Ռադիո-հեռուստատեսության հիմնադրումը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռադիո-հեռուստատեսություն, գիտության և տեխնիկայի բնագավառ, որը կապված է էլեկտրոմագնիտային ալիքների միջոցով աուդիո և վիդեոտեղեկատվության ընդունման և տարածման հետ։

Առաջին ռադիոկայանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական առաջին ռադիոկայանը գործարկվել է առաջին հանրապետության տարիներին։ Առաջին ռադիոկայանն ուներ 9 կիլովատ և 17 ամպեր հզորություն և կարող էր տեղեկատվություն ուղարկել 1000 վերստ հեռավորությամբ։ Այն պատմության մեջ է մտել «Երևանի ուժեղ ռադիոկայան» անվանումով և անփոփոխ է մնացել մինչև 1926 թ.[1]։ Առաջին ռադիոկայանը սկսել է գործել 1919 թ. սեպտեմբերի 25-ից։ 1923 թ. սկսած Հայաստանում սկսում են ձևավորվել ռադիոսիրողների ակումբներ։ 1926 թ. օգոստոսին ավարտվում է նոր ռադիոկայանի շինարարությունը[2]։

Ռադիոն խորհրդային շրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում 1926 թ. Կապի ժողկոմատին կից ստեղծվում է մի օրգան, որը զբաղվում է Մոսկվայից արվող ռադիոհաղորդումներն ընտրելու և սեփականը կազմակերպելու հարցերով։ 1926 թ. նոյեմբերի 7-ին եթեր է տրվում առաջին հաղորդումը՝ «Հայաստանի ռադիոն», սակայն շարունակական հաղորդումները սկսվում են միայն 1927 թ. ապրիլի 1-ից։ Սկզբնական շրջանում եթեր էին տրվում այսպես կոչված «ռադիոթերթերը», իսկ հետո լուրերի թողարկումները։ Ռադիոթերթերի նախապատրաստությամբ զբաղվում էին հանրապետական թերթերը, որոնց հաղորդումները եթեր էին արձակվում երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, ադրբեջաներեն։

Այնուհետև ստեղծվում է Ռադիոֆիկացման և ռադիոհաղորդումների կոմիտե Ռ.Դաշտոյանի նախագահությամբ։ Սկզբնական շրջանում առկա էր միայն երկու հաստիքային միավոր՝ ռադիոհաղորդումների վարիչ և երաժշտական հաղորդումների ղեկավար։ Մինչև 1929 թ. ռադիոստուդիա չի եղել, սակայն Ժողկոմխորհի որոշմամբ «Երևան» հյուրանոցի շենքում հատկացվում են սենյակներ։ Նույն թվականին ստուդիան անցնում է Փոստ-հեռագրական ժողկոմատի ենթակայությանը։ Սկսվում է տրնասլյացիոն հանգույցների շինարարությունը։ Առաջինը կառուցվում է Նոր Բայազետում։ 1929 թ. կառուցվում է Գյումրու, 1930 թ. Էջմիածնի, Արտաշատի և Ալավերդու, 1931 թ. Հոկտեմբերյանի և Կիրովականի շրջանների ռադիոհանգույցները և այլն։ 1938 թ. ռադիոհանգույցների թիվը հասնում է 29000-ի։ Ընդլայնվում է նաև ռադիոհաղորդումների ապարատը, ստեղծվում է վարչություն իր բաժիններով և խմբագրություններով։

Հեռուստատեսության առաջացումը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]


1956 թ. Հայկական հեռուստաընկերությունը տալիս է իր առաջին փորձնական հաղորդումը։ 1957 թ. տեղի է ունենում Երևանի հեռուստատեսության ստուդիայի հանդիսավոր բացումը։ Նույն թվականին ՀԽՍՀ Մշակույթի նախարարության ցուցակում գործող հեռուստատեսային ստուդիան միացվում է ռադիոհաղորդումների ստուդիայի հետ և դրանց հիման վրա ստեղծվում է ՀԽՍՀ Ռադիոհաղորդումների և հեռուստատեսության պետական կոմիտե։ 1992 թ. մայիսին ՀՀ Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեն վերանվանվում է ՀՀ Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության։ Ի կատարումն 1995 թ. հուլիսի 25 «ՀՀ Կառավարության կառուցվածքի մեջ ընդգրկված պետական կառավարման հանրապետական մարմինների լուծարման և վերակառուցման գործընթացի իրականացմանն միջոցառումների մասին» հ.1 որոշման ՀՀ Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությանը և ՀՀ Կառավարությանն առընթեր Հրատարակչական գործի վարչությունը միաձուլվում են և նրանց հիման վրա ստեղծվում է ՀՀ Տեղեկատվության նախարարությունը։ Այս ակտով ՀՀ Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությունը դադարում է գործել որպես պետական կառավարման ինքնուրույն մարմին[3]։

Հեռուստառադիոպետկոմի խմբագրությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական ռադիոհաղորդումների և հեռուստատեսության խմբագրությունները 1986 թ. դրությամբ գործել են միասնաբար։ Այն ունեցել է հետևյալ խմբագրությունները՝

  1. Պրոպագանդայի
  2. Կոմունիստական դաստիարակչության և «Երևանն ու երևանցիները»
  3. Գրական-գեղարվեստական հաղորդումների
  4. Մանկապատանեկան հաղորդումների գլխավոր խմբագրություն
  5. Հեռուստառադիոբեմականացումների
  6. Երաժշտական հաղորդումների
  7. Գրական-գեղարվեստական հաղորդումների
  8. Կենտրոնական հեռուստատեսության և համամիութենական ռադիոյի համար պատրաստվող հաղորդումների
  9. ԽՍՀՄ ժողովուրդների լեզուներով հաղորդումների
  10. Արտասահմանում ապրող հայերի համար ռադիոհաղորդումների
  11. Արտասահմանյան երկրների համար ռադիոհաղորդումների
  12. Նամակների և հեռուստառադիոհաղորդումների արդյունավետության ուսումնասիրման գլխավոր խմբագրություններ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վ.Միրաքյան, Լրատվամիջոցների ազդեցության հնարավորությունները, Եր. 2010 թ։
  2. Մ.Հովսեփյան, Ռադիոշուկայի օրինաչափությունները և զարգացման միտումները Հայաստանի Հանրապետությունում, Եր. 2002 թ.
  3. ՀԱԱ, ՀԽՍՀ Ռադիոհաղորդումների և հեռուստատեսության պետական կոմիտե /ֆ.191/: