելի, քան ստացվող նվերները[8]։

Մեկ այլ փորձով համեմատվում էին Մեքսիկայում կառավարության երկու զուգահեռ ծրագրերի  հետևանքները, որոնք երկուսն էլ ուղղված էին աղքատ գյուղերին օգնելու գործին. առաջինը նախատեսում էր դրամական, իսկ երկրորդը՝ պարենամթերքի  փոխանցումներ։  Այն հարցում, որ բնամթերքի փոխանցումն ավելի օգտավետ է, քան անառողջ մթերքի կիրառման հանգեցնող գումարինը, սույն փորձը «պատերնալիստական» հայացքի տեսանկյունից ապացույց չգտավ։ Քանի որ դրամական փոխանցումներն ավելի մատչելի են, փորձի գործնական հետևանքն այն է, որ ավելի լավ է օգնել աղքատներին՝ նրանց տրամադրելով դրամ, ինչը կարող են օգտագործել ըստ սուբյեկտիվ նախասիրությունների[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sirgy, M. Joseph; Lee, Dong-Jin; Yu, Grace B. (1 July 2011). "Consumer Sovereignty in Healthcare: Fact or Fiction?". Journal of Business Ethics. 101 (3): 459–474. doi:10.1007/s10551-010-0733-5. ISSN 0167-4544.
  2. Hutt, William H. (March 1940). "The Concept of Consumers' Sovereignty". The Economic Journal. 50 (197): 66–77. doi:10.2307/2225739. JSTOR 2225739
  3. Hutt, William H. (March 1940). "The Concept of Consumers' Sovereignty". The Economic Journal. 50 (197): 66–77. doi:10.2307/2225739
  4. Sirgy, M. Joseph; Lee, Dong-Jin; Yu, Grace B. (1 July 2011). "Consumer Sovereignty in Healthcare: Fact or Fiction?". Journal of Business Ethics. 101 (3): 459–474. doi:10.1007/s10551-010-0733-5
  5. Cunha, Jesse M. (2014 թ․ ապրիլի 1). «Testing Paternalism: Cash versus In-Kind Transfers». American Economic Journal: Applied Economics. 6 (2): 195–230. doi:10.1257/app.6.2.195. ISSN 1945-7782.
  6. Pearce, David W. (1992). Macmillan Dictionary of Modern Economics. London: Macmillan Education UK. էջեր 311–320. ISBN 978-0-333-58280-0.
  7. Lerner, Abba P. (1972). "The Economics and Politics of Consumer Sovereignty". The American Economic Review. 62 (1/2): 258–266. ISSN 0002-8282 JSTOR 1821551
  8. Waldfogel, Joel (2005-11). «Does Consumer Irrationality Trump Consumer Sovereignty?». Review of Economics and Statistics. 87 (4): 691–696. doi:10.1162/003465305775098107. ISSN 0034-6535.
  9. Cunha, Jesse M. (1 April 2014). "Testing Paternalism: Cash versus In-Kind Transfers". American Economic Journal: Applied Economics. 6 (2): 195–230. doi:10.1257/app.6.2.195. ISSN 1945-7782.

Լրացուցիչ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]