Ոսկե ծխախոտատուփը (հեքիաթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ոսկե ծխախոտատուփը, բելառուսական ժողովրդական հեքիաթ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթը պատմում է մի փայտահատի մասին, ով ունի մի որդի, անունը` Յանկա։ Մի օր փայտահայտն ու իր կինը մահանում են։ Յանկան աշխարհում մնում է մեն մենակ։ Նա ապրում է անտառում, իր հայրական խրճիթում։ Ծնողներից նրան մնացել էր ընդամենը խրճիթը և մի կատու։ Կատուն այնքան է մտերմանում Յանկայի հետ, որ մի քայլ անգամ չի հեռանում նրանից։ Մի անգամ Յանկան և իր կատուն գնում են անտառ ցախ բերելու։ Ետդարձի ճանապարհին հոգնում են և նստում հանգստանալու։ Յանկան բացականչում է` «Օ՜խ Օ՜խ»։ Հանկարծ կոճղի տակից մի մարդուկ է դուրս գալիս և հարցնում, թե ինչու է իր անունը տալիս ու հարցնում է, թե ինչ է ցանկանում։ Յանկան հաց է ուզում, մարդուկը բերում է։ Մի քանի օր հետո Յանկան նորից սովածանում է։ Նա նորից գնում է ու կանչում ծերուկին։ Այդպես կրկնվում է ամեն օր։ Մի օր ծերուկը տղային ոսկե ծխախոտատուփ է տալիս` ասելով, որ ինքն արդեն ծեր է և ամեն անգամ չի կարողանա կոճղի տակից ուտելիք հանել։ Տղան պետք է ծխախոտատուփը դներ սեղանին և ուտելիք խնդրեր։ Հենց Յանկան գնում է տուն, տուփը դնում է սեղանին և ուտելիք խնդրում։ Անմիջապես մի մարդուկ է դուրս գալիս, որն ավելի երիտասարդ էր։

Որոշ ժամանակ անց Յանկան որոշում է անտառից դուրս գալ, քանի որ նա ամբողջ կյանքն ապրել էր անտառում։ Իր հետ վերցնում է Կատվին ու ծխախոտատուփը և ճանապարհ ընկնում։ Գնում է, գնում և վերջապես հասնում է մի ծովի։ Ծովի ափին տեսնում է մի Արծաթե ձկնիկ։ Ձկնիկը թպրտում է, թպրտում, բայց չի կարողանում ափից ջուրն ընկնել։ Յանկան ձկնիկին գցում է ջուրը։ Արծաթե ձկնիկը շնորհակալություն է հայտնում Յանկայից և ասում է, որ մի օր ինքն էլ կօգնի նրան։

Յանկան շարունակում է իր ճանապարհը։ Ճանապարհին նա տեսնում է մի մկան բույն, որտեղից էլ դուրս էլ գալիս մի փոքրիկ մուկ։ Յանկայի կատուն ուզում է ուտել մկնիկին։ Բայց Յանկան մկնիկին վերցնում է և դնում իր գրպանում։ Նա իր ծխախոտատուփից հաց է խնդրում և կերակրում է մկնիկին։ Անտառում նա մի դղյակ է տեսնում, սակայն այնտեղ չի մտնում այլ մտնում է մի ձկնորսական փոքրիկ խրճիթ ու այնտեղ տեսնում է մի ձկնորսի։ Վերջինիս հարցնում է ճանապարհին հանդիպած շքեղ դղյակի մասին։ Ձկնորսն պատմում է, որ այնտեղ թագավորն է ապրում, որտեղ հիմա դժբախտություն է։ Գիշերը ծովային վիշապն եկել է և թագավորի աղջկան փախցրել մի կախարդական կղզի, որտեղ ոչ կարելի է գնալ, ոչ էլ լողալ։ Յանկան մտածում է, որ ինքն կարող է փրկել թագավորի աղջկան և գնում է թագավորի դղյակ, որպեսզի խոսի թագավորի հետ[1]։ Յանկան գրպանից հանում է ոսկե ծխախոտատուփը և փոքրիկ մարդուկին խնդրում է, որ դեպի կախարդական կղզի տանող ճանապարհին կամուրջ կառուցի և կամրջի վրա վեցձիանոց կառք դնի։ Լուսաբացին ամեն ինչ պատրաստ է լինում։ Յանկան նստում է կառքը և գնում է թագավորի աղջկա հետևից։ Նա հասնում է կղզի, մի մութ դղյակ է տեսնում կղզու վրա, պատուհանից դուրս էր նայում մի սիրունիկ աղջիկ։ Աղջիկը տեսնում է տղային և շատ է զարմանում։ Աղջիկն ուզում է դուրս գալ, սակայն վիշապը հսկում էր դռան մոտ։ Աղջիկը թռչում է պատուհանից ուղիղ Յանկայի գիրկը։ Թագավորն իր խոստման համաձայն ասում է, որ նրանք կամուսնանան։ Աղջիկը պահանջ է դնում, որ իրենք պիտի գնան և ապրեն վիշապի դղյակում, և խնդրում է, որ կամուրջը չքանդի, որպեսզի կարողանան գնալ թագավորի պալատ և հետ դառնան։ Մի անգամ էլ Յանկան որսի գնալիս վերցնեւմ է Կատվին ու Մկնիկին։ Հենց Յանկան անցնում է, կամուրջը իսկույն քանդվում է։ Յանկան տեսնում է, որ կորցրել է Ոսկե Ծխախոտատուփը։ Կատուն ու մկնիկը որոշում են օգնել տղային։ Նրանք գտնում են այն թագավորի աղջկա մոտ և վերադարձնում են։ Նրանց օգնում է նաև Արծաթ ձկնիկը, և Յանկան, մկնիկն ու կատուն շարունակում են իրենց ճամփորդությունն աշխարհում[2]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յանկա
  • Բարի ծերուկ
  • Թագավոր
  • Վիշապ
  • Կատու
  • Մկնիկ
  • Արծաթե ձկնիկ
  • Թագավորի աղջիկ
  • Թագուհի

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ մշակումներում հեքիաթի գլխավոր հերոսի անունը նշվում է ոչ թե Յանկա, այլ` Ջեկ, հեքիաթի սյուժեն զարգանում է այլ կերպ, սակայն հիմնական ասելիքն ու կերպարները նույնն են[3](ռուս.):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հեքիաթների մոլորակ, Բելառուսական Ժողովրդական, Հեքիաթներ, ընտրանի ութերորդ էջ 32
  2. Նույն տեղում, էջ 42
  3. Джек и золотая табакерка

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]