Շաքիլներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկշաքիլավոր բույս (Mimosa pudica)

Շաքիլներ (լատին․՝ Cotyledones), սերմնավոր բույսերի սաղմի դեռևս չտարբերակված մարմնի վրա ձևավորվող առաջին տերևները։ Շաքիլները ձևով, կազմությամբ, երբեմն նաև ֆունկցիայով հաճախ տարբերվում են ընձյուղի աճման կոնի վրա հետագայում առաջացող տերևներից։ Մերկասերմերն ունեն 2-ից մինչև 15, երկշաքիլները՝ 2, միաշաքիլների մեծամասնությունը՝ 1 շաքիլ։ Երկշաքիլ բույսերի (օրինակ, լոբու) վերերկրյա ծլման ժամանակ շաքիլները դուրս են գալիս հողից, կանաչում և որոշ ժամանակ տերևների դեր կատարում։ Որոշ բույսերի (օրինակ, դդմազգիների, ընդավորների) շաքիլները հաճախ պարունակում են պահեստային սննդանյութեր։ Ոլոռի, կաղնու, ընկուզենու սերմերը ծլելիս շաքիլները մնում են սերմում և սննդանյութերի սպառման հետ չորանում։ Բազմաթիվ միաշաքիլ բույսերի սերմերը ծլելիս շաքիլների հեշտոցային մասը դուրս է գալիս սերմից, իսկ վերին մասը որոշ ժամանակ մնում է էնդոսպերմում և ներծծող օրգանի ֆունկցիա կատարում։ Նույն դերն է կատարում նաև հացաբույսերի սերմերում մնացող և շատ բուսաբանների կողմից շաքիլ համարվող վահանիկը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 474