Նիկոլայ Պիրոգով
| Նիկոլայ Պիրոգով | |
| Ծնվել է | նոյեմբերի 13, 1810 Մոսկվա, Ռուսական կայսրություն |
|---|---|
| Մահացել է | նոյեմբերի 23, 1881 (71 տարեկան) գ. Վիշնյա, Ռուսական կայսրություն |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | ռուս |
| Գիտական ոլորտ | Բժշկություն, Վիրաբուժություն |
| Ալմա մատեր | Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ |
| Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
| Հայտնի է շնորհիվ | Ռազմադաշտային վիրաբուժության հիմնադիր |
Նիկոլայ Իվանովիչ Պիրոգով (ռուս.՝ Никола́й Ива́нович Пирого́в, նոյեմբերի 13(25), 1810թ., Մոսկվա - նոյեմբերի 23 (դեկտեմբերի 5), 1881թ., գ. Վիշնյա, Ռուսական կայսրության Պոդոլսկի նահանգ), ռուս գիտնական, վիրաբույժ, մանկավարժ և հասարակական գործիչ, Սանկտ-Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1847)
Բովանդակություն |
Կենսագրություն[խմբագրել]
Ծնվել է զինվորական գանձապահ, մայոր Իվան Պիրոգովի ընտանիքում: Մասնագիտության ընտրության հարցում Պիրոգովին օգնել է ընտանիքի մտերիմ, Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր Ե. Մուխինը, ով նկատելով երեխայի ունակությունները, սկսել է զբաղվել նրա հետ անհատապես: Տասնչորս տարեկան հասակում ընդունվել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ, որն ավարտել է 1828թ.-ին և մեկնել արտասահման վերապատրաստման: Հինգ տարի աշխատելով Դորպատի (այժմ` Տարտու) Պրոֆեսորական ինստիտուտի վիրաբուժական կլինիկայում` փայլուն պաշտպանել է դոկտորական դիսերտացիան և 26 տարեկան հասակում ընտրվել Դորպատի համալսարանի պրոֆեսոր: Մի քանի տարի անց Պիրոգովը հրավիրվել է Պետերբուրգ, որտեղ ստանձնել է Բժշկա-վիրաբուժական ակադեմիայի վիրաբուժական ամբիոնի ղեկավարությունը, միաժամանակ ստեղծելով և ղեկավարելով հոսպիտալային վիրաբուժության կլինիկան:
Պիրոգովը մասնակցել է Ղրիմի պատերազմին, մասնավորապես, 1855-ին եղել է շրջափակված Սևաստոպոլի գլխավոր վիրաբույժը:
1862-ին մեկնել է Հեյդելբերգ և ստանձնել ռուս պրոֆեսորական թեկնածուների ուսուցման ղեկավարությունը: Ստեղծագործական ուժերի ծաղկման շրջանում առանձնացել է իր «Վիշնյա» կալվածքում, որտեղ կազմակերպել է անվճար հիվանդանոց: Այստեղից Պիրոգովը ժամանակ առ ժամանակ մեկնում էր արտասահման ` դասախոսություններ կարդալու: Այդ ժամանակ արդեն նա եղել է մի շարք արտասահմանյան գիտությունների ակադեմիաների անդամ: 1870-ին ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ մեկնել է ճակատ` Միջազգային Կարմիր Խաչի հրավերով:
Պիրոգովը արդեն բավականին մեծ հասակում (67 տարեկան) մասնակցել է նաև 1877-1878 ռուս-թուրքական պատերազմին:
1881թ.-ին Պիրոգովի մոտ սկսվել են առողջական խնդիրներ: 1881-ի մայիսի 24-ին Ն. Վ. Սկլիֆոսովսկին նրա մոտ ախտորոշել է վերին ծնոտի քացկեղ, որի պատճառով էլ 1881-ի նոյեմբերի 23-ին , Վիշնյաում նա կնքել է իր մահկանացուն: Պիրոգովի մարմինը զմռսվել է հենց իր իսկ մշակած նոր եղանակով: Նրա աճյունը դրվել է Վիշնյաի դամբարանում:
Նշանակությունը և ներդրումը[խմբագրել]
Ն. Պիրոգովի ողջ գործունեության հիմնական նշանակությունը կայանում է նրանում,որ նա վիրաբուժությունը վերածել է գիտության` վիրաբույժներին զինելով վիրահատական միջամտության գիտական հիմնավորված մեթոդիկայով:
Նա տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության հիմնադիրն է: Պիրոգովը իր անատոմիական ուսումնասիրությունները կատարում էր սառեցրած դիակների վրա. ինքը ` Պիրոգովը, դա անվանում էր «սառցե անատոմիա»: Մի քանի տարի անց նա հրատարակել է առաջին անատոմիական ատլասը , որը դարձել է վիրաբույժների ուղեցույցը, և որը հնարավորություն է տվել վիրահատությունները կատարել հիվանդին հասցնելով մինիմալ վնասվածքներ: Անատոմիական շրջանները, զարկերակներն ու փակեղները ուսումնասիրելիս մշակել է շերտավոր պատրաստուկների պատրաստման սկզբունքները: Դա հիմք է հանդիսացել հետագայում օպերատիվ վիրաբուժության զարգացման համար:
Իր կողմից մշակված վիրահատական եղանակները դաշտային պայմաններում ստուգելու նպատակով Պիրոգովը 1847թ.-ին մեկնել է Կովկաս, որտեղ առաջին անգամ կիրառել է օսլայով ներծծված թանզիֆով(բինտ) վիրակապությունը, ինչն ավելի հարմար և ամուր էր: Հենց այստեղ, Սալտի աուլում, Պիրոգովը բժշկության պատմության մեջ առաջին անգամ կատարել է վիրահատություն եթերային անզգայացումով, դաշտային պայմաններում, այսինքն նա աշխարհում առաջինն է նարկոզը կիրառել ռազմադաշտային վիրաբուժության մեջ: Ընդհանուր առմամբ նա կատարել է մոտ 10 հազար վիրահատություն եթերային նարկոզով:
1854թ.-ին , Ղրիմի պատերազմում, Պիրոգովը կրկին առաջին անգամ համաշխարհային բժշկության պրակտիկայում կիրառեց գիպսային վիրակապը , ինչը մեծ նշանակություն ունեցավ վերջույթների անշարժացման մեթոդիկայի զարգացման համար:
Պիրոգովը նշել է վերքերի վիրաբուժական ճիշտ մշակման կարևորությունը, առաջարկել կիրառել «խնայողական վիրաբուժություն». վերջույթների հրազենային վիրավորումների և կոտրվածքների դեպքում հրաժարվել է վաղ ամպուտացիայից:
Աշխարհում առաջինն է արտահայտել ոսկրային պլաստիկայի, իսկ Ռուսաստանում` պլաստիկ վիրահատությունների գաղափարը: Նա մշակել է մի շարք վիրահատություններ և վիրաբուժական հնարքներ. մասնավորապես` ծնկահոդի մասնահատում, աքիլեսյան ջլի հատում և այլն, առաջարկել է կիրառել ուղիղ աղիքային նարկոզ:
Ղրիմի պատերազմի ժամանակ, Սևաստոպոլում, Պիրոգովը մշակել է հիվանդների և վիրավորների խնամքի նոր եղանակ, որի էությունը կայանում էր նրանում, որ վիրավորները տեսակավորվում էին հենց սկզբում, առաջին վիրակապական կետում. ծանրության աստիճանից կախված` ոմանք ենթարկվում էին անհետաձգելի վիրահատական միջամտության հենց դաշտային պայմաններում, իսկ թեթև վնասվածքներով վիրավորները տարահանվում էին թիկունք` ստացիոնար հոսպիտալներ: Շնորհիվ այդ մեթոդի (որը կիրառվում է մինչև հիմա) ռազմաբժշկական գործունեության մեջ Պիրոգովի կողմից ստեղծվեց մի նոր ուղղություն ` ռազմադաշտային վիրաբուժությունը:
Որպես մանկավարժ Պիրոգովը պայքարել է դաստիարակության և կրթության մեջ դասային նախապաշարմունքների դեմ: Դեմ է եղել դասային դպրոցներին, որտեղ իրականացվում էին երեխաների վաղ մասնագիտացում. համարում էր, որ դա դանդաղեցնում և արգելակում է երեխաների բարոյական դաստիարակությունը, նեղացնում նրանց աշխարհայացքը: Համամարդկային դաստիարակության գլխավոր նպատակը համարել է հասարակությանը օգտակար քաղաքացու դաստիարակումը, ով օժտված պետք է լիներ բարոյական բարձր հատկանիշներով: Նրա խոսքերից են.
| Լինել մարդ — ահա թե ինչին պետք է բերի դաստիարակությունը
— Նիկոլայ Պիրոգով
|
Պիրոգովը կարևորել է նաև ուսուցման և դաստիարակության հարցերում մայրենի լեզվի կիրառումը: Նա նաև դեմ է եղել մարմնական պատժի կիրառմանը` որպես դաստիարակության մեթոդ: Հենց նրա կողմից բարձրացված և թերթերում բուռն քննարկումների պատճառ դարձած այդ հարցը բերեց նրան, որ 1864թ.-ին Ռուսաստանում մարմնական պատիժը ուսումնական հաստատություններում հանվեց կիրառումից:
Ընտանիքը[խմբագրել]
- Առաջին կինը - Եկատերինա Բերեզինա, մահացել է հետծննդաբերական բարդություններից 24 տարեկանում: Որդիները - Նիկոլայ, Վլադիմիր:
- Երկրորդ կինը - բարոնուհի Ալեքսանդրա ֆոն Բիստրոմ:
Հիշատակը[խմբագրել]
- Պիրոգովյան համագումար - 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկզբները Ռուսական կայսրությունում անցկացվող բժիշկների հավաք-հանրագումարներ, որտեղ քննարկվում էին հիմնականում բժշկական հարցեր, ժամանակ առ ժամանակ ` նաև քաղաքական թեմաներ:
- Պիրոգովյան հասարակություն - Ռուսական կայսրությունում բժիշկների կամավոր ոչ պետական միություն(«Պիրոգովի վիրաբուժական հասարակություն»), հիմնվել է ի հիշատակ Պիրոգովի: Հիմնական խնդիրը բժիշկների «Պիրոգովյան համագումարների» կազմակերպումն էր:
- Մի շարք հուշարձաններ Մոսկվայում , Սանկտ-Պետերբուրգում, Վիննիցայում, Սևաստոպոլում, Սիմֆերոպոլում, Դնեպրոպետրովսկում, ինչպես նաև Պլեվնայում(Բուլղարիա), Տարտուում (Էստոնիա) և այլ բնակավայրերում:
- Ի պատիվ Նիկոլայ Պիրոգովի` նրա անունն է կրում 2506 Pirogov աստերոիդը:
- Փողոցներ նրա անունով Ռուսաստանի, Ուկրաինայի, Բուլղարիայի , Մոլդովայի և այլ երկրների մի շարք բնակավայրերում:
- Պիրոգովի անունն են կրում նաև Ռուսաստանի, Ուկրաինայի և Բուլղարիայի բազմաթիվ բժշկական հաստատություններ(Սևաստոպոլի №1 Քաղաքային հիվանդանոց, Օդեսայի շրջանային հոսպիտալ, Սակիի զինվորական առողջարան և այլն):
- Հուշարձանները
-
Հուշարձան Սևաստոպոլի քաղաքային հիվանդանոցի բակում
-
Հուշարձան Վիննիցայում
-
Հուշարձան Տարտուում
- Փոստային նամականիշեր
-
Ուկրաինայի փոստային նամականիշ 2010 նվիրված Պիրոգովի ծննդյան 200-ամյակին.
-
Ռուսաստանի փոստային նամականիշ 2010 նվիրված Պիրոգովի ծննդյան 200-ամյակին .
Հետաքրքիր փաստեր[խմբագրել]
- 1855-ին Մենդելեևը, ունենալով առողջական խնդիրներ, զննվել է Պիրոգովի կողմից, ով ասել է. «Դուք մեզանից երկար կապրեք», ինչից ոգևորված Մենդելեևի վիճակը լավացել է, իսկ Պիրոգովի կանխատեսումները իրականացել են:
- Մահվանից անմիջապես առաջ գիտնականը արել է ևս մեկ հայտնագործություն. նա առաջարկել է դիակների զմռսման ամբողջովին նոր եղանակ: Մինչև այսօր Վիշնյա գյուղում պահվում է Պիրոգովի հենց այդ եղանակով զմռսված աճյունը:
- Պիրոգովը եղել է մոլի ծխող և մահացել է քաղցկեղից:
Աղբյուրներ[խմբագրել]
«Пирогов, Николай Иванович (Википедия)»։ http://ru.wikipedia.org/wiki/Пирогов,_Николай_Иванович։
(1983) "հատոր 9", Հայկական Սովետական Հանրագիտարան։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը հիմնված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |