Մագնիսական թաղանթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մագնիսական թաղանթ, ֆեռոմագնիսական նյութի միադոմեն հաստության (0, 01-ից մինչև 10 մկմ) շերտ։ Մտացվում է վակումային խտացման, էլեկտրաքիմիական կամ այլ եղանակներով։ Մագնիսափափուկ նյութից պատրաստված մագնիսական թաղանթում փոքրանում են համակարգի սեփական ապամագնիսացող դաշտերը, երբ թաղանթի գծային չափսերն անհամեմատ մեծ են լինում հաստությունից, բացի այդ, թաղանթում հնարավոր է ստեղծել միառանցքանի մագնիսական անիզոտրոպություն։ Այս առանձնահատկությունների շնորհիվ թաղանթն անիզոտրոպության ուղղությամբ ի հայտ է բերում հիստերեգիսի ուղղանկյուն օղակ, իսկ անիզոտրոպությանն ուղղահայաց ուղղությամբ՝ գծային օղակ։ Մագնիսական թաղանթի մեկ ուրիշ առանձնահատկությունն էլ այն է, որ կարճ իմպուլսային դաշտերի ազդեցությամբ նա վերամագնիսանում է մագնիսացման վեկտորի կոհերենտ պտույտով, որը 109 վայրկյան տևողության պրոցես է։ էլեկտրոնամանրադիտակային հետազոտման մեթոդով բարակ մագնիսական թաղանթի կառուցվածքն ուսումնասիրելիս հայտնաբերվել է, որ մագնիսացման վեկտորի ուղղությունը դոմենում կետից կետ փոխվում է և տատանումներ կատարում անիզոտրոպության ուղղության շուրջը, և որ տատանման ալիքի երկարությունը միկրոնի կարգի մեծություն է և այլն։ Այս հատկությունները բնորոշ են միայն ֆեռոմագնիսի թաղանթային վիճակին։ Ի տարբերություն ծավալային ֆեռոմագնիսների, որոնց դոմենային սահմաններում մագնիսացման վեկտորի պտույտն ուղեկցվում է նմուշին ուղղահայաց ուղղությամբ մագնիսացման վեկտորի բաղադրիչի առաջացմամբ, մագնիսական թաղանթում գոյություն ունեն սահմաններ, որոնցում պտույտը կատարվում է հարթության մեջ (Նեելի պտույտ), ինչպես նաև խառը սահմաններ՝ խաչաձև գծերով։ Վերոհիշյալ հատկությունների, ինչպես նաև փոքրածավալության, սպառման փոքր հզորության, ճառագայթակայունության շնորհիվ մագնիսական թաղանթները լայն կիրառություն են գտել հաշվողական մեքենաների հիշողության տարրերում, հոլոգրաֆիայում՝ պատկերների հոլոգրաֆիկ գրառման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 115