Սուրբ Ամենափրկիչ վանք (Պողոսագոմեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Ամենափրկիչ վանք
Հիմնական տվյալներ
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ՏարածաշրջանԽաչեն
Դավանանքքրիստոնեություն

Սուրբ Ամենափրկիչ վանք, գտնվում է Արցախի Խաչեն գավառում, Տրտու (այժմ՝ Թարթառ) գետի աջ ափին, հինավուրց Դրմբոն, Կճողուտ, Ղաղարահող և Պողոսագոմեր գյուղերի արանքում տարածվող տափարակի, որը հյուսիսային և արևմտյան կողմերից ավարտվում է ժայռերով, հյուսիսային ծայրին։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Ամենափրկիչ եղեղեցին կառուցված է կոփածո և սրբատաշ քարերով հիմնարկված միակտոր քարաժայռի վրա։ Եկեղեցու արտաքին բոլոր անկյունաքարերը իրականացված են սրբատաշ, իսկ բոլորաձև գմբեթը և մնացած մասերը՝ անտաշ կամ կոփածո քարերով։ Եկեղեցու ներսը ամբողջապես ծեփված է, որը մասամբ քայքայված է։ Եկեղեցին արևմուտքից ունի մեկ մուտք և մեկական ոչ մեծ լուսամուտներ (բացի հյուսիսային ճակատից)։ Բոլորաձև թմբուկը, որի վեղարը լրիվ քանդված է ու թափված, ունի չորս լուսամուտ, որոնցից արևելյանը, որն ամենից լավ պահպանվածն է, ավելի նեղ է և ստեղծված է միակտոր քարից։

Ամենափրկիչ վանքում պահպանվել են արձանագրություններ, իսկ շրջակայքում, եկեղեցուց արևելք, եղել է հնագույն գերեզմանոց, ուր կան մի քանի խաչքարեր և դրանց պատվանդանները։ Այդ խաչքարերը կարելի է թվագրել մեկը (մեկը՝ 200x78) ստորին մասում ունի երեքտողանի արձանագրություն։ Հինգտողանոց մեկ այլ արձանագրության պատառիկ կա եկեղեցու ներսում ընկած ջարդված բեկորի վրա (չափերը՝ 32x18)։ Վանքի ամենաարժեքավոր արձանագրությունը արևմտյան ճակատին, դռան ճակատակալ սրբատաշ կիսակլոր քարի վրա փորագրված ութտողանոց արձանագրությունն է[1]։ Վերջինս չի քայքայվել և ընթեռնելի է գրեթե ամբողջությամբ, միայն գրության վերջին տողի վերջնամասը փշրված է, որտեղ հավանաբար եղել է թվականը։ Այնուամենայնիվ, եկեղեցու կառուցման ժամանակաշրջանի վերաբերյալ ստույգ եզրակացություններ անելու համար կան բազմաթիվ տվյալներ ինչպես, օրինակ, արձանագրության երկրորդ և երրորդ տողերում հիշատակված Հասանի որդի Վախթանգի անունը, որը մահացել է 1214 թվականին։ Եկեղեցու արևմտյան ճակատի հարավային կողմի պատի մեջ ագուցված է մի փոքր խաչքար, որը ևս անվրեպ XII-XIII դարերի գործ է և կերտվել է հենց եկեղեցու պատի մեջ տեղադրելու նպատակով։ Այս բոլոր հանգամանքները ուսումնասիրելով՝ Ամենափրկիչ վանքի կառուցման ժամանակաշրջանը պետք է համարել XII դարի վերջերից մինչև 1214 թվականն ընկած ժամանակահատվածը, թեև եկեղեցու ճարտարապետությունն իր մեջ ունի ավելի հնաոճ տարրեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ս․ Բարխուդարյան․ Դիվան հայ վիմագրության․ պրակ 5։ Երևան 1982, էջ 91-92։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]