Կեսարիայի վերաշինական միավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կեսարիայի վերաշինական միավորում
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր ԱՄՆ
Հիմնադրվածհունվարի 8, 1905

Կեսարիայի վերաշինական միավորում, հայրենակցական միություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1905 թվականի հունվարի 8-ին, Նյու Յորքում՝ Աբրահամ Կյուրյունլյանի, Արմենակ Մեծյանի, Ավետիս Մերտինյանի և ուրիշների նախաձեռնությամբ։ Մասնաճյուղեր ունի Ֆրանսիայում, Միրիայում, Լիբանանում և այլուր։ Մինչև 1929 թվականը կոչվել է «Կեսարիո աղքատախնամ ընկերություն», ապա «Կեսարիայի վերաշինական միություն»՝ նպատակ ունենալով առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կորցրած Կեսարիայի փոխարեն Խորհրդային Հայաստանում հիմնադրել համանուն բնակավայր և այնտեղ փոխադրել տարբեր երկրներում ապաստանած կեսարացիներին։

Խորհրդային Հայաստանի կառավարությունը, ընդառաջելով կեսարացիների խնդրանքին, 1934 թվականի հուլիսի 12-ին որոշում ընդունեց Նոր Կեսարիա ավանի հիմնադրման մասին։ 1934 թվականի նոյեմբերից միությունը հրատարակել է «Նոր Կեսարիա» ամսագիրը (խմբագիր՝ Արշավիր Քաղցրունի, լույս է տեսել մինչև 1937 թվականը), որի էջերում կեսարահայերին կոչ է արվել համախմբվել կառուցվելիք Նոր Կեսարիայում։

1935 թվականի հունվարին կեսարիայի վերաշինական միավորումը և ֆենեսեցիների «Ռուբինյան ուսումնասիրաց ընկերությունը» կազմեցին «Նոր Կեսարիայի համագործակցական միություն»-ը, որի կանոնադրության մեջ նշվեց.

Միությանս նպատակն է շինել Խորհրդային Հայաստանի մեջ արդեն հիմնարկված Նոր Կեսարիան և հոն համախմբել միությանս անդամակցող քաղաքների ու գյուղերի տեղացի ժողովուրդը։

Համագործակցական միության անդամ կազմակերպություններ դարձան նաև Թոմարզայի, էվերեկի, էֆքերեի, Պելեկեսիի, Թաշխանի հայրենակցական միությունները։

Խորհրդային Հայաստանի քարտեզի վրա 1969 թվականի հունվարին երևաց Նոր Կեսարիա անունը, երբ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի հրամանագրով Հոկտեմբերյանի շրջանի խորդենու արտադրության պետական տնտեսության քաղաքատիպ ավանը անվանակոչվեց Նոր Կեսարիա (ավանի փողոցները կոչվեցին Արգեոս լեռան և Թոմարզա, էվերեկ, Թալաս բնակավայրերի անուններով)։ Կեսարիայի վերաշինական միավորումը (կենտրոնական վարչության ատենապետ՝ Հարություն Հազարյան, քարտուղար՝ Արամ Բագրատունի) սերտ կապերի մեջ է Նոր Կեսարիայի հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 387