Մայրավանք (Սոլակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայրավանք
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և վանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Սոլակ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԿոտայքի թեմ
Հոգևոր կարգավիճակԳործող
Ներկա վիճակվերականգնված է
Կազմված էԵկեղեցի Սբ. Աստվածածին, Բնակելի և տնտեսական կառույցներ և Գերեզմանոց
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված7-14-րդ դդ.
Գմբեթ1
Քարտեզ
Քարտեզ
 Mayravanq Monastery Վիքիպահեստում

Մայրավանք, վանական համալիր Հայաստանի Կոտայքի մարզի Սոլակ գյուղից 3 կմ հս, բլրի լանջին, բացատում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եզր Ա Փառաժնակերտցի կաթողիկոսը միակամության հարցում իրեն ընդդիմած և Մայրավանք քշված Հովհան Մայրավանեցուն անարգելու նպատակով վանքն անվանել է “Մայրագոմ”, իսկ Հովհանին՝ “Մայրագոմեցի”: 451 թվականի Քաղկեդոնի ժողովից հետո Քրիստոնեական եկեղեցին պառակտվել էր և, հետևաբար թուլացել էր բյուզանդական եկեղեցու ազդեցությունը Հայ եկեղեցու վրա։ Միակամության գաղափարը ստեղծվել էր բյուզանդական կայսրերի կողմից և նրա հիմնական նպատակն էր՝ ստեղծել կամուրջ պառակտված եկեղեցիների միջև և վերականգնել կորցրած ազդեցությունը։ 633 թվականին՝ Կարինի ժողովի ժամանակ, Եզր կաթողիկոսը ստիպողաբար ընդունել էր Միակամության գաղափարը։ Բայց միակամությունը Հայաստանում չի արմատավորվել և համարվել է քաղկեդոնականություն։ Կաթողիկոսի դեմ ժամանակի հայ աստվածաբաններից միայն Հովհան Մայրավանեցին է բացահայտ հանդես եկել։

Մայրավանքը՝ որպես հանրապետական նշանակության հուշարձան, ընդգրկված է կառավարության հաստատած, Կոտայքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում և սեփականության իրավունքով հանձնված է Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն։ Մայրավանքը ներառվել է առաջիկա վերականգնման ենթակա հուշարձանների ցանկում պահպանվածության առումով առավել վտանգված և հուշարձանների տեխնիկական վիճակի մոնիթորինգի ծրագրով 2009 և 2011 թվականներին կատարված ուսումնասիրությունների արդյունքում։ 2019 թվականի սեպտեմբերից սկսվել է Եկեղեցու ամբողջական վերականգնման աշխատանքները, որը տևեց շուրջ 4 տարի։ 2023 թ. հուլիսի 22-ին եկեղեցին վերաօծվեց։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Աստվածածին եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանական համալիրի միակ եկեղեցին Սուրբ Աստվածածինն է։ Այն կառուցված է 11-րդ դարում։

Եկեղեցու շենքը դրսից գրեթե քառակուսի է (երկարություն՝ 8.4 մ, լայնություն՝ 7.13 մ)։ Պատերի հաստությունը0.8 մ։ Դրսից արևելյան պատի մեջ աբսիդը և խորաններն իրարից բաժանող միջնորմերի գծով, կան երկու անկյունաձև նիշեր[2], որոնց գագաթները զարդարված են կիսակոնաձև փորվածքների պսակով։ Արտաքին զարդաքանդակները շատ սակավ են և պարզ։ Դրանք են՝ մուտքի շրջանակ, կողքերից փոքրիկ կիսասյուներ և դրանց գագաթները միացնող ու ճակատաքարը վերևից գոտկող կիսագլան։ Արևելյան պատի վրա, ցածի խորանների կարճ և նեղ լուսամուտների գլխին պսակներ, վերին խորանների կլոր ու փոքր լուսանքների շուրջը՝ երկշարք կիսագլանաձև շրջանակներ, որոնցից հարավայինը խաչաձև է, իսկ հյուսիսայինը՝ ութանկյուն։ Գմբեթի թմբուկը միջակ բարձրության է և գլանաձև։ Միակ մուտքը արևմուտքից է՝ 1.88 մ x 1.12 մ կտրվածքով։

Ներսից եկեղեցին խաչաձև է։ Հյուսիսային և հարավային պատերին կից տեղավորված են 1.5 մետրանոց ելուստներ, որոն հաստությունը 0.77 մ է։ Ելուստների ճակատներին դրված են մեկական հաստ կիսասյուներ, գլանաձև խոյակներով։ Կիսասյուներն առնված են կիսագլանների (ճակատի անկյուններում) և անկյունաձև կտրվածքների շրջանակների մեջ։ Արևմտյան պատից մինչև ելուստ տարածությունը 1.32 մ է, իսկ ելուստից մինչև խորանի ճակատը՝ 2.47 մ։ Գմբեթը դրված է ելուստների և աբսիդի ծայրերի անկյունների վրա։ Աբսիդը խորը չէ։ Բեմը ցածր է և խորանների ճակատի գծից դուրս դրված։ Բեմի երկու կողմից, դուրս ընկած մասում, բարձրանում են երեքական նեղ աստիճաններ։ Աբսիդի երկու կողմից կան երկհարկ խորաններ։ Ցածի խորանների մուտքը 0.8 մ լայնություն ունի։ Վերին խորանների մուտքերը աբսիդի եզրերին, բեմի հատակից բարձր և նեղ են։ Ներսից պատերը սրբատաշ են, հատակը՝ սալապատ։ Լուսամուտները նեղ են ու կարճ, բացառությամբ աբսիդի արևելյան պատի մեջ, սեղանի վրա բացվածի, որը համեմատաբար ավելի լայն է ու երկար։ Չհաշված խորանների լուսանքները, եկեղեցին լույս է ստացել թվով ութ լուսամուտներից, որոնցից չորսը պատերի վերին մասում, չորսն էլ գմբեթի չորս՝ գլխավոր ճակատներին։ եկեղեցին ներսից շատ աղոտ լուսավորություն է ունեցել։

Եկեղեցին կառուցված է մոխրագույն բազալտ քարից։

Գերեզմանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարյան գերեզմանոցը գտնվում է եկեղեցու 100 մետր հարավ-արևելք, Սոլոկ գյուղ տանող արահատեի սկզբնամասում։

Արձանագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

# Պատկեր Արձանագրության գտնվելու հատված Արձանագրություն
1 Մայրավանքի վիմական արձանագրություն Եկեղեցու ներսում, արևմտյան պատի հյուսիսային մասի մեջտեղում, 6 տող
  1. Ես Յովհանէս ծառա Քի էտու զիմ հոգոյ արդիւնքն զ-
  2. որ ստա[ցեա]լ էի յարդար վաստակոց ի Սբ Ածածինս ի Տափակ
  3. մայր[ոյ] սպասաւորք սբ եկեղեցոյս խոստացան ի տարոջն
  4. Բ [պատարագ]։ Ա։ Ածածին տաւնին եւ։ Ա։ Սբ Սարգիսն որ խա-
  5. փքնէ դատի յԱյ ու իմ մեղացն պարտական է։ Ա։ մատու-
  6. ռս Յովնանիսի է Ի Թ. ՈՀԳ
2 Մայրավանքի վիմական արձանագրություն Եկեղեցու ներսում, հյուսային վերին խորանի մուտքի կողքին, ձախից նեղ շերտով, 14 տող
  1. Կամաը ամենա-
  2. կալին Այ ես Ած-
  3. ատուր ի հալալ
  4. արդեանց ստ-
  5. ացա զմին [մ]
  6. ատուռնն եկեղ-
  7. եցոյս եւ առաջ-
  8. նորդ ուխտիս Ն-
  9. երսէս եւ միաբան-
  10. քս հաստատեցին
  11. ի տարին Բ պատար-
  12. ագ զտաւն Սբ Յակ-
  13. ոբան որ չառնէ
  14. դատի յԱյ
3 Մայրավանքի վիմական արձանագրություն Դրսից, եկեղեցու արևմտյան պատի հյուսիսային եզրից, 4 տող
  1. Քս. Ած ողորմի Կոշ-
  2. ա վարդապետին Պ-
  3. ետրոսին ամեն
  4. և իւր [ծ]նողացն ամէն

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Զևոնդ Ալիշան, Այրարատ, Վենետիկ, 1892 թվական, էջ 270