Համազասպ Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համազասպ Հակոբի Խաչատրյան (հուլիսի 15, 1952, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 04 դեկտեմբեր, 2022, Գյումրի, Հայաստան), հայ հնագետ, պատմաբան, հասարակական գործիչ, գիտնական։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համազասպ Խաչատրյանը ծնվել է 1952 թվականի հուլիսի 15-ին՝ Լենինականում (ներկայիս Գյումրի քաղաքում)։

1959-1969 թվականներին սովորել և ավարտել է Լենինականի թիվ 19 միջնակարգ դպրոցը։

1971-1972 թվականներին սովորել է Լենինականի Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում։

1972-1976 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Խ. Աբովյանի Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմա-աշխարհագրական ֆակուլտետի պատմա-հասարակագիտական բաժինը։

1976-1977թվականներին աշխատել է Դիլիջանի թիվ 3 միջնակարգ դպրոցում որպես պատմության ուսուցիչ։

1977-1978 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։

1978-1979 թվականներին աշխատել է Լենինականի թեթև արդյունաբերական տեխնիկումում որպես ուսուցիչ։

1980-1986 թվականներին աշխատել է ՆԳ Լենինականի վարչության անչափահասության գործերի տեսչությունում, որպես տեսուչ։

1987-2017թվականներին Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն։

1988 թվականին մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների է մասնակցել ԽՍՀՄ կուլտուրայի մինիստրության համամիութենական ինստիտուտում։

1997-2022 թվականներին համատեղությամբ աշխատել է ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնում՝ սկզբում որպես գիտքարտուղար, ապա ավագ գիտաշխատող։ ՀՀ ԳԱԱ ՇՀՀ կենտրոնի համահիմնադիրներից և գիտխորհրդի անդամ է։

2017-2019 թվականներին աշատել է Շիրակի երկրագիտական թանգարանում որպես գիտաշխատող։

2020-2022 թվականներին աշխատել է Շիրակի երկրագիտական թանգարանում որպես գլխավոր ֆոնդապահ։

Մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականից մինչև 2022 թվականը կազմակերպել և ղեկավարել է Շիրակի երկրագիտական թանգարանի հնագիտական արշավախումբը, որի արդյունքում Շիրակի մարզում հայտնաբերվել են 30-ից ավելի հնագիտական հուշարձաններ։ Նրա կազմակերպած արշավախմբերի աշխատանքի արդյունքն են Շիրակի կուրարաքսյան մշակույթի դամբարանների պեղումները, Ախուրյանի ավազանի միջնադարյան ամրաշինական կառույցների ուսումնասիրությունը, Հայկավան, Շիրակավանի, Ջրափիի, Ջրաձորի,Ղազանչիի, Մայիսյանի, Կապսի, Հացիկի, Սեպասարի, Առափիի, Դրասխանակերտի, Հայկաձորի, Բենիամինի և շիրակյան այլ հնագիտական հուշարձանների պեղումների արդյունքում հայտնաբերված ու մշակված մեծարժեք գտածոները, որոնք իրենց արաժանի տեղն են զբաղեցնում հայոց բազմահազարամյա պատմության ու մշակութային ժառանգության անդաստանում։

1994 թվականին նախաձեռնել և իրականացրել է Շիրակի պատմամշակութային ժառանգությանը նվիրված հանրապետական 1-ին և 2-րդ գիտաժողովները։ Նախաձեռնել և գործուն մասնակցություն է ունեցել ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն ի ստեղծմանը։

1996 թվականին Ֆրանսիայի Նանտ քաղաքում նախաձեռնել է «Հին Հայաստանի գանձերը, ակունքներից մինչև քրիստոնեություն» խոշոր ցուցահանդեսը։

1997 թվականին Ֆրանսիայի Լիոն քաղաքում նախաձեռնել է «Հին Հայաստանի գանձերը, ակունքներից մինչև քրիստոնեություն» խոշոր ցուցահանդեսը։

1998-2002 թվականներին մասնակցել է հայ-ֆրանսիական համատեղ հնագիտական արշավախմբի աշխատանքներին Բենիամինում, Լուսակերտում և Արզնիում։

2004-2012 թվականներին եղել է Հայկաձորի հնագիտական արշավախմբի ղեկավար։

2004-2019 թվականների մասնակցել է Մեծ Սեպասարի հնագիտական արշավախմբի աշխատանքներին, իսկ 2020 թվականից մինչև 2022 թվականը ղեկավարել է այն։

2007 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Ֆրանսիայի Սենտ Ռաֆայել քաղաքում կազմակերպել է «Հայաստանի լեռներում՝ 500 000 տարվա պատմություն» մեծ ցուցահանդեսը։

2007 թվականի ապրիլ-հուլիս ամիսներին Ֆրանսիայի Ռուան քաղաքում կազմակերպել է ցուցահանդես, ուր ներկայացված է եղել ստորին քարի դարից մինչեւ քրիստոնեություն ժամանակաշրջանների Շիրակի նյութական և հոգևոր մշակույթը։

2007-2014 թվականներին ֆրանսիացի հայտնի գիտնական, հայագետ Ժան Պիեռ Մահեի հետ ղեկավարել է Շիրակի երկրագիտական թանգարանի և Անիի ֆրանսիական հնագիտական համատեղ արշավախմբի աշխատանքները Շիրակում։

2009-2012 թվականներին եղել է Ֆրանսիայի Էքսան Պրովանսի համալսարանի, Շիրակի երկրագիտական թանգարանի, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի համատեղ հնագիտական արշավախմբի ղեկավար։

2010 թվականից մինչև 2022թվականը Գերմանիայի դաշնային հանրապետության Հարավային Սաքսոնիայի հուշարձանների պահպանության և հնագիտական ծառայության, Հալլեի Մարտին Լյութեր համալսարանի և Շիրակի երկրագիտական թանգարանի համատեղ հնագիտական արշավախմբի ղեկավար։

1987-2017թթ. թանգարանի ղեկավարման տարիներին հիմնական ֆոնդի ցուցանմուշների թվաքանակը 8157-ից հասցվել է 23115-ի։ Ակադեմիական լրջախոհ գիտնական Համազասպ Խաչատրյանի ջանքերի շնորհիվ ոչ միայն հայկական, այլ նաև եվրոպական գիտական շրջանակներին հասանելի դարձան հայ ժողովրդի հարուստ մշակութային արժեքները և պատահական չէր, որ բազմաթիվ արտերկրյա նշանավոր գիտական կենտրոնների ներկայացուցիչներ և արշավախմբեր անմիջական մասնակցություն ունեցան Շիրակի հնագիտական ուսումնասիրության գործին։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային բազմաթիվ գիտաժողովներում հանդես է եկել գիտական զեկույցներով, մշակել է զեկուցումների հիմնադրույթներ։ Հեղինակ է շուրջ 70 գիտական հոդվածների, որոնց զգալի մաս հրատարակվել է արտասահմանյան հայտնի գիտական ամսագրերում։ Ունի հրատարակած մեկ մենագրություն։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համազասպ Խաչատրյանի գիտական վաստակը նշանակալի ներդրում է ունեցել ինչպես հայոց հնագույն մշակութային ժառանգության ուսումնասիրության գործում, այնպես էլ համաշխարհային հնագիտության մեջ ինչի համար արժանացել է մի քանի տասնյակից ավել պատվոգրերի ու շնորհակալագրերի ոչ միայն ՀՀ, այնպես էլ միջազգային գիտական կառույցների կողմից։ Իր ազգանվեր գործունեության համար Համազասպ Խաչատրյանը ՀՀ Նախագահի հրամանագրով 2011 թ․ պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով։

  1. http://www.shirakcenter.sci.am/03_08_h.khachatryan.html Արխիվացված 2023-02-26 Wayback Machine
  2. https://news.am/arm/news/733375.html
  3. Մովսես Խորենացու մեդալակիրների ցանկ
  4. https://arar.sci.am//dlibra/metadatasearch?action=AdvancedSearchAction&type=-3&val1=Creator:%22%D5%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%A6%D5%A1%D5%BD%D5%BA+%D4%BD%D5%A1%D5%B9%D5%A1%D5%BF%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%22 https://www.academia.edu/4383298/Die_bewehrte_Ebene_Grabungen_in_Azatan
  5. https://shs.hal.science/halshs-00941810/
  6. https://www.dossiers-archeologie.com/recherche-auteur/khachatryan-hamazasp.8521.1.php
  7. https://orcid.org/0000-0001-8942-267X

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]