Մարդու և քաղաքացու իրավունքների դեկլարացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարդու և քաղաքացու իրավունքների դեկլարացիա, Ֆրանսիական հեղափոխության ծրագրային փաստաթուղթ, որը հռչակեց նրա հիմնական սկզբունքները՝ ժողովրդական գերիշխանության և մարդու անկապտելի բնական իրավունքները։ Ընդունվել է 1789 թվականի օգոստոսի 26-ին, Սահմանադիր ժողովում։ Դեկլարացիան (պարունակում էր 17 հոդված) ազդարարում էր, որ մարդու բնական և անկապտելի իրավունքներն են ազատությունը, սեփականությունը, անվտանգությունը և դիմադրություն ճնշմանը, օրենքի առաջ բոլոր քաղաքացիների հավասարությունը, անձի խղճի, խոսքի ազատությունը, հարկերի հավասարաչափ բաշխումը բոլոր քաղաքացիների միջև։ Դեկլարացիան ֆեոդալական բացարձակ միապետական կարգերի դեմ պայքարի դրոշ դարձավ ոչ միայն Ֆրանսիայում, այլն ուրիշ երկրներում։ Սակայն խոշոր բուրժուազիան դեկլարացիայի դեմոկրատական սկզբունքների մեջ մտցրեց սեփական դասակարգային սահմանափակ բովանդակությունը, որն արտահայտվեց 1791 թվականի սահմանադրությամբ նախատեսված ընտրական ցենզով, ֆրանսիական գաղութներում ստրկության պահպանմամբ։ Դեկլարացիայի դեմոկրատական սկզբունքները մասնակիորեն իրականացվեցին միապետության տապալումից (1792 թվականի օգոստոսի 10), հանրապետության հռչակումից (1792 թվականի սեպտեմբեր 22) հետո և մասնավորապես յակոբինյան դիկտատուրայի (1793 թվականի հունիսի 2-1794 թվականի հուլիսի 27/28) ժամանակ։ 1793 թվականին ընդունված մարդու և քաղաքացու իրավունքների դեկլարացիան ավելի դեմոկրատական էր (ավելացվել էին հանրագրերի, ժողովների իրավունքի, ժողովրդի իրավունքները խախտող կառավարության դեմ ապստամբելու իրավունքի են հոդվածները)։ Չնայած այդ ամենին երկրում պահպանվում էր բանվորների ու բատրակների սոցիալական իրավազրկությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 309