Ռազմադաշտային վիրաբուժություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռազմադաշտային վիրաբուժությունը բժշկության, մասնավորապես` ռազմական բժշկության մի ճյուղ է, որն ուսումնասիրում է ժամանակակից մարտական վնասվածքների ախտածագումը, կլինիկան, ախտորոշման եղանակները, ինչպես նաև ռազմական գործողությունների ժամանակ ցույց տրվող վիրաբուժական օգնությունը և հետագա բուժումը կազմակերպելու հարցերը:

Վիրաբուժությամբ մարտի դաշտում զբաղվել են դեռևս պատմական խորը անցյալում: Ըստ էության զինվորական վիրաբույժները համարվում են նաև հին աշխարհի վիրաբուժության հիմնադիրները: Հիպոկրատը իր աշխատություններում բազմիցս ընդգծել է պատերազմական գործողությունների դերը վիրաբուժության զարգացման գործում: Հրազենային վերքերի առանձնահատկություններն առաջին անգամ ուսումնասիրել է 16-րդ դարի ֆրանսիացի հայտնի զինվորական վիրաբույժ Ամբրուազ Պարեն, իսկ 18-րդ դարում մեկ այլ ֆրանսիացի վիրաբույժ Ա. Լեդրանը առաջարկել է կիրառել այդ վերքերի վիրաբուժական մշակման մի նոր եղանակ, որի հիմքում ընկած էր դրանց լայն բացազատումը:Սակայն մինչև 19-րդ դարը ռազմադաշտային վիրաբուժությունը, որպես առանձին դիսցիպլինա, դեռևս ձևավորված չէր:

19-րդ դարում ռուս վիրաբույժ Ն.Ի. Պիրոգովի գործունեությունը բերեց ռազմադաշտային վիրաբուժության հիմնադրմանը և զարգացմանը: Պիրոգովը առաջինն էր, ով մարտի դաշտում կիրառեց անզգայացումը (եթերային նարկոզ), մշակեց վիրավորների տեսակավորման սկզբունքը, ներգրավեց կանանց` վիրավորներին օգնություն ցույց տալու համար:

Անգլիացի վիրաբույժ Դ. Լիստերը վերքերի բուժման ժամանակ առաջինն էր, ով սկսեց կիրառել կարբոլաթթվի լուծույթը` որպես հակասեպտիկ միջոց: Դա հնարավորություն տվեց ռազմադաշտային վիրաբուժության պայմաններում կրճատել թարախանեխային բարդությունների քանակը և բարելավել մարտի դաշտում կատարվող վիրահատական միջամտությունների արդյունավետությունը:


Գրականություն[խմբագրել]

  • Զարացյան Ա.Ք., Գրիգորյան Ռ.Ա. (2000)։ Ռազմադաշտային վիրաբուժություն։