Նիդերլանդական բուրժուական հեղափոխություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նիդերլանդական բուրժուական հեղափոխություն, XVI դ․, բուրժուական հեղափոխություն 1566–1609-ին պատմական Նիդերլանդներում, հակաֆեոդալական պայքարը զուգակցել է միապետական Իսպանիայի (որի տիրապետության տակ էին Նիդերլանդները) դեմ ազգային–ազատագրական պատերազմի հետ։ XVI դ․ 1-ին կեսին Նիդերլանդներում սկսել էին ձևավորվել կապիտալիստական հարաբերություններ, որոնց հետագա զարգացմանը խոչընդոտում էր իսպանական միապետական լուծը՝ հենարան ունենալով կաթոլիկ եկեղեցին։ Այդ պատճառով էլ նիդերլանդական բուրժուազիայի հեղափոխական մասի և ժողովրդական զանգվածների սոցիալ–քաղաքական պահանջները դրսևորվեցին ռեֆորմացիոն ուսմունքի՝ կալվինականության ձևով։ Միապետական ճնշումը հատկապես ուժեղացավ իսպանական թագավոր Ֆիլիպ II-ի օրոք (1556-ից), որի վարած հետադիմական քաղաքականությունն իր դեմ հանեց ժողովրդական զանգվածներին (հուզումները Ֆլանդրիայում և Բրաբանտում), բուրժուազիային և ազնվականության ընդդիմադիր խավերին՝ թագաժառանգ Վիլհելմ Օրանացու, կոմս էգմոնտի և այլոց գլխավորությամբ։ 1566-ին սկսվեց ժողովրդական ապստամբությունը, ապստամբներն ավերեցին 5500 կաթոլիկական եկեղեցի և մենաստան։ Ապստամբությունից երկյուղեցին ոչ միայն իսպանական կառավարությունը, այլև նիդերլանդական բուրժուազիան և ազնվականությունը։ 1567-ի ամռանը Նիդերլանդներ մտավ իսպանական բանակը՝ դուքս Ալբայի գլխավորությամբ, որը հաստատեց արյունալի տեռորի վարչակարգ։ Երկրում սկսվեց ժողովրդական պարտիզանական պայքար։ Վիլհելմ Օրանացին, որ մի խումբ համախոհների հետ փախել էր Գերմանիա, նույնպես պայքար սկսեց Ալբայի դեմ։ 1571-ին Ալբան մտցրեց հարկ՝ ալկաբալա (յուրաքանչյուր առևտրական գործարքից՝ 10% տուրք), դա հանգեցրեց Նիդերլանդների տնտեսության քայքայման, փակվեցին մանուֆակտուրաները, սնանկացան բանկային գրասենյակներ, մեծ թվով վարձու բանվորներ և արհեստավորներ մնացին առանց աշխատանքի։ 1572-ի գարնանը ապստամբություն սկսվեց Հյուսիսային Նիդերլանդներում։ Քաղաքային չքավորությունը, գյուղացիությունը, հեղափոխականորեն տրամադրված բուրժուազիայի գլխավորությամբ ստեղծեցին ռազմական ջոկատներ, տապալեցին իսպանական իշխանության մարմինները, գրոհեցին եկեղեցիներն ու մենաստանները։ Հյուսիսում ապստամբությունը ճնշելու իսպանացիների բոլոր փորձերն ավարտվեցին անարդյունք։ Հակաիսպանական շարժումն ուժեղացավ նաև հարավում։ 1576-ի սեպտ․ 4-ին Բրյուսելում իսպանական տիրապետությունը տապալվեց, իշխանությունն անցավ Գլխավոր շտատներին։ Ազնվականությունը և պահպանողական բուրժուազիան, զավթելով իշխանությունը Գլխավոր շտատներում, փորձեցին համաձայնության գալ իսպանացիների հետ։ Սակայն Բրյուսելի, Գենտի, Անտվերպենի և Ֆլանդրիայի ու Բրաբանտի այլ քաղաքների ժողովրդական զանգվածները 1577-ի աշնանը ապստամբեցին։ Տեղերում ստեղծվեցին հեղափոխական իշխանության մարմիններ՝ «18-ի կոմիտեներ»-ը։ Կալվինականներն ստացան հավատի ազատություն։ Ուժեղացավ գյուղացիների հակաֆեոդալական շարժումը, նրանք հրաժարվում էին ֆեոդալական հարկերը վճարելուց, զավթում էին կալվածատերերի և կաթոլիկ հոգևորականության հողերը ևն։ 1581-ին Ֆիլիպ II պաշտոնապես գահընկեց արվեց, իսկ Նիդերլանդները հայտարարվեցին Իսպանիայից անկախ։ Սակայն հեղափոխությունը սահմանափակվեց միայն հյուսիսային նահանգներով։ Իսպանացիներին հաջողվեց մինչև 1585-ը գրավել Հարավային Նիդերլանդները և շարժվել հյուսիս։ Վիլհելմ Օրանացին, որ փախել էր Հոլանդիա, 1584-ի հուլիսին սպանվեց վարձու մարդասպանի ձեռքով։ Հյուսիսային նահանգների զինված ուժերը (Մորից Օրանացու գլխավորությամբ) իսպանացիներին պարտության մատնեցին և վերագրավեցին որոշ տարածքներ։ 1609-ին Իսպանիան ստիպված ճանաչեց Միացյալ Նահանգների (հեղափոխության հետևանքով Հյուսիսային Նիդերլանդներում կազմավորված նոր պետություն) բուրժուական հանրապետության անկախությունը։

Նիդերլանդական բուրժուական հեղափոխությունը բացեց Եվրոպայում հաղթական բուրժուական հեղափոխությունների դարաշրջանը․ ստեղծվեց առաջին բուրժուական պետությունը։ Հեղափոխությունը, որ տեղի ունեցավ թույլ զարգացած կապիտալիզմի պայմաններում, հաղթեց միայն երկրի հյուսիսում, Հարավային Նիդերլանդները (ժամանակակից Բելգիայի տարածքը) մնացին իսպանացիների ձեռքին։ Ժողովրդական զանգվածները վճռական դեր խաղացին իսպանական միապետական լուծը տապալելու գործում, սակայն երկրում իշխանությունն անցավ խոշոր բուրժուազիային, որը և կարևոր նշանակություն ունեցավ երկրի հետագա ճակատագրի համար։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 277