Հարակրկնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարակրկնություն, Անաֆոր (հին հունարեն՝ ἀναφορά - վեր հանել), գեղարվեստական խոսքի արտահայտչական միջոց՝ ոճաբանական ֆիգուրներից մեկը[1]։

Չափածո խոսքում հարակրկնությունը հարևան տողերի կամ տների սկզբում միևնույն բառերի, արտահայտությունների կամ շարահյուսական նույն կառուցվածքի կրկնությունն է։ Նրա միջոցով ընդգծվում է կրկնվող բառերի իմաստը, խոսքը դառնում է ավելի ռիթմիկ ու երաժշտական։ Արձակում հարակրկնությունը հանդես է գալիս հարևան նախադասությունների կամ պարբերությունների սկզբում։ Հարակրկնությունները լինում են մի քանի տեսակ։

Հնչյունային հարակրկնություն։

Արյունաքամ - մայր է մտնում հազարամյա արևը հին,
Արյունավառ ժպտում է մեզ այս աշխարհը իրիկնային:
(Ե. Չարենց)

Բառային հարակրկնություն։

Գոտեպնդվեցե՛ք ատելությամբ վառ,
Գոտեպնդվեցե՛ք անձնազոհ կամքով,
Գոտեպնդվեցե՛ք ահեղ վրեժով...
Դեպի ռազմի դաշտ, դեպ հերոսացում,
Դեպի ռազմի դաշտ, սուրբ դրոշի տակ,
Դեպի բարձունքը մահի ու փառքի...
(Ավ. Իսահակյան)

Շարահյուսական հարակրկնություն։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարուն, ամեն տեղ նոր կյանք ես վառել,
Իմ սրտումն էլ ես թևերդ փռել,
Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր:
(Վ. Տերյան)

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1980)։ Գրականագիտական բառարան։ Երևան: «Լույս», էջ 181-182։