Հեռավոր կարգ և մոտակա կարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հեռավոր կարգ և մոտակա կարգ, հեռավոր և մերձավոր կարգեր, ատոմների կամ մոլեկուլների փոխդասավորության կարգավորվածությունը պինդ մարմիններում և հեղուկներում։ Միջատոմային հեռավորությունների հետ համեմատելի տարածությունում կարգավորվածությունը՝ կոչվում է մոտակա կարգ, իսկ անհամեմատ մեծ հեռավորությունների վրա կրկնվող կարգավորվածությունը՝ հեռավոր կարգ։ Իդեալական գազում ատոմի դիրքը տարածության որևէ կետում կախված չէ մյուս ատոմների դիրքից, այսինքն՝ իդեալական գազում բացակայում են հեռավոր կարգը և մոտակա կարգը։ Սակայն հեղուկներում և ամորֆ մարմիններում արդեն գոյություն ունի հարևան ատոմների դասավորության որոշակի օրինաչափություն՝ մոտակա կարգ։ Մեծ հեռավորությունների վրա կարգը խախտվում և աստիճանաբար վերածվում է «անկարգության», այսինքն՝ հեղուկներում և ամորֆ մարմիններում հեռավոր կարգ չկա։ Բյուրեղներում ատոմները դասավորված են կանոնավոր շարքերով, տարածական ցանցերով, ընդ որում ատոմների փոխադարձ կանոնավոր դասավորությունը կրկնվում է ցանկացած հեռավորության վրա, այսինքն գոյություն ունեն հեռավոր կարգեր և մոտակա կարգեր։ Հեռավոր կարգի հիմնական հատկանիշներն են մասնիկների դասավորության որոշակի օրինաչափությունը և սիմետրիան։ Հեռավոր կարգի և մոտակա կարգի առկայությունը պայմանավորված է մասնիկների փոխազդեցությամբ։ Հեռավոր կարգ և մոտակա կարգ հասկացությունը կարևոր է համաձուլվածքների տեսության համար։ Այն բնութագրում է համաձուլվածքի կարգավորվածության աստիճանը։ Օրինակ, երկու բաղադրիչներից կազմված համաձուլվածքում լրիվ կարգավորվածության դեպքում երկու տեսակի ատոմները հաջորդում են միմյանց, այսինքն յուրաքանչյուր ատոմ շրջապատված է մյուս տեսակի ատոմներով։ Սակայն լրիվ կարգավորված վիճակ հնարավոր է միայն բացարձակ զրո ջերմաստիճանում, որովհետև ջերմային շարժումը խախտում է կարգը։ Ջերմային և մեխանիկական մշակումից կախված՝ կարելի է հասնել համաձուլվածքի կարգավորվածության տարբեր աստիճանի (ընդ որում, փոփոխվում են նաև համաձուլվածքի ֆիզիկական հատկությունները)։ Հեռավոր կարգ և մոտակա կարգ գոյություն ունեն ոչ միայն մասնիկների փոխդասավորության մեջ (կոորդինացիոն կարգ)։ Օրինակ, ոչ սիմետրիկ մոլեկուլներից բաղկացած հեղուկում մոտակա կարգ (իսկ հեղուկ բյուրեղներում՝ հեռավոր կարգ) գոյություն ունի մոլեկուլների կողմնորոշման մեջ (կողմնորոշման կարգ)։ Ֆեռոմագնիսներում և հակաֆեռոմագնիսներում հեռավոր կարգերը և մոտակա կարգերը գոյություն ունեն մագնիսական մոմենտների կողմնորոշման մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 361