Պսկովյան դատաստանագիրք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պսկովյան դատաստանագիրք (ռուս.՝ Псковская судная грамота), Պսկովի ֆեոդալական հանրապետության իրավական նորմերի ժողովածու։ Կազմվել է սովորութային իրավունքի, Ռուսկայա պրավդայի նորմերից, Պսկովի վեչեի, բոյարների խորհրդի որոշումներից, իշխանների հրովարտակներից։ Կարգավորել է Պսկովյան հանրապետության ֆեոդալական, հարաբերությունները XIV—XV դդ․։ Պսկովյան դատաստանագիրքը պաշտպանել է մասնավոր սեփականության, հատկապես հողի ֆեոդալական, սեփականության իրավունքը, սահմանել սեփականության իրավունքի ձևակերպման կարգը, կարգավորել առևտրաարհեստավորական, այդ թվում՝ առուծախի, գրավի, նվիրատվության, փոխառության, վարկային, վարձակալական իրավահարաբերություններ։ Պսկովյան դատաստանագիրքը տարբերում էր շարժական և անշարժ գույքը, սահմանում սեփականության ձեռքբերման նոր միջոցներ (վաղեմություն)։ Պսկովյան դատաստանագիրքը մեծ տեղ է հատկացրել պարտավորական իրավունքին, տարբերել ժառանգումն ըստ կտակի և ըստ օրենքի։ Պատիժ նախատեսվել է ինչպես անհատներին, այնպես էլ պետությանը վնաս պատճառելու համար։ Պսկովյան դատաստանագիրքը սահմանել է հանցագործությունների և պատիժների (մահապատիժ, ազատազրկում, տուգանք) կատարելագործված համակարգ։ Ապացուցման տեսակներն էին՝ ինքնախոստովանությունը, դատական մենամարտը, երդումը, իրեղեն ապացույցները։ Մենամարտի համար կողմերը կարող էին դատարանում ունենալ նաև ներկայացուցիչներ։ Որպես կանոն, դատավճիռը բողոքարկման ենթակա չէր։ Պսկովյան դատաստանագիրը Ռուսական, կենտրոնացված պետության առաջին դատաստանագրքի (1497 թ.) կարևոր աղբյուրներից էր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 409