Ջրի մաքրում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսմոսի հակառակ երևութի օգտագործումը

Բնական ջուրը միշտ պարունակում է մի շարք նյութերի խարնուրդներ, և հաճախ անհրաժեշտ է լինում այդ ջուրն այս կամ այն չափով մաքրել խարնուրդներից։

Ջրի մաքրումն ու վարակազերծումը[խմբագրել]

Ջրի մաքրումն ու վարակազերծումը կատարվում են հատուկ կայաններում։ Այստեղ ջուրը մուտք է գործում գետերից և ջրամբարներից։ Գետի ջուրը անհամասեռ է ու պղտոր։ Դա պայամանավորված է այն հանգամանքով, որ աղերից բացի՝ ջրում կախված վիճակում պարունակում են մանրագույն ավազահատիկներ և տիզմի մասնիկներ։

Ջրազատիչ կայաններում ջուրը նախ անցնում է լողացող խոշոր առարկաները պատնեշող ցանցի միջով, այնուհետև ենթարկվում պարզեցման (վճիտացում), ավազաշերտերով զտվում և միկրոօրգանիզմների ոչմչացման նպատակով՝ մշակվում քլորով կամ օզոնով։ Ներկայումս զարգացած երկրներում քլորացումը փոխարինվել է մանրէասպան գերմանուշակագույն ճառագայթահարմամբ։

Աղտոտված ջրի կենսաբանական մաքրումը[խմբագրել]

Աղտոտման խոշոր վայրերից արտահոսող ջրերը մաքրվում են զտման և պարզեցման միջոցով։ Բնական ծագման օրգանական միացություններից ազատվելուն նպաստում են ավելացվող միկրոօրգանիզմները, որոնց համար այդ միացությունները սնունդ են ծառայում։

Շատ ավելի դժվար է ջուրը սինթետիկ օրգանական միացություններից մաքրելը։ Այդ պատճառով մեծաթիվ գործարաններ անցնում են ջրաշրջադարձի` ջրի անարտահոսք օգտագործման։

Բնության մեջ բացարձակ մաքուր ջուր չի հանդիպում։ Այն ստանում են սովորական թորումով։ Ջրի մաքրման այս եղանակը հիմնված է բնականին նմանվող այն գործընթացի վրա, որի դեպքում հեղուկ ջուրն անցնում է գազային վիճակի, ապա կոնդենսանում` կրկին անցնելով հեղուկ վիճակի։

Դեղատներում ու դեղագործարաններում դեղեր պատրաստելիս կամ նոսրացնելիս օգտագործում են կրկնակի թորած ջուր։ Թորած ջուրը խորհուրդ չի տրվում խմել. այդպիսի ջրի մեծ քանակությունը վնասում է մարդու օրգանիզմը, որը սովոր է աղեր պարունակող ջուր օգտագործելուն։ Էլեկտրոլիտներն անհրաժեշտ են օրգանիզմի կենսագործունեության համար։

Ծովի ջրից խմելու ջրի ստացումը[խմբագրել]

Ծովի ջրից կարելի է ստանալ քաղցրահամ ջուր վակուումային թորման սարքերով, որոնցում ջրի թորումն իրականացվում է ցածր ճնշման տակ։ Սակայն այս եղանակը խիստ էներգատար է, ուստի առայժմ կիրառվում է հիմնականում այն երկրներում, որտեղ էներգիան համեմատաբար էժան է, իսկ անձրևները` հազվադեպ, օրինակ` Քուվեյթում և Սաուդյան Արաբիայում։ Ծովի ջուրն աղազրկելու նպատակով կիրառում են ոչ միայն թորման, այլև սառեցման, իոնափոխանակային և այլ եղանակներ։ Այսպես` ծովի ջուրը կարելի է աղազրկել` իոնափոխանակային խեժի վրայով անցկացնելով` ըստ հետևյալ ուրվագրի.

RH + Na+ \rightarrow RNa+H+, որտեղ՝ RH – կատիոնիտ (կատիոն փոխանակող)

ROH + Cl- \rightarrow RCl + OH, որտեղ՝ ROH – անիոնիտ (անիոն փոխանակող)

H+ + OH- \rightarrow H2O

Բարձրորակ կիսաթափանց թաղանթների (մեմբրան) հայտնվելը հնարավորություն տվեց վերափոխելու քաղցրահամ ջրի ստացման արտադրաեղանակը, որում իրականացվում է օսմոսի հակառակ երևույթը (նկ. 1)։

Գրականություն[խմբագրել]

Քիմիայի 12-րդ դասարանիդասագիրք