Մուտուալիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սիմբիոզի տեսակներից մեկը՝ մուտուալիզմը, երկու կամ ավելի կենսաբանական տեսակներին պատկանող օրգանիզմների փոխհարաբերություներից է, որի դեպքում օրգանիզմներից յուրաքանչյուրը շահում է մյուսի գործունեությունից։ Ներտեսակային նման փոխհարաբերությունները կոչվում են համագործակցություն (կո-օպերացիա)։ Մուուալիզմը կարելի է հակադրել ներտեսակային պայքարին և մակաբուծությանը։

Մուտուալիզմի հայտնի օրինակ է սմբակավոր կենդանիների և նրանց աղիներում բնակվող բակտերիաների փոխհարաբերությունը, երբ բակտերիաները հեշտացնում են սմբակավորների մարսողությունը՝ արտադրելով ցելյուլազ ֆերմենտը, իսկ սմբակավոր կենդանիները մատակարարում են բակտերիաներին սննդանյութերով։ Մուտուալիզմը կարևոր դեր է խաղում էկոլոգիայում։ Օրինակ՝ մուտուալիստիկ փոխհարաբերությունները կենսական են ցամաքային էկոհամակարգի գործունեության համար, քանի որ ցամաքային բույսերի ավելի քան 48%-ը կախված է միկորիզայից /մուտուալիզմի օրինակ/, երբ սնկերը բույսերին մատակարարում են անօրգանական միացություններ։

Մարդկանց մոտ նույնպես առկա են մուտուալիստական հարաբերություններ այլ տեսակների հետ, օրինակ՝ E-coli բակտերիայի հետ, որը բնակվում է աղիքային միջավայրում և նպաստում է սննդի արդյունավետ մարսմանը։

Կան հարաբերություններ մարդկանց, ընտանի կենդանիների և բույսերի միջև որոնք կրկին կարող են համարվել մուտուալիստական, օրինակ՝ եգիպտացորենի շատ տեսակներ չեն կարող վերարտադրվել առանց մարդու միջամտության, որովհետև տերևային ծածկը չի կարող ինքնուրույն բացվել և սերմերը չեն կարող տարածվել։ Գյուղատնտեսության մեջ որոշ բույսեր մուտուալիստական կապի մեջ են, ապահովելով իրար պաշտպանությամբ և/կամ սննդանյութերով։