Սուրբ Աստվածածին եկեղեցի (Թաղասեռ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Արցախ |
Տեղագրություն | Թաղասեռ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Արցախի թեմ |
Սուրբ Աստվածածին, 17-րդ դարում կառուցված հայ առաքելական եկեղեցի Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղում։ Այն գտնվում է գյուղից մոտ 4 կիլոմետր հյուսիս-արևմուտք՝ Հին Թաղասեռ գյուղատեղիում, Պարզագետ գետի ձախ ափին, բլրի վրա[1]։
Հորինվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցին հորինվածքով ուղղանկյուն հատակագծով եռանավ բազիլիկ է, որն ունի երկու զույգ մույթեր։ Արևելքում կիսաշրջան խորանն է և նրան կից հարավային և հյուսիսային ավանդատները։ Այն կառուցված է կիսատաշ որձաքարով, իսկ կամարները շարված են սրբատաշ քարով։ Սուրբ Աստվածածին եկեղեցու երկարությունը 17,20 մետր է, լայնությունը՝ 11 մետր, իսկ բարձրությունը՝ 7,5 մետր։ Եկեղեցին արտաքուստ ունի երկթեք տանիք։ Այն ասբեստե թիթեղով է պատվել անցած դարի 90-ական թվականներին։ Բեմը քանդված է եղել 2020 թվականի ադրբեջանական օկուպացիայից առաջ։ Հյուսիսային պատի մեջ է տեղադրված մկրտության ավազանը։ Եկեղեցին լուսավորվում է յոթ փոքր լուսամուտներով, որոնցից երեքը տեղակայված են հարավային, երեքը՝ արևելյան և մեկը՝ արևմտյան պատին։ Սրբատաշ են նաև պատուհանների եզրաքարերը։ Հարավային պատին կիսով չափ պահպանվել է արևային ժամացույցը։ Արևմտյան կողմից բացվում է գեղեցիկ զարդահյուսերով մուտքը։ Շքամուտքն իր կառուցվածքով և զարդանախշերով նման է Ծակուռիի Սուրբ Աստվածածին և Քյուրաթաղի Սուրբ Աստվածածին եկեղեցիների շքամուտքերի հետ։
Եկեղեցու ներսից պատերին ագուցված են մի քանի խաչքարեր։ Մեկ խաչքար էլ պահպանվել է հյուսիսային մույթերից մեկի վրա։ Եկեղեցու վրա առկա չէ կառուցման արձանագրություն։ Խաչիկ վարդապետ Դադյանը 1880-ական թվականներին նկատել է, որ այս եկեղեցին «նման է շենքով Քուրաթաղ գյուղի եկեղեցուն» և այն կարծիքն է հայտնել, որ այդ երկու եկեղեցիները թերևս կառուցվել են նույն ժամանակահատվածում[2]։ Համաձայն շինարարական արձանագրության, Քուրաթաղի եկեղեցին կառուցվել է 1683 թվականին, սակայն Հին Թաղասեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին հիշատակում է եղել 1635 թվականին։ Կառույցն ամենայն հավանականությամբ պատկանում է 17-րդ դարի ճարտարապետական վերելքի շրջանին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմական տեղեկությունների համաձայն, 17-րդ դարում Դիզակ գավառի գրչության կենտրոններից համարվող Թաղասեռում եղել են չորս եկեղեցիներ՝ Ամենափրկիչ, սուրբ Աստվածածին, Անապատ և սուրբ Սարգիս[3]։ Մինչև 2020 թվականի հոկտեմբերը կանգուն են եղել այդ չորս եկեղեցիներից Սուրբ Աստվածածինը և Անապատ եկեղեցիները։
Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին հիշատակվում է 1635 թվականին այնտեղ գրված մի Ավետարանում.
ի գեաւղ, որ կոչի Թեղասեռ՝ ընդ հովանեալ Ս․Աստուածածին - Գուշակեան 1925, 476
|
Եկեղեցին հիշատակվում է նաև Թաղասեռում 1791 թվականին գրված մեկ այլ ձեռագրում, որը ձեռքից ձեռք անցնելով հայտնվել էր գերության մեջ։ 1791 թվականի ապրիլի 1-ին թիֆլիսեցի Նալբանդ Սիսոյի որդի Եզչիսեսոն ազատել է գերված ձեռագիրը և նվիրել սուրբ Աստվածածին եկեղեցուն․
որ եւ յիշատակն բարի եղիցի տէր Գրիգորի - Մինասյան 2015, 43
|
Վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցին չի տուժել արցախյան առաջին և երկրորդ պատերազմի ժամանակ։ Այն գտնվել է լավ վիճակում։ 2020 թվականի հոկտեմբերին Ադրբեջանն օկուպացրել է Հադրութի շրջանը և Սուրբ Աստվածածին եկեղեցու ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Թաղասեռի սբ. Աստվածածին եկեղեցին». Monument Watch. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Մկրտչյան, Ա (1990). «Թաղասեռի պատմությունից». Դիզակ, թիվ 14, Հադրութ.
- ↑ Մինասյան, Թամարա (2015). Արցախի գրչության կենտրոնները. Երևան: Նաիրի. էջ 43.