Հին Երևանի առողջապահություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հին Երևանի առողջապահություն, առողջապահությունը Երևանում 18-20-րդ դարերում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած այն հանգամանքին, որ 18-րդ դարում հայկական բժշկությունը եվրոպականի ազդեցությամբ և ավանդույթների հիման վրա բավական զարգացել էր՝ պարսկական տիրապետության շրջանում Երևանում չի եղել առողջապահական ոչ մի հաստատություն՝ ո՛չ հիվանդանոց և ո՛չ դեղատուն։

Բժիշկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դարի բազմաթիվ հայ բժիշկներից կարելի է հիշատակել երկուսին։ Առաջինը գրականության մեջ հիշատակվում է Հարություն անունով, մյուսը՝ Թաթուլ։ Սակայն նրանք չունեին համապատասխան բուժական հիմնարկներ և չէին կարող նվազագույն չափով կազմակերպել բնակչության բուժսպասարկումը։

Լևոն Տիգրանյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Տիգրանյանց

1880թ. ակտիվ գործունեություն է ծավալել քաղաքային բժիշկ Լևոն Տիգրանյանը։ Նրա առաջարկով Երևանում հիմնվել է առողջապահական մշտական հանձնաժողով, որը պատասխանատու էր առողջապահական պայմանների բարելավման համար։ Նրա նախաձեռնությամբ 1881թ. սկսել է հրատարակվել «Առողջապահական թերթ» ամսագիրը։ Արդյունքում 1890-ականների վերջից քաղաքի սանիտարական պայմանները զգալիորեն բարելավվեցին։

Հովհաննես Հովհաննիսյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետն ավարտած և Մոսկվայի (1889 թվական), Բեռլինի (1904 թվական), Վիեննայի և Փարիզի (1906, 1908 թվականներ) վիրաբուժական կլինիկաներում վերապատրաստված վիրաբույժ Հովհաննես Հովհաննիսյանը 1911 թ. Երևանում՝ Աստաֆյան 3 հասցեում բացել է առաջին մասնավոր վիրաբուժական հիվանդանոցը։ Այն ունեցել է 10 մահճակալ։ Գործել է երկու՝ վիրաբուժական և ակնաբուժական բաժանմունք։ Եղել է հասարակական ակտիվ գործիչ, դպրոցական բժիշկ, Կովկասյան հայկական բարեգործական ընկերության Երևանի բաժանմունքի նախագահ, քաղաքների միության Երևանի կոմիտեի բժշկական բաժնի վարիչ, Երևանի բժշկական ընկերության նախագահության անդամ։ Գրել է նաև վիրաբուժության տարբեր հարցերի վերաբերյալ աշխատություններ։

Դեղատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, հատկապես 1829-30թթ. համաճարակային հիվանդությունների ժամանակ, Կովկասի զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը տեղեկացավ, որ հայկական մարզում տեղակայված զորամասերը և դրանց աշխատողները չեն կարող դիմանալ առանց դեղատան։ Գեներալ Պասկևիչը հատուկ գրությամբ ներքին գործերի նախարարին կարողացավ համոզել Անդրկովկասի մի շարք քաղաքներում բացել զինվորական դեղատներ։ Դրանցից մեկն էլ բացվեց Երևանում՝ 1830թ. վերջին ներկայիս Դեղատան փողոցում և այդ պատճառով ստացավ Դեղատան անվանումը[1]։

Հիվանդանոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանը Ռուսաստանին միացվելուց հետո քաղաքում բացվեց զինվորական առաջին հիվանդանոցը։ Այն գտնվել է Երևանի բերդի տարածքում՝ Հուսեյն խանի նախկին հարեմի շենքում։ Այն տարեկան սպասարկել է ավելի քան 1.5 հազար զինվորականի և աշխատել մինչև 1860-ականները։ 1930-ականներին բերդի քանդվելուց հետո Երևանում հիվանդանոցն այլևս չի հիշատակվում[1]։

Ժամանակի ընթացքում Երևանում բացվեցին առողջապահական հիմնարկներ, սակայն դրանք բավական քիչ էին և ի վիճակի չէին բավարարելու բնակչության նվազագույն պահանջները։

20-րդ դարասկզբին Երևանում արդեն կային մի քանի բուժարաններ՝ քաղաքային հիվանդանոցը, ակնաբուժարանը, հոգեբուժարանը և բանտին կից հիվանդանոցը։ Դրանցից ամենախոշորը քաղաքայինն էր։ Հիվանդը բուժվելու համար ամսական վճարում էր 15 ռուբլի։ Հիվանդանոցում եղել է 12 մահճակալ, որից 7-ը տղամարդկանց բաժնում էր, 5-ը՝ կանանց։ Այս ժամանակաշրջանում քաղաքում հիշատակվում է մասնավոր 2 հիվանդանոց՝ վիրաբույժ Հովհաննիսյանի և բժիշկ Մելիքյանի բուժարանները։

Բժշկությունը Երևանում նոր զարգացման հասավ խորհրդային տարիներին[1]։

Երևանի քաղաքային հիվանդանոցի, ներկայիս՝ առաջին կլինիկական հիվանդանոցի շենքը Աբովյան 58 հասցեում Հովհաննես Հովհաննիսյանի հիվանդանոցի շենքը Տեր-Ավետիքյանների բուժարանի շենքը Աբովյան փողոցում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 571